Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Եթե ՀՌՀ նախագահը ուզում է վերահսկել հեռուստաեթերը, թող գնա Հյուսիսային Կորեա»

Հունիս 25,2022 18:26

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում իր ղեկավարած հեռուստաընկերության նկատմամբ կտրուկ ակտիվացել է իշխանության տարբեր մարմինների վերաբերմունքը:

«Նայեք, նրանք հանկարծ արթնանում են ու ասում 1 տարի եւ 8 ամիս քնած գործով ինձ կարելի է կալանավորել: «Երկիր մեդիայի» եթերային քաղաքականությունը հստակ է, «Երկիր մեդիան» բավականին ակտիվ անդրադառնում է այսօրվա քաղաքական իրադարձություններին, լուսաբանման մեջ շատ ակտիվ է: Շատ հաճախ մենք բողոքի ակցիաները, քաղաքական ելույթները հեռարձակում ենք ուղիղ, որովհետեւ մենք վստահ ենք, որ այսօր, այս քաղաքական պայքարի ընթացքում որոշվում է այն ճանապարհը, որով գնալու են հայկական երկու պետականությունները՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը: Այս առումով, կարծում ենք, որ մեր ժողովրդի համար ծայրաստիճան կարեւոր է շատ լավ տեղեկացված լինել, թե ինչ խնդրի շուրջ է այսօր քաղաքական գործընթացը առաջ գնում: Այդ պատճառով մենք շատ ակտիվ ենք մեր եթերային քաղաքականության մեջ: Եվ մեր ուղիղ միացումներով, քաղաքական ելույթները ուղիղ լուսաբանելով, հարցազրույցներով փորձում ենք առնվազն պատռել Հայաստանի շուրջ ստեղծված վիրտուալ իմիջը: Եվ սա, հստակ է, որ նյարդայնացնում է պետական շատ մարմինների, ես վստահ եմ, նույնիսկ ամենավերեւներում:

Եվ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրապարակված ձայնագրության մեջ իբրեւ հացի սեղանի շուրջ ամենաայլանդակ բառապաշարով, իսկ հացի սեղանի շուրջ այդպիսի բառապաշար չեն օգտագործում, հացը հարգում են, ասում է նաեւ, որ իր վզին դրել են: Ես կարող եմ ենթադրել՝ ով, ինչպես, ինչի համար եւ ինչ է նրա վզին դրել: Կարծում եմ նաեւ նման մոտեցում կա «Երկիր մեդիայի» հարցում առնվազն եւ դրա ապացույցները բազմաթիվ են:

Երեկ ելույթ ունեցավ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը եւ բավականին թափանցիկ ակնարկեց, արդեն նամակն էլ ստացել ենք, որ մեր նկատմամբ վարույթ է հարուցվել, մասնավորապես, Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2, Հատուցում» սերիալում քրեական ենթամշակույթի քարոզչության, կամ Հայ առաքելական եկեղեցուն վիրավորելու մասով: Հատկապես ասեմ, որ այդ ֆիլմում օգտագործված բառապաշարը Գագիկ Ջհանգիրյանի օգտագործած բառապաշարի հետ կարելի է «ոսկեղենիկ հայերեն» բնութագրել»:

Բագրատ Եսայանը հիշեց սերիալի խիստ բացասական կերպարներից մեկին, որը անճաշակության, ռաբիզության, այլասերվածության մարմնավորում է եւ որը ինքն իր նկարը պատվիրել է խաչին, որովհետեւ իրեն քրիստոսացնելու մարմաջով է տառապում: «Ի դեպ, վերջին չորս տարում դա մեր իրականության մեջ շատ խորթ երեւույթ չէ: Սա ՀՌՀ համապատասխան պաշտոնյան ընկալել է որպես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անարգանք:

Ինձ համար զարմանալի է, որ պաշտոնապես իրենց աղանդավորական շարժումներին պատկանելիությունը խոստովանած անձնավորությունները հիմա խոսում են Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարգանքի մասին: Զարմանալի է, որ այս իշխանությունները, որը թույլատրում էր Վեհարանի գրավելը եւ այլանդակություններ անելը, ոտնձգությունը Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, նույնիսկ ֆիզիկական ոտնձգությունն էր թույլատրելի համարում, հիմա համարձակվում են խոսել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարգանքի մասին: Հասարակության այն հատվածը, որը կռապաշտությունը բերել է մեր առօրյա կյանք եւ մեր առօրյա կյանքի այդ կռապաշտ երեւույթը եթերում ցուցադրելը նույն կռապաշտները որակում են որպես անարգանք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, երեսպաշտության գագաթնակետն է:

Պարզվում է, որ ՀՌՀ նախագահը որոշել է, որ իրենք պետք է ղեկավարեն հեռուստաընկերություններում եթերային քաղաքականությունը, որոշեն ինչն է քաղաքական ճգնաժամ եւ ինչը ճգնաժամ չէ, որ քաղաքական իրադարձության լուսաբանումն է նպատակահարմար, որը նպատակահարմար չէ, ես, որպես հեռուստաընկերության ղեկավար ինքնուրո՞ւյն պետք է որոշեմ քաղաքական ցույցերը, ոստիկանական բռնությունները հեռարձակել, թե, այնուամենայնիվ, պետք է ցույց տամ չալպուտուրիկ կովի արածելը Արագածի լանջերին:

Ինքը երկար տասնամյակներ իրեն ներկայացնում էր որպես ազատ խոսքի համար պայքարողներից մեկը: Բայց այսօր եթե որոշում է, թե ինչ պետք է ցուցադրի «Երկիր մեդիան» եւ ինչ չպիտի ցուցադրի, իմ համար զարմանալի է: Եթե որոշել է միջամտել հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությանը եւ ասում. եթե հեռուստաընկերություններն ուզում են ուղիղ լուսաբանել ինչ-որ իրադարձություններ, թող գնան YouTube, ես կարող եմ իրեն խորհուրդ տալ: Իր համար մի հարմար երկիր կա՝ Հյուսիսային Կորեան: Թող գնա այնտեղ ՀՌՀ նախագահի պաշտոնը խնդրի եւ այնտեղ վերահսկի:

Բայց վստահ եմ, որ նրան շատ ավելի  բարձր տեղից հստակ հանձնարարական են տվել: Չկրկնեմ Ջհանգիրյանի օգտագործած արդեն հայտնի բառերը»,- ասաց Բագրատ Եսայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930