Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. «Ոչմիթիզականությունը հիմա պետական մակարդակով տեղափոխվել է Ադրբեջան»

Օգոստոս 23,2022 15:58

«Հայաստանը երեք ճանապարհ է առաջարկում Ադրբեջանին, ո՞րն է նոր անցակետերի ստեղծման պատճառը» թեմայով «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկմանը «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանն ասաց. «Այս նախագիծն անմիջապես հաջորդեց վարչապետի հայտնի ելույթին, որտեղ նա ասում էր, որ Ադրբեջանը կարող է հենց հիմա էլ մեր տարածքն օգտագործել: Բայց դրա համար դու պետք է ունենաս միջանցագրային կետեր եւ մաքսային ծառայություններ: Այսինքն, վարչապետն առաջադրանքն իջեցրել է եւ ԱԱԾ-ն դա կյանքի է կոչում»:

Սակայն Թաթուլ Հակոբյանի կարծիքով, սա այն քայլերից է, որը քննադատելու տեղ չունի, որովհետեւ այս պատերազմից հետո մեզ այլ բան չի մնում, քան իրավամբ դուրս չմնալ տարածաշրջանային գործընթացներից: «Պիտի կրկնեմ այն, ինչ անդադար կրկնում եմ: Հաղթած ժամանակ Հայաստանը գին էր վճարում շրջափակման տակ մնալով եւ այդ գինն ինչ-որ տեղ գիտակցված էր, պարտված ժամանակ այնպես չլինի, որ նորից շրջափակման տակ մնանք: Այդ իմաստով չափազանց կարեւոր է, որ Հայաստանի տարածքը դառնա երթեւեկելի հարեւան բոլոր պետությունների համար»,-ասաց նա եւ հավելեց. «Հայաստանը Մեղրիի ճանապարհի հարցում մոտեցել է կարմիր գծերին, համաձայնություն է տվել, որպեսզի գործարկվի 1930-ական թվականներին կառուցված եւ 2000-ականներին թալանված երկաթգիծը վերականգնելու եւ Երեւան-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ-Բաքու-Մախաչկալա գիծը վերականգնելու հարցում:

Հայաստանը նաեւ մեկ այլ կարմիր գծի է մոտեցել՝ համաձայնություն տալով, որպեսզի Ադրբեջանը Արաքս գետի երկայնքով հունին հակառակ ուղղությամբ Ադրբեջան-Իրան-Հայաստան եռանկյունու վերջին կետից՝ հիմա Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Աղդամ բնակավայրից մինչեւ Օրդուբադի շրջան ճանապարհ լինի եւ վերջինը օգտվի այդ ճանապարհից: Բայց այդ ճանապարհը պետք է ուղեկցվի ռուսական պարեկով եւ ադրբեջանական բեռները եւ մարդկանց պետք է դիմավորեն հայ մաքսավորները»:

Թաթուլ Հակոբյանի խոսքով սա էլ Ադրբեջանի համար քիչ է, որովհետեւ «Ադրբեջանը ուզում է զրո վերջնարդյունքով խաղ եւ փորձում քամել ինչ որ հնարավոր է: Եվ երբ մենք հիմա խոսում ենք ոչմիթիզականության մասին, Հայաստանում դա այլեւս ակտուալ չէ, դա հիմա պետական մակարդակով տեղափոխվել է Ադրբեջան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031