Լրահոս
Օրվա լրահոսը

6 ամսով կերկարաձգվի տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը

Հունիս 30,2022 15:29

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 6 ամսով երկարաձգել տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Այն հնարավորություն  կտա ապահովելու շուրջ 3.0 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում, ինչպես նաև  կազմակերպելու 2022 թվականին ակնկալվող խաղողի մթերումների գործընթացը։ Ըստ այդմ, առաջարկվում է կառավարության նախկինում ընդունած որոշման մեջ կատարել փոփոխություն, ըստ որի՝ տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության տրամադրումն երկարաձգվում է 6 ամսով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը։

Գործադիրը փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում, ըստ որի պտուղբանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվող պայմանագրերի կնքման համար սահմանված մինչև հունիսի 1-ը վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 1-ը։

Արդյունքում` հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարող ընկերություններին ծրագրից օգտվելու նպատակով հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կնքելու պտուղբանջարեղենի գնման պայմանագրեր, որով կապահովվի պտղի, մասնավորապես՝ ծիրանի մթերումների և դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացները։ Հիմնավորման համաձայն, ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը։ Հիմնավորման համաձայն, մինչև հունիսի 1-ը շուրջ 1361 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է հումքի գնման 1510 պայմանագիր։ Պայմանագրերի գերակշիռ մասը կազմում են բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի գնման պայմանագրերը, իսկ պտղի մասով կնքված պայմանագրերը շատ փոքր տոկոս են կազմում։

Վերջին օրերին արտահանման լոգիստիկ խնդիրներով պայմանավորված լուրջ խնդիրներ են առաջացել պտղի, մասնավորապես՝ ծիրանի արտահանման համար և անհրաժեշտություն է առաջացել արտադրված ծիրանի բերքի իրացումն ապահովել վերամշակողների կողմից մթերելու միջոցով, մինչդեռ ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերման պայմանագրերի կնքման՝ մինչև հունիսի 1-ը սահմանված վերջնաժամկետը խոչընդոտում է տնտեսավարողներին նոր պայմանագրեր կնքելու և մթերվող բերքի արժեքը վճարելու համար։

Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող անշարժ գույքը կօտարվի  դասական աճուրդով

Կառավարության որոշմամբ Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևանի Մոսկովյան փողոց 37, թիվ 37 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը կօտարվի  դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 113 790 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 35 265 012 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  193 164 դրամը։

Այլ որոշումներ

 Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 67.303,00 հազար դրամ՝ Մարտիրոս Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն  քաղաքի բուժհաստատությունում բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը վճարելու  նպատակով: Հիմնավորման համաձայն, մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մարտիրոս Խաչիկի Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման վերաբերյալ: Մարտիրոս Քոչարյանը  ներկայացրել է  փաստաթղթեր առ այն, որ իր առողջական վիճակից ելնելով անհրաժեշտ է ևս 3 վիրահատություն:

Գործադիրը փոփոխություններ ու լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակում մի շարք հարցերի կարգավորման համար: Մասնավորապես, առաջարկվում է շահառուների ցանկում, որոնց վրա չեն տարածվում որոշմամբ սահմանված սահմանափակումները, ավելացնել  դատական կարգով անհայտ կորած ճանաչված անձանց ծնողները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով  զոհված զավակների ծնողները:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերականգնել Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար: Հիմնավորման համաձայն, անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը սահմանային համապատասխան հատվածում՝ մոտ 6.5 կմ երկարության վրա և վերացնել վտակը (փակել մուտքը և ելքը) հետագա փլուզումներից խուսափելու համար: Ինչպես նաև առաջարկվում է  նախատեսել սահմանային համապատասխան նշանի մոտ, Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատվար (պատնեշ)՝ Արաքս գետի ջրերը նախկին հունը ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը: Ըստ այդմ, 22,380.0 հազար դրամ գումարը կվերաբաշխվի պետբյուջեի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ» միջոցառման գծով նախատեսված աշխատանքների՝ գնումների ընթացակարգերի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին։

Գործադիրը հաստատել է «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և  վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և  Եվրոպայի առաջնությունների հաղթողներին,  մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական  խաղերում,  աշխարհի  առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկներին  և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստը սահմանող կարգը:  Որոշումը կնպաստի  սպորտային նպաստի վճարման ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների  սոցիալական վիճակի բարելավմանը,  ինչն էլ որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով  բարձր նվաճումների խթան, ապահովելով  բարձր արդյունքների ձեռքբերումը՝ բարձրացնելով ՀՀ վարկանիշը համաշխարհային մրցասպարեզներում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930