Սեպտեմբերի 5-ից նոր ուսումնական տարի է սկսվում նաեւ «Արմավիր» ու «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 20 անձանց համար։ «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը՝ Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ իրականացնում է «Հավասարը՝ հավասարին» ծրագիրը։
«Արմավիր» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող 10 հոգու կուսուցանվեն ծաղկագործության ու գրիչների ասեղնագործության հմտություններ։ Դասընթացը կվարի ցմահ դատապարտյալ Կարեն Դալլաքյանը։
«Սա թերեւս եզակի դեպք է, որ երրորդ կողմը դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիր է կնքում ու հենց ինքն է ուսուցանելու իր բախտակիցներին, այսինքն՝ «հավասարը՝ հավասարին» մեթոդն է կիրառվելու, որը կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։ Վերջինս շնորհակալ է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, հատկապես սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադեւոսյանին, «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հայրապետ Անանյանին՝ ծրագրի իրականացման համար կազմակերպչական հարցերին արագ ընթացք տալու համար։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 10 անձանց ուսուցանվելու են օճառագործության հմտություններ․ նրանք կսովորեն բնական հումքից օճառ պատրաստել։ «Դասընթացը վարելու է ոլորտում փորձ ունեցող «Նուռի» ընկերության ղեկավար Սուրեն Բաբայանը։ Կարծում եմ, քրեակատարողական հիմնարկում նման դասընթաց կազմակերպելը եւս նորություն է»,-ասում է Իրինա Մանուկյանը։
Կարդացեք նաև
Այս դասընթացը, թերեւս մի քանի օր ուշ կսկսվի․ քրեակատարողական ծառայությունը տեղեկացրել է՝ որ կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ։ «Չեմ կարծում՝ որեւէ խոչընդոտ կառաջանա, որովհետեւ «Հանուն Ազատության»-ը միշտ էլ համագործակցել է քրեակատարողական ծառայության, ՔԿՀ–ների հետ, ու միշտ ընդառաջել են մեզ»,-նշում է մեր զրուցակիցը։

Նշենք, որ մինչեւ ծրագրի մեկնարկը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար աշխատաժողով էր նախաձեռնվել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



















































