Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Մուրադյանի հետ հեռանում է նաև կրթության վարչության նորանշանակ պետը

Դեկտեմբեր 12,2024 14:08 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ընդունեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքից ազատման դիմումը։

Մուշեղ Մուրադյանը Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի հունվարի 23-ին, պաշտոնավարեց գրեթե երկու տարի։

Տեղեկացրել ենք, որ նրան այդ պաշտոնում փոխարինելու է Դավիթ Առուշանյանը, որը երեկ հրաժարվեց Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։

Մեր տեղեկություններով, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանից բացի՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև փոխմարզպետ Աննա Մարտիկյանը, ինչպես նաև հայեցողական պաշտոններ զբաղեցնող օգնականները, խորհրդականները՝ բացի Լիլիթ Մուրադյանից։

Հետաքրքրականն այն է, որ դիմում է ներկայացրել նաև Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պաշտոնում վերջերս նշանակված Գնունի Աղաբեկյանը, որը Մուշեղ Մուրադյանի հետ աշխատում էր «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝ որպես ֆինանսահաշվապահական, վարչատնտեսական, քարտուղարության բաժնի պետ – գլխավոր հաշվապահ։ Մուշեղ Մուրադյանի Շիրակի մարզպետ նշանակվելուն պես՝ նա նշանակվեց մարզպետի օգնական, այնուհետ՝ խորհրդական։

Նա Մուշեղ Մուրադյանի հավատարիմ մարդկանցից է, վերջերս էր մասնակցել քաղծառայության մրցույթի և կալանքի մեջ գտնվող Հրայր Կարապետյանի փոխարեն նշանակվել կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում։

Գնունի Աղաբեկյանի նշանակումն այս պաշտոնում միանշանակ չէր ընդունվել կրթության ոլորտի ներկայացուցիչների կողմից, նրանից ոմանք քննադատության էին արժանացրել։

Ի դեպ, քիչ առաջ Մուշեղ Մուրադյանը հրաժեշտի խոսք ուղղեց Շիրակի մարզի բնակիչներին՝ գրելով․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Շիրակի մարզի սիրելի բնակիչներ,

Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:

Շուրջ երկու տարի ամենայն պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ և մարզի հոգսերի ու բնակիչների հանդեպ հոգատարությամբ եմ աշխատել Շիրակի մարզպետի պաշտոնում։ Ինձ համար անցած ժամանակաշրջանը եղել է ամենապատասխանատուն, երբ արել եմ հնարավորը, որպեսզի արդարացնեմ թե մեր քաղաքական թիմի, թե մեր մարզի բնակիչների սպասելիքները։ Պաշտոնավարման ընթացքում ինձ համար չի եղել ուրիշի խնդիր, բոլոր հոգսերն իմն եմ համարել և փորձել եմ Կառավարության հետ համատեղ աշխատանքով ու համագործակցությամբ լուծել դրանք։ Անցած երկու տարիներին տարբեր ոլորտներում մարզում իրականացված բազմաբնույթ ծրագրերն ու շինաշխատանքները դրա ապացույցն են։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետին բարձր վստահության, Կառավարությանն ու համայնքների ղեկավարներին ջերմ համագործակցության, բնակիչներին՝ հավատի ու շնորհակալ վերաբերմունքի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Այսուհետ էլ կլինեմ քաղաքական թիմիս կողքին և ջանքերս չեմ խնայի մեր երկրի և մարզի զարգացման ու բարօրության համար»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031