Լավրովի այցը, Ֆրանսիայի հրապարակի դատարկվելն ու ՀՀ տարածքում ռուսական ներկայության մեծացման մասին տեղեկատվական արտահոսքը
Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության այս կամ այն գործողությունը քննադատելը չպետք է լինի ինքնանպատակ, եւ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է ունակ լինեն լսելու առողջ քննադատություն: Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում ընթացող գործընթացների միջեւ կապեր տեսնելը, ընկալելը օգնում է հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում ու ինչպես է կատարվում: Այդքանն ընկալելու համար բոլորովին էլ պարտադիր չէ «ներքին աղբյուրներ» ունենալ, որովհետեւ երբեմն «ներքին աղբյուրների» միջոցով է շատ բան մանիպուլացվում, ուղղորդված քարոզչություն է տարվում, եւ պարզվում է՝ երեւացող գործընթացները իրական խորքային զարգացումների հետ որեւէ առնչություն չունեն:
Վերջին մի քանի օրերին Հայաստանում գործընթացներ ծավալվեցին, որոնց այսպես ասած՝ ավարտը Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու ու հրապարակն ազատելու որոշումն էր: Լինենք անկեղծ, եթե քաղաքական ուժը հռչակում է նպատակներ, հրապարակից կոչեր ու հայտարարություններ է անում, դա դեռ չի նշանակում, որ այդ ուժը պատկերացում ունի, թե ինչպես է իր հռչակած նպատակներին հասնելու: Եվ Երեւանի կենտրոնում որեւէ փողոցի փակ կամ բաց լինելով, ու վրանների առկայությամբ, կամ բացակայությամբ չէ այդ պայքարը դառնալու «վճռական»:
Խնդիրը այլ տեղ է: «Վճռական» պայքար էր ազդարարվել, նշանակում է՝ քաղաքական ուժը պետք է ունենար գործողությունների ծրագիր, որը ուրվագծում է այս կամ այն ելքի դեպքում իր պատասխան քայլը: Իսկ ելքերը կարող են լինել տարբեր՝ կանխատեսելի, եւ ոչ կանխատեսելի, հետեւաբար, ի սկզբանե պայքարը կնքել «վճռական», առավելեւս անընդմեջ օրացույցային ժամկետների հրապարակմամբ հույսեր արթնացնել քեզ հավատացող ժողովրդին, թե՝ «քիչ մնաց մինչեւ վերջնական հաղթանակ», ու հանկարծ ինչ-որ փուլում հայտարարել, որ այս փուլն ավարտված է, պետք է փոխել մարտավարությունը, նշանակում է այդ քաղաքական ուժն ունեցել է այլ ակնկալիքներ, որոնք չեն բավարարվել եւ այդ ակնկալիքների բացակայության պայմաններում նա չի պատկերացնում իր հետագա անելիքը: Այսինքն, ժողովրդին կանչում ես փողոց, մարդկանց մի մասը՝ լիովին ազնիվ մղումներով, մյուս մասը՝ շահադիտական նկատառումներից ելնելով, դուրս են գալիս փողոց, դու նրանց օգտագործում ես, որպեսզի ինչ-որ մեկին ապացուցես, որ դու կարող ես, բայց պարզվում է՝ այդ ինչ-որ մեկն էլ այլ ակնկալիքներ ունի ՀՀ իշխանությունից, որն էլ պատրաստ է կյանքի կոչել նրա սպասումները:
Կարդացեք նաև
Որպեսզի ասվածն ավելի առարկայական դառնա, ինչպես ասում են՝ չոր փաստեր: Ընդդիմության՝ վրանները հավաքելու եւ Ֆրանսիայի հրապարակն ազատելու որոշումից հինգ օր առաջ Երեւան էր ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը գտնվում է ավարտական փուլում եւ գործելու է պարզեցված ռեժիմով։
«Ինչպես հայտնի է, երկաթգծերի երթուղիները համաձայնեցված են, հիմա ավարտվում է ավտոմոբիլային երթուղիների եւ (աշխատանքային) ռեժիմի համաձայնեցումը։ Այն լինելու է պարզեցված, բայց հաստատապես հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանությունը ճանաչելու վրա, եւ այստեղ որեւէ երկիմաստություն չի կարող լինել», նշեց նա։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երեւանի ինքնիշխանության առնչությամբ որեւէ երկիմաստություն լինել չի կարող, ի՞նչ է նշանակում՝ «պարզեցված ռեժիմով»… Այսինքն, ադրբեջանական բեռնատարներն անցնելո՞ւ են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում, եւ եթե Ադրբեջանը պարզեցված ռեժիմով է մուտք ունենալու դեպի Նախիջեւան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժիմով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Իսկ Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվե՞լ է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։
Ապա` Լավրովը հավելել է, թե սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տեւական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը. «Մեզ մոտ ընկալում կա, որ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական գործընկերները ելնում են սրանից»: Կարելի է ենթադրել, որ Լավրովի հայտնած տեղեկություն մասով՝ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիր չունեն, ու սա արձանագրվում է Երեւանում, իսկ «պրակտիկ գործողություններն» էլ, բնականաբար, քննարկվելու են ռուսական կողմի հետ:
Հաջորդը: Լավրով-Միրզոյան համատեղ ասուլիսում Արցախի Փառուխ գյուղի վերաբերյալ հարց էր հնչել։ Հիշեցնենք, Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր գրավեց գյուղի ուղղությամբ՝ նաեւ զբաղեցնելով կարեւոր նշանակություն ունեցող հարակից Քարագլուխ բարձունքի մի մասը։ Միրզոյանը հրապարակավ հույս հայտնեց, թե ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ մարտի 24-ին Փառուխ գյուղ ներխուժմամբ: Սա հրապարակային դժգոհություն էր պաշտոնական Երեւանի կողմից: Իսկ ի՞նչ պատասխանեց Լավրովը: Նա Փառուխի շուրջ իրավիճակը կապեց հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի հետ. «Ինչ վերաբերում է (Փառուխի շուրջ) իրավիճակին, ապա ռուսաստանցի զինվորականների համար այն իրենց առաջնահերթություններից մեկն է, եւ մեր հայ ընկերները այդ մասին շատ լավ տեղյակ են։ Այնտեղ արդեն իսկ որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի դեէսկալացիայի առումով, եւ մեզ մոտ ընկալում կա, որ սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն եւ անպայման կլուծվեն»։
Իսկ ի՞նչ կապ ունի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը ադրբեջանական զինուժի կողմից ՌԴ խաղաղապահների ներկայությամբ նոր դիրքեր գրավելու հետ: Այսինքն՝ Մոսկվայի համար նոր «գործի՞ք» է դարձել սահմանազատման պահանջի բավարարումը՝ «սա արեք, որ կարողանանք այլ հարցեր լուծել» կիսասպառնալիքո՞վ:
Ի դեպ, Լավրովը Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է, որ փոխվարչապետների մակարդակով գործող՝ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների համաձայնեցման փուլում, եւ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցով աշխատանքային խմբի առաջիկա՝ մոսկովյան հանդիպմանը ռուսական կողմը խորհրդատվական ծառայություններ, ներառյալ՝ քարտեզագրական նյութեր կտրամադրի:
Լավրովի երեւանյան այցից 5 օր անց, ճիշտ նույն օրը, երբ ընդդիմությունն էլ պայքարի մարտավարության փոփոխության մասին իր որոշումը հայտնեց, «Ազատություն» ռադիոկայանը մի ուշագրավ տեղեկություն հայտնեց ընթացող բանակցություններից՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին Լավրովի հայտարարության հետ կապված: Ըստ այդմ, նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղեւորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետեւ անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։ Արդյո՞ք նույն պայմաններն են գործելու Ադրբեջանի տարածք մտնող հայաստանյան ուղեւորների ու բեռների դեպքում, ըստ նույն աղբյուրների՝ բանակցությունները շարունակվում են։ Նկատենք նաեւ, որ վերջերս Մոսկվայում կայացած փոխվարչապետներ Օվերչուկի, Գրիգորյանի եւ Մուստաֆաեւի հանդիպումից հետո ՌԴ կառավարությունը վստահեցրեց, որ կողմերը մերձեցրել են մոտեցումները ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային եւ հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։
Պաշտոնական Երեւանը պարբերաբար հայտարարել է, որ անընդունելի է համարում «միջանցքի» մասին ձեւակերպումները։ Եթե «Ազատության» հայտնած տեղեկատվական արտահոսքը իրականություն է, ապա նշանակում է, որ Հայաստանը որոշակի չափով զիջելու է իր ինքնիշխանությունը: Հիշեցնենք, որ Վրաստանից ու Իրանից Հայաստանի մտնող ուղեւորների ու բեռների անձնագրային ու մաքսային ստուգումները իրականացնում են հայաստանյան Ազգային անվտանգության ծառայությունն ու Պետեկամուտների կոմիտեն։ Այս դեպքում, փաստորեն, յուրահատուկ կարգավիճակ են ստանալու ռուս սահմանապահները, իսկ ճանապարհային անցուդարձը որոշակի «միջանցքային» տրամաբանությամբ է գործելու, թեկուզ այն այդպես չկոչվի:
Այստեղ հիշեցնենք, որ Մոսկվան 44-օրյա պատերազմից հետո անդադար շեշտում է ձեռքբերված պայմանավորվածությունների, ասել է թե՝ եռակողմ հայտարարություններով նախատեսված կետերի անշեղորեն կատարումը: Իսկ այդ կետերով ազդարարվում էր, որ տարածաշրջանում պետք է բացվեն բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը, Հայաստանը պետք է ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ, ինչպես նաեւ՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնայի ծառայության՝ Ղհը-ի սահմանապահ ծառայությունը։ Ռուսական կողմը ո՞ր ուղիների վերահսկողությունն է ապահովելու՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւա՞ն, թե՞ նաեւ Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան կամ Ռուսաստան, ըստ ամենայնի, քննարկումները դեռ շարունակվում են:
Ու որքան էլ պաշտոնական Երեւանը Լավրովի այցի օրերին պնդեց, որ օրակարգի գլխավոր հարցը՝ տարածաշրջանային անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, Մոսկվան առաջ է տանում եռակողմ հայտարարություններով նախատեսված պահանջները: Փաշինյանի հետ հանդիպմանը Լավրովը հունիսի 9-ին շեշտել է. «Տարածաշրջանային հարցերը հիմա առանձնահատուկ ուշադրության են արժանի: 2020թ. նոյեմբերի, 2021թ. հունվարի եւ նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրականացումը մեր առաջնահերթությունն է: Մենք նպատակադրված ենք, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր խնդիրների, ներառյալ հումանիտար հարցերի կարգավորմանը, լուծվեն ամենասեղմ ժամկետներում: Ինչպես եւ Դուք հիշատակեցիք, փոխվարչապետների մակարդակով գործող՝ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների կոնկրետ ասպեկտների համաձայնեցման առաջանցիկ փուլում: Քննարկել ենք, թե լրացուցիչ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, եւ Ձեզ կզեկուցենք այդ մասին: Նույնը վերաբերում է նաեւ դելիմիտացիային: Ողջունում ենք երկու՝ եւ՛ ձեր, եւ՛ ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը: Հիմնադիր նիստը, հանդիպումը կայացավ, եւ մենք դա շատ կարեւոր ենք համարում: Կսկսենք արդեն պատրաստվել Մոսկվայում հանդիպմանը՝ ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, խորհրդատվական ծառայություններ կտրամադրեն, ներառյալ քարտեզագրական նյութեր: Ընդհանուր առմամբ մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները լիովին կարգավորվեն: Իհարկե, ծանոթ ենք առաջարկություններին, որոնք Ադրբեջանն է ներկայացրել այդ համատեքստում, ծանոթ ենք նաեւ ձեր դիրքորոշումներին, որ գրավոր եք ներկայացրել, եւ Ռուսաստանը պատրաստ կլինի ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ: Եվ, ինչպես արդեն ասացի, նպատակադրված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը»:
Ի դեպ, արդեն հայտնի է, որ Լավրովը երեւանյան բանակցություններից հետո հաջորդ շաբաթ էլ պատրաստվում է Բաքու մեկնել:
Կարող է հարց ծագել, իսկ ի՞նչ կապ կա Լավրովի երեւանյան հայտարարությունների եւ նրա այցից մի քանի օր անց Ֆրանսիայի հրապարակի դատարկման փաստի միջեւ… Կան բոլոր հիմքերը արձանագրելու, որ Մոսկվան ողջ ուժով Հայաստանից ակնկալում է եռակողմ հայտարարությունների կատարում, այդ մասին անթաքույց եւ շարունակաբար Մոսկվան հայտարարում է:
Մեկ ամսից ավելի հայաստանյան ընդդիմությունը հանրությանը զբաղեցնում էր թեմայով, թե՝ «ի՜նչ չարիք են արեւմտյան ֆինանսավորմամբ գործող» ՀԿ-ները, մինչդեռ Լավրովը գալիս է Երեւան, Ալիեւի պահանջած կետերն է կրկնում, թե՝ շտապեք սահմանազատման, դելիմիտացիայի ու տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում, «Ազատություն» ռ/կ-ից բանակցությունների վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են հրապարակվում՝ սահմանային հարցերում ռուսական կողմի նոր դերակատարության մասին, ու նույն օրը՝ հայաստանյան ընդդիմությունն ազատում է Ֆրանսիայի հրապարակը:
Իհարկե, ընդդիմությանը չհաջողվեց ռուս երկու բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալ: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության դիմումը Հայաստան ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։ Ընդդիմադիր խմբակցություններն իրենց դիմում-խնդրանքում նշել էին, թե ՀՀ գործող իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, եւ հանդիպում էին խնդրել Վոլոդինից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր, թե՝ նամակում պարզապես բացատրել ենք, թե ինչու չենք մասնակցում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, բայց փաստը մնում է փաստ՝ ՌԴ իշխանությունն անտեսել է ընդդիմության «բացատրությունը»:
Հայաստանի բազմափորձ ընդդիմադիրները դեռ չգիտե՞ն, որ ՌԴ բոլոր իշխանությունները մինչ այժմ սիրով աշխատել, աջակցել են բոլոր գործող իշխանություններին, եւ ստացել են այն ամենը՝ ինչ ցանկանում են: Թե՞ Փաշինյանը բացառություն է… Այս մասին մի քանի առիթներով արդեն նշվել էր, որ ընդդիմությունը չպետք է անակնկալի գա այն հանգամանքից, որ Մոսկվայից ինչ-որ պահի իրենց հասկացնել տան, որ Մոսկվային ընդդիմադիր «վճռական պայքարն» արդեն հետաքրքիր չէ, քանի որ նրանք ՀՀ իշխանություններից ստացել են, կամ ստանալու են այն, ինչ իրենց անհրաժեշտ է:
Հայաստանին իսկապես անհրաժեշտ է գաղափարական ամուր ընդդիմություն, որը չպետք է իր ծառայությունները ի ցույց դնի՝ հասկացնելով որեւէ արտաքին ուժի, որ պատրաստ է օգտագործվել: Նման որակ ունեցող ուժը, կամ առաջնորդի հավակնորդները, վստահաբար, օգտագործվելու են թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին ուժերի կողմից:
Այն պահից, երբ Հայաստանում կձեւավորվի քաղաքական ուժ, որի առանցքը կլինի Հայաստան պետությունն ու Հայաստանի շահը, այդ ուժը ապագա կունենա Հայաստանում՝ թե՛ հասարակական աջակցության առումով, թե՛ որպես հուսալի եւ արժանավոր գործընկեր կընկալվի ու կընդունվի արտաքին բոլոր խաղացողների կողմից: Սակայն եթե որեւէ քաղաքական ուժի համար քաղաքական դաշտում գոյատեւման առանցքը օգտագործվելն է՝ այդ քաղաքական ուժը հայաստանյան քաղաքական դաշտում չպետք է անելիք ունենա, առավելեւս հնարավորություն՝ պարբերաբար վերարտադրվելու, որի վերջնական նպատակը լինի, օրինակ՝ ԱԺ-ում մի քանի հոգանոց խմբակցության համար տեղ ապահովելը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 16.06.2022