Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենալուրջ խնդիրը՝ երկրում խաղաղության պակասն է, ՀՀ նախագահին ընդհանրապես չի վստահում 40,3 %-ը, 56 %-ն էլ նշել է՝ հեղափոխությունից սպասելիքները բոլորովին չեն արդարացվել

Հունիս 06,2022 23:45

Ո՞րն է ներկա պահին Հայաստանի առաջ ծառացած ամենալուրջ խնդիրը, այս հարցին մեր բնակչության  41 տոկոսը նշել է՝ երկրում խաղաղության պակասը, 18 տոկոսն էլ՝ պետական սահմանները, սահմանազատում, սահմանագծումը, 8 տոկոսն ասել է՝ չլուծված տարածքային հակամարտությունները: 2019 թվականին, սակայն, այս նույն հարցին, որպես ամենալուրջ խնդիր, մեր քաղաքացիները պատասխանել են՝ գործազրկությունը: Նույնը՝ 2012-ին: Թե՛ 2012-ին, եւ թե՛ 2019-ին երկրորդ ամենալուրջ խնդիրներից համարել են աղքատությունը: Այս մասին տեղեկանում ենք Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի «Կովկասյան բարոմետր» 2021 թվականի հետազոտությունից։ Այն անցկացվել է 1648 հարցվող չափահաս բնակչության շրջանում, որն այսօր ներկայացրեց ՀՌԿԿ-ի հետազոտություններ գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանը:

Ուշագրավ է, որ 2012-ին պատասխանելով վերոնշյալ հարցին, քաղաքացիները որեւէ կետով չեն նշել երկրում խաղաղության պակասի հանգամանքը եւ միայն 2019-ին, ըստ հետազոտության արդյունքների, սա կարեւորվել է: Եթե 2021-ին այս հարցն առաջին հորիզոնականում է եղել, 2019-ին՝ չորրորդ՝ գործազրկությունից, աղքատությունից, չլուծված տարածքային կոնֆլիկտներից հետո:
Ի դեպ, 2021-ին հարցվածները ամենավերջին տեղում են դրել աղքատության խնդիրը: 2019 թվականին մեր բնակչության 5 տոկոսը կարեւոր խնդիր է համարել բուժծառայությունների անմատչելիությունը:

Հարցին՝ ինչպիսի՞ սպասելիքներ ունեիք 2018 թվականի հեղափոխությունից, հարցվածների 11 տոկոսը նշել է, որ ոչ մի սպասելիք չունի, 7 տոկոսն ասել է, որ սպասելիքները բացասական են եղել, բնակչության 82 տոկոսն էլ նշել է՝ դրական: Հարցին էլ, որքանո՞վ են արդարացվել հեղափոխության հետ կապված սպասելիքները, 2021-ին այս հարցին բնակչության 56 տոկոսը պատասխանել է  որ քիչ են արդարացվել կամ բոլորովին չեն արդարացվել, իսկ 44 տոկոսը հայտնել, որ լիովին կամ մասամբ արդարացվել են: Համեմատության համար նշենք, որ այս նույն հարցին 2019 թվականին 76 տոկոսն էր նշել՝ լիովին կամ մասամբ արդարացվել են եւ միայն 24 տոկոսը՝ քիչ են արդարացվել կամ բոլորովին չեն արդարացվել:

Որքանո՞վ է Հայաստանն այսօր ժողովրդավարական հարցին, բնակչության 22 տոկոսն ասել ՝ բնավ ժողովրդավարական չէ, 46 տոկոսն էլ կարծիք հայտնել, որ ժողովրդավարական է, բայց մեծ խնդիրներով: Իսկ 22 տոկոսը պատասխանելով այս հարցին ասել է, որ ժողովրդավարական է, բայց աննշան խնդիրներով: 10 տոկոսը՝  պատասխանել՝ լիովին ժողովրդավարական է:

Թե որքանով են վստահում ոստիկանությանը, բնակչության 49,6 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի վստահում, եւ միայն 6,1 տոկոսն է ասել, որ լիովին վստահում է, իսկ 14,5 տոկոսը նշել է, որ ավելի շուտ վստահում է: Նույն հարցը տրվել է նաեւ առողջապահական համակարգի համար: Քաղաքացիների 27,6 տոկոսը հայտնել է, որ ընդհանրապես չի վստահում, իսկ 13,8 տոկոսը նշել, որ լիովին վստահում է, 29,6 տոկոսը հայտնել, որ ավելի շուտ վստահում են:

Երկրի նախագահին էլ լիովին վստահում է բնակչության 11,9 տոկոսը, ավելի շուտ վստահում է 20,2 տոկոսը եւ ընդհանրապես չի վստահում 40,3 տոկոսը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930