«Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի Շիրակի հյուսիսային գեղեցկուհու ափին հանգստացող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն ավելացել է։ Ընդ որում` մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, որոնք ոտք դնելով ազգային պարկի տարածք՝ հիանում են մեր հայրենիքի գեղեցկությամբ՝ Կարմիր գրքում տեղ գտած հազվագյուտ բույսերով ու կենդանական աշխարհով։
Հիշեցնենք, որ «Արփի լիճ» ազգային պարկը ունի նաև հյուրատներ, որոնք կառուցվել են ալպիական գոտում գտնվող Ամասիայի ու Աշոցքի տարածքում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։


Կարդացեք նաև
Ըստ մեր զրուցակցի, զբոսաշրջության զարգացման համար կարևոր է ինչպես պարկի տարածքի, այնպես էլ դեպի պարկ բերող ճանապարհների մաքրությունը։ Այդ պատճառով անձնակազմն անընդմեջ աղբահանություն է իրականացվում ոչ միայն պարկի տարածքում, այլ հարակից տարածքներում․ ճանապարհների եզրերն են մաքրում։

Նրա տեղեկացմամբ, պարկի սակավաթիվ աշխատակիցների ուժերով 2,5 տարվա ընթացքում կարողացել են ավելացնել անտառաշերտը՝ շուրջ 6 հեկտարով։

«Շուրջ 2 հեկտար, մի փոքր ավել ծառատունկ ենք իրականացրել։ Իհարկե, այս ամենը կատարել ենք մեր ուժերով՝ երբեմն ներգրավել ենք դպրոցների աշակերտների, աշխատակիցների, նաև համայնքի բնակիչների»։
Ավելի վաղ Մուշեղ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ այս տարի ավելացել է լճի ջրի պաշարը, ի հայտ են եկել նոր ձկնատեսակներ, տարածքում հայտնվել են նաև անգղեր, քաջահավեր, որոնք գրանցված են Գինեսի գրքում, ավելացել է նաև սև արագիլների թիվը՝ 1 հատից դառնալով 14։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































