Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արփի լճում ի հայտ են եկել նոր ձկնատեսակներ․ տարածքում հայտնվել է նաև Կարմիր գրքում գրանցված քաջահավը

Հուլիս 14,2022 21:22

«Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի ավելացել է լճի ջրի պաշարը։ Սրան նպաստել են հորդառատ անձրևներն ու սարերում կուտակված ձյան շերտը, որ հալվում, թափվում է լիճը։ Ըստ մեր զրուցակցի, կատարվել է նաև իրենց երազանքներից մեկը՝ ի հայտ են եկել նոր ձկնատեսակներ։

«Օրինակ՝ սազանը մեր տարածքում կարելի էր ասել վերացել էր, բայց հիմա ունենք, ձկնորսները ևս բազմաթիվ են․ օրվա ընթացքում 200-300 ձկնորսներ ենք ունենում։ Մենք թույլատրում են սիրողական ձկնորսություն իրականացնել, բայց նրանք, բնականաբար, ձեռնունայն չեն գնում Արփի լճի տարածքից, գոնե առնվազն 3-4 ձուկ իրենց ցանկությամբ տանում են տուն։

Մոնիթորինգի  արդյունքները ցույց են տվել, որ մանրաձուկն անզեն աչքով անգամ բազմաթիվ ափերի մոտ երևում է, ցանկացած մարդ կարող է մոտենալ և տեսնել։ Լճում առկա են 13 ձկնատեսակներ՝ սազանը, կարասը, կարպը, կարմրախայտը, կովկասյան թեփուղը։ Սրանք հիմնական հանդիպող ձկնատեսակներն են։

Ձկնորսությունը նաև սոցիալական խնդիր է լուծում, ձկնապաշարի ավելացման հետևանքով նաև թռչնատեսակներ են ավելացել։

Մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ  հաշվառված թռչնատեսակները եռապատկված են։ Քաջահավը Կարմիր գրքում գրանցված թռչուն է, այս տարի հյուրընկալվել է մեզ։ Նախկինում՝ 5-6 տարի առաջ եղել է, բայց երկար ժամանակ չէինք հանդիպում, հիմա նորից եկել են։Հետաքրքրվում ենք՝ բնադրե՞լ են, թե՞ ոչ։

Այս տարի տարածքում նկատել ենք նաև անգղերի, նաև իմ ֆեյսբուքյան էջով տեսանյութ էի հրապարակել՝  վերնագրելով «անգղերի թռիչքը», որը չքնաղ էր․ մեր սարերում էին սավառնում։  Հավանաբար դա ևս նորություն է Արփի լիճ ազգային պարկի տարածքում։

670 տեսակի բուսատեսակներ կան, բարձրակարգ բույսերից են կովկասյան հովտաշուշանը, հիրիկը, հիրիկ ցանցավորը, Հայաստանում միայն մեզ մոտ առկա դեղին կոկոռը, այս պահին էլ իր ծաղկման ժամանակն է՝ հին Ախուրյանի հունի վրա է իր այսպես ասած բնադրավայրը, իր աճելու, զարգանալու տարածքը»,- ներկայացրեց Մուշեղ Մուրադյանը։

Նա ասաց, որ դեղին կոկոռը Ալվար տեղամասի արգելոցում է, բայց զբոսաշրջիկներին  անցաթղթերով թույլատրում են տեսնել ու հիանալ մեր երկրի գեղեցկությամբ։

Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, ավելացել է զբոսաշրջիկների թիվը, որոնց մեծ մասը արտերկրից են։

Ըստ Մուշեղ Մուրադյանի, տարածքում հայտնվել են նաև մեծ թվով գայլեր, արջ՝ իր քոթոթներով, մեծ թվով աղվեսներ ու նապաստակներ։ Արգելոցի տարածքում գտնվող մեկ սև արագիլի փոխարեն արդեն կա 14-ը։

Այս թեմաներին կանդրադառնանք ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031