Լրահոս
Օրվա լրահոսը

«2003-2004-ին գաղտնի պայմանագրեր են կնքել պետությունն ու կառուցապատողները, որոնք գույքն առնում էին, գումարը փոխանցում պետությանը, որն էլ փոխանցում էր կառուցապատողներին»

Հունիս 29,2022 15:14

Հյուսիսային պողոտայի եւ այլ թաղամասերի կառուցապատման շրջանում օրենսդրական կարգավորումներից հանվել են այնպիսի նորմեր եւ ձեւակերպումներ, եւ հետագայում էլ որեւէ նորմ չի ներդրվել, որպեսզի կառուցապատման այդ ծրագրերն իրականացվեն առանց խոչընդոտների եւ առանց իրավական հետագա խնդիրների, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում։ Այս եզրահանգման են եկել «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչները իրականացրած հետազոտության արդյունքում։

Այսօր ՀԿ-ն ներկայացրեց հետազոտության արդյունքները, իսկ հետազոտությունը, ըստ ներկայացուցչի՝ փաստաբան Դավիթ Ասատրյանի, արվել է այն նպատակով, որ պարզեն՝ արդյոք առկա՞ է 2001-2012 թվականների գործերով որեւէ իրավական հնարավորություն անձանց իրավունքները վերականգնելու համար, սակայն որոշ դեպքերում արդեն երկու տասնամյակ է անցել, եւ զգալի դեպքերում անցնում են հայցային վաղեմության եւ դատական պաշտպանության ժամկետները։

Ըստ Դավիթ Ասատրյանի, մինչ օտարման եւ կառուցապատման գործընթացը սկսելը՝ եղել են սեփականության մասին եւ անշարժ գույքի մասին օրենքներ, որտեղ առաջին եւ վերջին անգամ սահմանված է եղել, թե ինչ է նշանակում հասարակության եւ պետության կարիք։ Դա հիմնավոր կերպով համընդհանուր բարօրության հետ էապես կապված եւ հանրության կարիքների տեսակետից կենսականորեն անհրաժեշտ համարվող շահերն են։ Օրենքն ուժը կորցրած ճանաչվեց մինչեւ 2001 թվականը՝ գերակա հանրային շահի ինստիտուտի ստեղծումը։ ՀԿ ներկայացուցչի խոսքով՝ այդ գործընթացի ընթացքում չի ստեղծվել ու մինչ այժմ չկա որեւէ օրենքում դրույթ, թե ինչ է նշանակում հասարակության եւ պետության կարիք․ «Առկա է կարգավորում, թե որ դեպքերում կարող է հանդիսանալ, բայց չկա ընդհանրական մի սահմանում, թե դրա սահմանները որոնք են եւ ինչպես կարող ենք դրանք քննել յուրաքանչյուր դեպքում, կոնկրետ կառուցապատման ծրագիրն այս թաղամասում համընդհանո՞ւր բարօրություն է, թե՞ ոչ, էապես կապվա՞ծ է հանրության կարիքների հետ, կենսականորեն անհրաժե՞շտ է, թե ոչ։ Այս ձեւակերպումները հանվեցին, եւ որեւէ նորմ չներդրեցին, եւ սա, ենթադրում ենք, որ արվել է այն նպատակով, որ կառուցապատման այդ ծրագիրն իրականացվի առանց խոչընդոտների, առանց իրավական հետագա խնդիրների, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում։

Հետագայում՝ 2008-ին ընդունվել է «Պետության եւ հասարակության կարիքների» մասին օրենքն ու ՍԴ-ն իր որոշումներով սահմանեց, թե ինչ է անհրաժեշտ, որ այդ իրավահարաբերությունները կարգավորվեն։ Մինչեւ օրենքի ընդունումը՝ «կարիքը» պետության եւ համայնքի շահերն էին, օրենքի ընդունումից հետո սահմանվեց, որ դա հանրության գերակա շահերն են։ «ՄԻԵԴ ի կայացրած 13 որոշումներից 8-ը հենց այդ հիմքով է բավարարվել՝ օրենքի հիման վրա չի իրականացվել սեփականազրկումը»,-ասաց հետազոտության հեղինակը։

Նա ասաց, որ ՍԴ-ն նշել է, որ  ամեն կառուցապատման ծրագրի համար անհրաժեշտ է օրենք, նախկինում էլ սա առկա չի եղել, այժմ էլ առկա չէ, այս կարգավորման շրջանակներում պետությունն այլեւս օրենքներ չընդունեց, ընդունեց մեկ օրենք եւ դրա հիման  վրա լիազորեց կառավարությանը, որը հետագայում յուրաքանչյուր կառուցապատման ծրագրի շրջանակներում, կլինի՝ 33-րդ թաղամասը, Կոնդը, Հյուսիսային պողոտան եւ այլն, ընդունեց որոշումներ․ «Այսինքն՝ ՍԴ այս նորմը մինչ այժմ պահպանված չէ։ «Հիմնավորում բացառիկ կարեւորությունը եւ նշանակությունը»․ սա նախկինում չկար, այժմ էլ թերի է, որովհետեւ կառավարության բոլոր որոշումները, այդ թվում՝ 33-րդ թաղամասի մասին կառավարության որոշումը՝ 2018 թվականի օրենքի, նույն տիպային ձեւակերպումներն են, որոնք գործում են քսան տարի, այսինքն՝ խարխուլ շենքեր, կառուցապատված տարածքներ եւ այլն, «copy-paste» արած ձեւակերպումներ են։ Կարող ենք ասել, որ պետք է յուրաքանչյուր գույքի մասով հիմնավորում տրվի, որը առկա չէ։ ՍԴ որոշումն այս պահին կիրառված չէ»»

Ըստ հետազոտության, ՍԴ-ն սահմանել է, որ «հասարակության եւ պետության կարիքները» հասկացությունը պետք է բացահայտվի, բայց մինչեւ այժմ բացակայում է այդ նորմը։

Զեկուցողի խոսքով՝ ինչպես ստացվեց, որ Հյուսիսային պողոտայի հարակից գոտում հանդես եկան կառուցապատողներ, որովհետեւ ի սկզբանե կառավարության որոշմամբ եւ ծրագրով կառուցապատում պետք է իրականացներ Հայաստանի հանրապետությունը, բայց 2003-2004 թվականներին Երեւանի քաղաքապետարանն, ի դեմս ԾԻԳ-ի, կնքում է պայմանագիր՝ 99 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հողի հարկին տարեկան դրույքաչափին համապատասխան․ «Այսինքն՝ հողերն անհատույց տալիս է կառուցապատողներին, որոնք այդ հողերը վերցրել են երկկողմ պայմանագրի հիմա վրա, որը մինչ այժմ բացահայտված չէ, բայց մենք դա հայտնաբերել ենք։ Գաղտնի պայմանագրեր են կնքել պետությունն ու կառուցապատողները, որտեղ կոնկրետ գույքեր են նշել, որ կառուցապատողներն այդ գույքն առնում են ու դրա դիմաց գումարը փոխանցում են պետությանը, որն էլ իր հերթին փոխանցում է կառուցապատողներին, բայց պայմանագրի կողմ չեն հանդիսացել սեփականատերերը, մինչդեռ նրանք այդ ժամանակ դեռեւս սեփականատեր էին։ Այստեղ խոսք կարող է գնալ առոչինչ պայմանագրի մասին, պայմանագրերը նոտարական կարգով կնքված չէին, պետական գրանցում չէին ստացել, բայց վերաբերում են կոնկրետ անշարժ գույքերի իրացմանը։ Եվ եթե անձինք կան, որոնք կարող են դիմել եւ ստանալ այդ պայմանագրի պատճենը, կարող են դիմել դատարան, եւ դատարանը կարող է բավարարել, քանի որ նրանք չեն իմացել պայմանագրի գոյության մասին։ Այդ պայմանագրերը կնքվել են 2003-2004 թվականներին։ 99 տարով վարձակալության պայմանագիր էր 2008-ին կնքվում, եւ եւս մեկ պայմանագիր էլ էր կնքվել․ որով այդ հողամասերը պետությունը փոխանցում է կառուցապատողներին»։

Սեդրակ Բաղդասարյան

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, որը ներկա էր քննարկմանը, հավելեց․«Հյուսիսային պողոտան առհասարակ թաքուն էր արվում, երբ Երվանդ Զախարյանը դարձավ քաղաքապետ, իբր թե մրցույթներ էին հայտարարում, բայց մենք մեր տանն ապրելով՝ արդեն մեր տները կառավարությունը վաճառել էր։ Ես ունեմ պայմանագրեր, որտեղ ԾԻԳ-ը կառուցապատողի հետ կնքում էր պայմանագիր, կառուցապատողից փող է ստանում, որ հետո դատարանում պաշտպանի կառուցապատողի շահերը։ Կառուցապատողները 550 հազար դոլար կաշառք են տվել, որ ընտրվեն այդ ցուցակի մեջ»։

Զեկույցի հեղինակ Դավիթ Ասատրյանը նաեւ նշեց, որ նախկինում եւ նույնիսկ ներկայումս գործող կառուցապատման ծրագրերով անձանց փոխհատուցում են նախատեսում հետագայում այդ տարածքում կառուցվելիք շենքում տարածք․ «Օրինակ՝ հիմա Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասում կառավարության որոշմամբ պայմանագրեր կան, բայց տասը տարուց ավելի է, որեւէ շինություն չկա, եւ շատ դեպքերում անձինք իրենց իրավունքները շատ էժան վաճառում են այլ անձանց»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930