Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա աբսուրդ է․ քաղաքը բեռնաթափելու նպատակ ունեն, թող պետական հիմնարկները տեղափոխեն կենտրոնից»․ Տիգրան Քեյանը՝ մարզերի տրանսպորտի մուտքը Երեւան արգելելու մասին

Հոկտեմբեր 14,2026 12:08 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ես չեմ կարծում, թե այդ նախագիծը կյանքի կկոչեն, դա զուտ խոսակցության մակարդակում է մնալու։ Դա աբսուրդ է, չեն կարող նման բան անել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությանը՝ մարզային ավտոմեքենաների մուտքը Երեւան արգելելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նախորդ նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր սահմանափակել մարզային տրանսպորտային միջոցների մուտքը Երեւան։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ լրագրողների հետ  զրույցում ասել էր, որ խոսքը միայն մարզային հասարակական տրանսպորտի մասին չէ, մարզերի բնակիչներն իրենց սեփական ավտոմեքենաներով էլ չպետք է մտնեն Երեւան։

«Մենք ասում ենք՝ քաղաքի մուտքերի մոտ պարկինգներ կառուցենք, որ մարդիկ, ովքեր մասնավոր մեքենայով են գալիս, կանգնեն այդտեղ եւ քաղաքի ներսում արդեն տրանսպորտով տեղաշարժվեն։ Դա մի թեմա է, միջհամայնքային տրանսպորտը, որ գալիս ու սկսում է մեզ մոտ ամեն կանգառում կանգնել, ուղեւոր վերցնել ու իջեցնել, դա մեկ այլ թեմա է»,- ասել էր Սուրեն Գրիգորյանը։

Քաղաքային իշխանությունները նշում են, որ Երեւանում ստեղծված խցանումները մեծ թվով տրանսպորտային միջոցների՝ քաղաք մտնելու հետեւանք են։ Եվ այս քայլերով փորձում են բեռնաթափել քաղաքը։

Տիգրան Քեյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Բեռնաթափել ասելով՝ ի՞նչ նկատի ունեն, որ մարդիկ չգան քաղաք, թե՞ ինչ անեն։ Բեռնաթափելու նպատակ ունեն, թող պետական բոլոր հիմնարկները տեղափոխեն քաղաքի կենտրոնից։ Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի շենքը թող գտնվի Աշտարակում կամ ծայրամասում մի տեղ, որ ոչ մեկը չգա Երեւանի կենտրոն՝ քաղաքապետարան դիմում ներկայացնելու»,- ասաց Տիգրան Քեյանը։

Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը քաղաքային իշխանությունները չեն կարող կյանքի կոչել, քանի որ Երեւանի մուտքերի մոտ այդքան տարածքներ չկան, որպեսզի կայանատեղիներ կառուցեն։

«Դա աբսուրդ է էլի, ես մտածում եմ, որ դատարկ խոսակցություն է, ինչ-որ մեկն ինչ-որ կարծիք է արտահայտել, իրենք էլ կրկնում են։ Օրինակ՝ Աշտարակից եկող մեքենաները որտե՞ղ պետք է մարդիկ կայանեն ու նստեն քաղաքային տրանսպորտ։ Այնտեղ մեծ խաչմերուկ է, աջ մասում Աջափնյակն է, ձախ մասում՝ Դավթաշենը, որտե՞ղ պետք է կանգնեն մեքենաները։ Միակ հեշտ տարբերակն այն է, որ Սեւանից եկողներին ասեն՝ մի 20 հոգի գնացեք Հյուսիսային ավտոկայանում կանգնեք, բա մնացածը որտե՞ղ կանգնեն։ Մենք այդ ենթակառուցվածքը չունենք, որ այդ մեքենաները կայանեն, Էջմիածնից եկողները որտե՞ղ պետք է կանգնեն, մինչեւ կենտրոնական ավտոկայան խցանում է, դրանից հետո խցանումը քչանում է։ Եթե մարդը հասնի ավտոկայան, էլ կարիք չկա կայանելու, խցանումը վերջացավ։ Ես մտածում եմ, որ սրանք ուղղակի խոսակցություններ են՝ հարցն իրենց ուշադրության տակ պահելու, քննարկելու, բայց չեմ կարծում, թե կյանքի կկոչվի, որովհետեւ աբսուրդ է»,- նշեց Քեյանը։

Տիգրան Քեյանի խոսքով՝ վերջին տարիներին Երեւանում տրանսպորտային միջոցների թիվը կտրուկ աճել է, քանի որ տրանսպորտային միջոցներն ավելի մատչելի գին ունեն, մարդկանց գնողունակությունը բարձրանում է։ «Տրանսպորտային միջոցի գներն ավելի հասանելի են դառնում, մարդիկ նախընտրում են մեքենա ձեռք բերել, քան չկայացած քաղաքային տրանսպորտով երթեւեկել։ Մարդիկ նախընտրում են իրենց անձնական մեքենան, քանի որ այդպես երթեւեկելն ավելի անվտանգ է, քան քաղաքային տրանսպորտով ու տաքսիներով երթեւեկելը»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031