Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:
Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք:


Ոստիկանության զորքերի 30-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Փաշինյանը տնկել է եղևնի, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի զոհված Ոստիկանության զորքերի բոլոր ներկայացուցիչների:
Կարդացեք նաև
Վարչապետը ծանոթացել է ՈԶ տեխնիկական միջոցներին, հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով:
«Ոստիկանության զորքերը, ըստ էության, ձևավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում: Այդ ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց նպաստն են բերել Հայրենիքի անվտանգության և սահմանների պաշտպանության գործին: Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության զորքերի նահատակված ծառայողների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների, զավակների և ծնողների առաջ: Պիտի արձանագրենք, որ մեր նահատակների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտքը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայկական պետականությունը պահպանելն է, պաշտպանելն է, զարգացնելն է և հետագա սերունդներին փոխանցելը:

Կառավարության ղեկավարը բոլոր ծառայողներին շնորհակալություն է հայտնել կատարած ծառայության, նվիրվածության, վճռականության և հետևողականության համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլորի ընտանիքների անդամներին, որոնք կարելի է պատկերացնել, թե ամեն անգամ ինչպիսի ապրումներ են ունենում, երբ դուք դուրս եք գալիս ծառայության: Բայց համոզված եմ նաև, որ նրանք կասկած անգամ չունեն, որ Հայրենիքին, պետությանը, ժողովրդին ձեր ծառայությունը կիրականացնեք պատվով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ: Այդ ծառայությունն արժանի է գնահատանքի:
Այժմ մենք գտնվում ենք կարևոր մի փուլում, երբ Ոստիկանությունը, նաև Ոստիկանության զորքերը բարեփոխումների շատ կարևոր ճանապարհ պիտի անցնեն: Բայց այդ բարեփոխումների կարևորագույն և անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի, ընդհանուր առմամբ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը, որովհետև բոլորս ունենք համոզմունք, որ այդքան գնահատելի ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքները պիտի ունենան սոցիալական որոշակի, վստահելի երաշխիքների համակարգով ապահովվածություն: Ընդ որում, այս քաղաքականությունը վերաբերում է բոլոր ուղղություններին: Այսօր Ոստիկանության զորքերի օրն է, Ոստիկանության մասին ենք խոսում, բայց նույնը վերաբերում է մեր իրավակարգին, պետական կարգի, անվտանգության ապահովման բոլոր ծառայություններին: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով:
Ընդհանրապես, այն գործառույթը, որն իրականացնում են իրավակարգի ապահովման ուժերը, այդ գործառույթի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետև ձեր գործառույթն է՝ երկիրը, ժողովրդին պաշտպանել ապօրինի ոտնձգություններից: Պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, իրենց այս գործառույթը կատարել են բարձր մակարդակով և ճշգրտորեն:
Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնում ձեր նվիրական ծառայության համար»,- եզրափակել է վարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա անբասիր ծառայության համար Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գարիկ Միրզոյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ























































