Հայրենակցական միության դիմումի համաձայն՝ հայցի հիմնական պահանջները հանրային-իրավական էին, իսկ օգտագործման իրավունքների պետական գրանցումների վերականգնումը՝ դրանցից ածանցվող գույքային հետևանքի վերացման պահանջ։ Այս կառուցվածքով վեճը պետք է քննվեր վարչադատավարական կարգով, այլ ոչ թե ամբողջությամբ վերաորակվեր որպես մասնավոր-իրավական պայմանագրային վեճ։
Սահմանադրական դատարան դիմած «Տավուշ միջազգային հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությունը ներկայացնելով թիվ ՎԴ 6/0093/05/23 քաղաքացիական նախկինում՝ վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ ՍԴ առջև բարձրացրել էր հետևյալ իրավական հարցադրումները. Արդյո՞ք Սահմանադրության 60-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ «ցանկացած ժամանակ» պայմանագրից հրաժարվելու իրավունքը տարածվում է նաև որոշակի ժամկետով կնքված և պետական գրանցմամբ ամրագրված անհատույց օգտագործման պայմանագրի վրա` դրա գործողության ընթացքում առանց օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ նյութական հիմքի, չնայած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 2-րդ մասով կիրառելի ճանաչված 612-րդ հոդվածի ժամկետային կառուցակարգին և 696-րդ հոդվածով նախատեսված վաղաժամկետ լուծման հատուկ հիմքերին: Արդյո՞ք Սահմանադրությանը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածին տրված այն մեկնաբանությունը, որով համայնքի ղեկավարի՝ համայնքը ներկայացնելու ընդհանուր լիազորությունն ինքնին բավարար է համարվել ավագանու կողմից որոշակի ժամկետով ձևավորված և պետական գրանցված համայնքային գույքի օգտագործման ռեժիմը վաղաժամկետ վերացնելու կամքը ձևավորելու համար, թե արդյո՞ք բավարար որոշակիությամբ և համաչափությամբ կարող էր թույլատրվել երկարաժամկետ, պետական գրանցում ստացած գույքային իրավունքի անվերապահ դադարեցում՝ միաժամանակ պահպանելով ժամկետի և վաղաժամկետ լուծման առանձին կանոնները։ Ըստ դիմողի՝ դատարանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածից բխեցրել են համայնքի՝ որպես պայմանագրի կողմի, իրավունքը և այն միաժամանակ վերագրել համայնքի ղեկավարին՝ առանց առանձին պարզելու, թե արդյոք վերջինս իրավասու էր միանձնյա փոխելու ավագանու մասնակցությամբ 25 տարի ժամկետով ձևավորված գույքային ռեժիմը։
ՍԴ-ն գործի քննությունը մերժել է։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
23.11.2026


















































