Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք կարող ամբողջ Հայաստանը բերել Երեւանում կամ երեւանամերձ համայնքներում տեղավորել․ սերտիֆիկատների գումարի բարձրացման որոշում չկա»․ Արսեն Թորոսյան

Հոկտեմբեր 13,2026 16:26 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եվ սերտիֆիկատներ վերցնելու, եւ իրացնելու գործընթացում երբեմն առաջանում են խնդիրներ, որոնց վերաբերյալ մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում մեր գործընկերների հետ։ Այսինքն՝ սա բաց երկխոսություն է, միշտ այդպես է եղել, որեւէ թաքուն օրակարգեր եւ որոշումներ չեն կայացվել։ Մենք հույս ունենք, որ մեր բոլոր հայրենակիցները, ձեռք բերելով ՀՀ քաղաքացիություն, կօգտվեն ինքնաապահովման ծրագրից եւ վերջնական կտնավորվեն ՀՀ-ում»,- Ազգային ժողովում ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկումից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով հարցին, որ անշարժ գույքի գները թանկացել են, եւ արցախցիների համար դժվար է հավաստագրերի շրջանակներում տներ գնելը, Արսեն Թորոսյանն ասաց․ «Բնակարանները թանկացել են բոլոր քաղաքացիների համար, այո, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, որովհետեւ դա խոսում է ՀՀ-ում տնտեսական ակտիվության մասին։ Եվ մենք բազմիցս ասել ենք, որ նաեւ այսպիսի ծրագրերն են խթանում, որպեսզի բնակարանները թանկանան, որովհետեւ մենք պետական միջոցներով, ըստ էության, պահանջարկ ենք ձևավորում։ Եվ առաջարկը համապատասխանեցվում է դրան՝ գները բարձրացվում են։ Դրա լուծումներն այնպիսին են, որ պետք է փորձել գտնել տուն, որը համապատասխանում է քո այսօրվա հնարավորություններին։ Մենք առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երեւանում եւ երեւանամերձ համայնքներում, այլեւ այլ համայնքներում, որտեղ կա 5 մլն-ի հնարավորություն»։

Արսեն Թորոսյանը հավելեց․ «Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ գարնանն ենք 3 մլն-ը դարձրել 4 մլն երեւանամերձ համայնքներում՝ հաշվի առնելով, որ այստեղ է կենտրոնացված զբաղվածությունը, եւ քաղաքացիներն ավելի հեշտ են այստեղ աշխատանք գտնում։ Բայց նաեւ երկրի ընդհանուր զարգացմանը զուգընթաց՝ մենք պետք է մտածենք ապակենտրոնացման մասին։ Մենք չենք կարող ամբողջ Հայաստանը բերել Երեւանում կամ երեւանամերձ համայնքներում տեղավորել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արսեն Թորոսյանը նաեւ նշեց, որ այս պահին բնակապահովման ծրագրի շրջանակներում գումարի բարձրացում չի նախատեսվում։ 2027 թվականի բյուջեն ծրագրավորված է այնպես, որպեսզի սպասարկի արդեն տրված եւ նոր տրվող հավաստագրերը։ «Մենք մեր գործընկերներից ստացանք առաջարկություններ՝ շտկումներ անելու ծրագրում, որոնք կդիտարկենք, բայց գումարի բարձրացման որոշում չկա այս պահին»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031