Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարում ոչ մի լավ բան չի՞ եղել

Հունիս 10,2022 10:00

«Կովկասյան բարոմետր 2021/2022» հերթական սոցիոլոգիական հարցումն առանձնապես անսպասելի բացահայտումներ չի պարունակում՝ կարծում եմ, այն ընդհանուր առմամբ, արտացոլում է անվստահության, ապատիայի, դժգոհության մթնոլորտը: Հավանաբար, դրա ցուցիչներից մեկն է նախորդ 30 տարիների հանդեպ մարդկանց վերաբերմունքը: Դրան առնչվող հարցը բաժանված է 4 մասի՝ ըստ Հայաստանի 4 ղեկավարների ժամանակաշրջանների: Ըստ հարցվածների հարաբերական մեծամասնության՝ այս 4 ժամանակահատվածներից ոչ մեկում ոչ մի նվաճում չի արձանագրվել. այդպես է կարծում, համապատասխանաբար, 36, 39, 54 եւ 39 տոկոսը: «Նվաճումների բացակայությունն» ամենաշատը նշվում է Սերժ Սարգսյանի օրոք (54%), բայց մյուս դեպքերում նույնպես «նվաճումներն» ավելի ցածր տոկոս են ստացել, քան դրանց բացակայությունը: Այսպես՝ ո՛չ «Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակը» (Տեր-Պետրոսյանի օրոք), ո՛չ էլ, ասենք, «տնտեսական զարգացումը» (Քոչարյանի օրոք) ավելի շատ ձայն չեն հավաքել, քան «ոչ մի նվաճում» կետը:

Դա կարող է նշանակել երկու բան. կա՛մ այս 30 տարիների ընթացքում բոլոր իշխանությունները ծայրահեղ անհաջող քաղաքականություն էին վարում, կա՛մ էլ մենք պարզապես չենք կարողանում գնահատել այն դրականը, որը կար Երրորդ հանրապետության պատմության մեջ: Հետաքրքիր կլիներ այդ առումով մեր հասարակության ընկալումները համեմատել թե՛ հարեւան, թե՛ զարգացած պետությունների հետ: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ պատկերն այս աստիճանի հոռետեսական չի լինի:

Վստահության առումով հայաստանցիների համար անվիճելի առաջնորդ է շարունակում մնալ մարդու իրավունքների պաշտպանը (խոսքն, ըստ ամենայնի, Արման Թաթոյանի մասին է), եւ նույնքան անվիճելի է մեր քաղաքացիների խորն անվստահությունը լրատվամիջոցների հանդեպ:  Այստեղ էլ մոտավորապես նույնը կարող ենք արձանագրել. մի կողմից մեզ, ինչպես ասում են, «հասնում է»՝ ԶԼՄ-ները հաճախ այնպիսի բաներ են անում, որ պարզապես ապշում ես: Մյուս կողմից՝ ինձ հաճախ թվում է, որ իշխանական եւ ընդդիմադիր շրջանակները նպատակաուղղված քարոզչություն են իրականացնում՝ թացն ու չորը դիտմամբ խառնելով. «դրանց սաղ գրածները սուտ են», «սաղ լրագրողները ծախված են» եւ այլն: Այդ անհավատության, հեղինակությունների բացակայության պայմաններում ավելի հեշտ է տանել սեփական կացնային քարոզչությունը եւ իրար դեմ լարել հասարակության տարբեր մասերին:

Առանձին արժե անդրադառնալ արցախյան խնդրի հանդեպ մեր հասարակության վերաբերմունքին: Բայց դա այլ խոսակցության թեմա է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Զարգանալու համար պետք են ոչ թե համաչափ գծային փոփոխություններ’ մտավոր, հոգեւոր կամ ֆիզիկական ուժերի ծախսերը, այլ ոչ գծային’ արագացում նախատեսող փոփոխություններ, միայն արագացման պայմաններում են ի հայտ գալիս մարդու ստեղծագործ արարչագործ գերբնական շնորհքը: Երեխաների մոտ դա բնական գործընթաց է, որովհետեւ նրանց բնական աճը ոչ գծային է, դրա համար էլ անկախ իրենցից հանճարեղ են: Մյուս կողմից, զարգացման համար պետք է նաեւ ճիշտ արագացում ապրող ակտիվ հանգիստը, երբ ասենք մտավոր աշխատանքը ժամանակավորապես փոխարինում ես ֆիզիկական կամ հոգեւոր աշխատանքով, որը կբերի ծախսված մտավոր ուժերի արդյունավետ վերականգմանը: Սովետը քանդող պերեստրոյկան ու ուսկարենիան իրականում ճիշտ գաղափարներ էին, բայց դրա լրիվ հակառակն իրականացվեց եւ այդ գաղափարները երկար տարիներ մնացին վարկաբեկված: Նույն ձեւով էլ նախկինում վարկաբեկվեցին ասենք արիականության եւ հավերժության կեռ խաչի ճիշտ գաղափարները, որոնք այսօր համարյա տաբու են համարվում: Կարճ ասած, ապագայի պլաններ մշակելիս իմաստ ունեն միայն համաչափ արագացմանը համապատասխան զարգացման պլանները, որոնք մի թեթեւ ավելին են, քան մարդու գիտակցված հնարավորությունները եւ նույնքան էլ կարեւոր է արագացված ակտիվ հանգիստը: Վերականգնենք ճիշտ գաղափարների բարի համբավը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930