Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ «խաղ է խաղում» Երեւանի քաղաքապետարանը

Սեպտեմբեր 09,2022 14:30

Փաշինյանը ճիշտ էր՝ զարմանալի պետություն ենք, ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իրենց աշխատանքը ավտոբուսի մեջ է, երթուղայինի մեջ է:

Մինչ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր մոնոներկայացմամբ կպատմի, թե ինչ է կատարվել քաղաքապետարանում ու դրա շուրջ, ովքեր են հետեւի դռնով մտել ու դուրս եկել ու ովքեր են հերթ կանգնել՝ մտնելու համար, մենք ուսումնասիրեցինք Երեւանի քաղաքապետարանի այս տարվա գնումների պլանը, որը ցույց է տալիս, թե որ խնդիրներն են այս պետական մարմնի համար կարեւոր ու առաջնահերթ:

Այսպիսով, քաղաքապետարանը միայն 9,5 մլն դրամի արհեստական խոտ գնելու հայտ է ներկայացրել 2022-ին, 2,7 մլն դրամի էլ՝ ծաղիկ: Խոտ ու ծաղկից հետո 2 մլն դրամ նախատեսում է գովազդային արշավի հետ կապված ծառայություններին, բացի այդ, անհասկանալի է, թե ինչ խաղ է խաղացել քաղաքապետարանը մեր բյուջեի գլխին, բայց «դասական խաղերի» համար նախատեսել է ավելի քան 50 մլն դրամ:

Մինչ ծառայողական մեքենաների համար նախատեսված գումարին անդրադառնալը, հիշեցնենք, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, անգամ տեսնելով, որ համակարգում կրճատումներ են անում, 791 մեքենա կրճատել են, 2017-ի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց. «Ինչքան դուրս գրած ավտո ու մետալալոմ կար, հանեցին ծախեցին: Բայց այսօր կառավարությունը ծառայողական մեքենաների վրա տարեկան ավելի շատ գումար է ծախսում, քան սահմանամերձ բնակավայրերի: Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, մենք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն: Մինչդեռ իր գործը ժողովրդի համար գործի ու տուն գնալու պայմանն ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը ավտոբուսի մեջ է, երթուղայինի մեջ է: Տրանսպորտի նախարարության պաշտոնյայի գործը միջմարզային տրանսպորտ ապահովելն է, բայց նրան ճոխ մեքենա ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, գնա մարզ արի: Իրա գործը երթուղայինների մեջ է, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ոնց են գնում-գալիս»: Նրա հաշվարկներով՝ ողջ Հայաստանին պետք է ամենաշատը 35 ծառայողական ավտոմեքենա: Բայց ահա 5 տարի անց իր իշխանության օրոք Երեւանի քաղաքապետարանը պետական գնումների պլանով 17 մլն դրամ միայն ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար է նախատեսել, 1,2 մլրդ դրամի ռեգուլյար եւ պրեմիում տեսակի բենզին գնելու համար է հայտ ներկայացրել՝ ավտոմեքենաների անիվների եւ այլ ծախսերը չհաշված:

Պարզվում է՝ աթոռը շատ մեծ նշանակություն ունի մեր պետական գերատեսչությունների համար: 2022-ին Երեւանի քաղաքապետարանը միայն բազկաթոռ գնելու համար, այդ թվում՝ ղեկավարի բազկաթոռների, որոնցից մեկ հատն արժե մինչեւ 270 հազար դրամ, նախատեսել է վճարել 17 մլն 552 հազար դրամ: Սովորական աթոռների, գրասենյակային եւ փայտյա աթոռներ պլանավորել են գնել 32 մլն 760 հազար դրամի:

Ուշագրավ է նաեւ, որ գնումների պլանով միայն 87 մլն դրամի թխվածքաբլիթ են ուզում գնել: Երբ 2016-ին պարզվեց, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը 30 մլն դրամի կոնյակ էր առել՝ որպես ներկայացուցչական ծախս եւ 9000 դոլարի էլ շոկոլադ, երեւանցիները արդարացիորեն բողոքի մեծ ալիք բարձրացրեցին: Բայց երբ Հրաչյա Սարգսյանի օրոք 87 մլն դրամ թխվածքաբլիթի գնմանն են հատկացնում, չկա՞ քաղաքապետարանում մեկը, որ հարցնի՝ լավ, մանկապարտեզներին թխվածքաբլիթ եք տալիս, բայց 87 մլն դրամի՞, այնպիսի տպավորություն է, որ Երեւանի երեխաները առավոտից իրիկուն թխվածքաբիթ են ուտում:

Բավականին մեծ գումար՝ 27 մլն դրամ պլանավորել են հատկացնել առնետների դեմ պայքարի համար: 3,2 մլն դրամի ականջակալի գնման հայտ են ներկայացրել: Այսպիսի առաջնահերթությամբ գնումներից հետո նայում ենք թաղման ծառայությունների համար նախատեսված ծախսը՝ 3 մլրդ դրամ ու պլանավորում՝ ապրե՞լ, թե՞ մեռնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930