Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ ճանաչեցի ներսից, շատ բան հասկացա». Անահիտ Խեչոյանը՝ իր եւ ՔՊ-ի չկայացած համագործակցության եւ «Ապրելու երկրի» ցուցակը գլխավորելու մասին

Սեպտեմբեր 09,2022 20:40 Share

«Մերժելու խնդիր չի, մենք պարզապես տարբեր հայացքներ եւ պատկերացումներ ունեինք այս գործընթացների մասին: Ես ունեմ իմ հստակ մոտեցումները եւ փորձել եմ համագործակցել, որպես իշխանություն, արդյունքի հասնելու նպատակով, բայց այնտեղ մոտեցումները, պատկերացումները, մարդկանց նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է: Նաեւ ցուցակի հետ կապված՝ թե ցուցակում ընդգրկված մարդիկ ինչպիսի՞ որակներ պետք է ունենան, ձեւավորվող նոր իշխանությունը ինչպիսի՞ն պետք է լինի. մենք այդ հարթությունում խնդիրներ ունեինք եւ ես հասկացա, որ սա այլեւս այն ուժը չէ, որի հետ… շատ լավ ճանաչեցի ներսից, շատ բան հասկացա, իմացա ներսից: Եթե իրենք մնան իշխանության, հասկացա, որ լավ չի լինի բոլորիս համար, ոչ միայն մեր համայնքի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Չարենցավան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Խեչոյանը՝ պատասխանելով ՔՊ-ի հետ համագործակցության իր տապալված փորձի մասին հարցին: Մամուլում հրապարակումներ եղան, որ նախընտրական շրջանում Անահիտ Խեչոյանը փորձել է ընդգրկվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում, սակայն, նրան մերժել են:

Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին Հայաստանի 17 համայնքում համամասնական, իսկ մեկ համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով, ընտրություններ կանցկացվեն: Թեժ ընտրապայքար է սպասվում նաեւ Չարենցավան համայնքում, որտեղ քաղաքային իշխանություն ձեւավորելու համար կպայքարեն երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը» եւ «Միասնական համայնք» դաշինքը։ ՔՊ–ի քաղաքապետի թեկնածուն Չարենցավանում Արթուր Գալստյանն է։ Նա կուսակցական է, հայտնի է «Ճնդո» մականվամբ, ըստ մամուլի հրապարակումների, հովանավորվում է  նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրների կողմից: Ըստ տեղացիների, նա հովանավորյալներ ունի նաեւ իշխանության վերին օղակներում:

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է այս ընտրապայքարի միակ կին թեկնածուն՝ Անահիտ Խեչոյանը: «Միասնական համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Հակոբ Շահգալդյանը: Նա Չարենցավանի գործող քաղաքապետն է. քաղաքը ղեկավարում է 2007 թվականից: Նա Կոտայքի երկարամյա մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է:
Իսկ թե ի՞նչն է Անահիտ Խեչոյանին ստիպել համագործակցել «Ապրելու երկրի» հետ՝ ասաց. «Թիմի սկզբունքային եւ պրոֆեսիոնալ լինելն է ինձ գրավել եւ դա է պատճառը, որ որոշել եմ իրենց հետ աշխատել: Դա այն թիմն է, որտեղ դու քեզ թե իբրեւ մարդ, թե իբրեւ մասնագետ լավ ես զգում եւ ամեն օր կատարելագործում ես գիտելիքներդ»:

«Շատ ակտիվ աշխատում ենք, քարոզարշավը սկսել ենք գյուղական բնակավայրերից, նաեւ քաղաքում ենք բաժանում մեր քարոզչական նյութերը, խոսում ենք մարդկանց հետ, շատ ջերմ եւ ակտիվ արձագանքում են»,-խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, ասաց թեկնածուն: Ամփոփելով քարոզարշավի առաջին փուլը, մեր զրուցակիցն արձանագրել է՝ մարդկանց հետաքրքիր է «Ապրելու երկիրը», քանի որ նոր ուժ է, մաքուր է եւ իր լավ ու վատ կողմերով չի հասցրել հանրությանը զարմացնել-զայրացնել: Նաեւ իրենով են հետաքրքրված, իբրեւ կին թեկնածուի. «Մանրամասն հետաքրքրվում են «Ապրելու երկրի» ծրագրերով՝ տվյալ բնակավայրին վերաբերվող, իրենց  դիրքորոշումներն են ներկայացնում առկա խնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ, իրենց դժգոհություններն են ներկայացնում նախկին եւ գործող քաղաքային իշխանություններից, որոնք իրենց սպասելիքները չեն արդարացրել կամ հանրության պատկերացումների շրջանակում չեն դրսեւորել իրենց»:

Անահիտ Խեչոյանն իր հնարավորությունները բարձր է գնահատում եւ չի կաշկանդվում «հեղինակավոր» տղամարդկանց հետ մրցակցությունից: Նա համոզված է, որ գործող քաղաքապետի համար միշտ «կանաչ ճանապարհ» է ապահովվել՝ դեպի իշխանություն ու նա կարիք չի ունեցել պայքարելու, իր կարողություններն ու ունակությունները դրսեւորելու: Իբրեւ իր համոզմունքի ապացույց՝ մատնանշում է Հակոբ Շահգալդյանի «տունառտուն» քարոզարշավը. ասում է, եթե իր իշխանության երկար ժամանակի ընթացքում արդարացրած լիներ մարդկանց հույսերը, հիմա նրանց դուռը գնալու եւ քվե խնդրելու կարիքը չէր ունենա, կնստեր եւ կքաղեր իր աշխատանքի պտուղները: Ինքն էլ է «տունառտուն» այցելում, բայց այդ կեցվածքն իր պարագայում արդարացված է համարում, քանի որ նոր մարդ է, նոր ուժ է, ներկայանալու եւ ծրագրերը ներկայացնելու, վստահություն շահելու խնդիր կա:

ՔՊ-ի թեկնածուին էլ իրեն մրցակից վերապահումով է համարում, քանի որ որեւէ ոլորտում ընդհանուր եզրեր չի գտնում հատման, ուր մնաց մրցակցելու: Ավելին, իր համար անհասկանալի է իշխող ուժի ընտրությունը՝ թեկնածուի հարցում. «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այս համայնքի բնակիչներին առաջարկում այս որակի ղեկավար ունենալ, ի՞նչ է դա նշանակում»: Մեր հստակեցնող հարցին էլ ասաց, որ ցածր է գնահատում ՔՊ-ի թեկնածուի որակները՝ բոլոր առումներով: Հուսով է, համայնքի բնակիչներն այդ ամենը տեսնում եւ հասկանում են եւ վարչական լծակների կիրառման փորձերը հաջողության չեն բերի իշխող ուժին: «ՔՊ-ն գործում է նախկինում նույն ՀՀԿ-ականների գործած ոճով: Կոնկրետ անուններ, բնականաբար, չեմ տա, բայց մարդկանց աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ են լինում: Նույնիսկ այսպիսի դեպքեր ունենք՝ այս թեկնածուի սոցկայքի գրառումը ինչո՞ւ ես հավանել: Կամ, մեր ավագանու թեկնածուներից, օրինակ, մրցույթն անցած մարդուն, մինչեւ հիմա նշանակման հրաման չեն տալիս: Ավագանու մի թեկնածու էլ ունեինք, որ ցանկանում էր մեր ցուցակում ընդգրկվել, այնքան հետեւից ընկան՝ հողի հետ կապված խնդրով, որ մարդը հրաժարվեց մտնել ցուցակ՝ ասելով՝ կներեք, ես նման քաշքշուքների մեջ չեմ կարող մտնել: Այսպիսի լարվածություն ունենք. վարչական եւ մարդկային ազդեցությունների հնարավորությունները շատ փնթի ձեւով օգտագործում են»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք չեն գնում իրավիճակի սրման, ամեն ջանք գործադրում են, որ հանգիստ մթնոլորտը պահպանվի: Իր հավաստմամբ, նախկինում ԲՀԿ-ի համար աշխատած կարկառուն դեմքերն են իշխանության համար աշխատում, այսօր էլ նրանք թուղթ ու գրիչով ընկած են տները եւ ձայն են հավաքագրում: Ընտրակաշառքի ֆիքսված դեպքեր չկան, դրանք անուղղակի են՝ սոցիալական օգնություններ, սեպտեմբերի 1-ի նվերներ դպրոցականներին եւ այլն:

Անահիտ Խեչոյանի համար մերժելի է իր մրցակից երկու տղամարդկանց «հեղինակությունը», քանի որ համոզված է, որ դա հենց նրանց կողմնակիցների կողմից արհեստական ստեղծված է: Իր մրցակիցների, համենայնդեպս, նրանց թիմակիցների, ընդհուպ մինչեւ պանիկայի հասնող անհանգստությունների դրսեւորումներ է արձանագրել: Դրանք, առայժմ առարկայական ազդեցություն կամ դրսեւորում չեն ունեցել քարոզարշավի ընթացքի վրա, ամեն ինչ հարթ է ընթանում, անհանգիստ գործընթացներն էլ դեռ ստվերային են: Ակնհայտ դրսեւորումներից միայն այն է, որ Արզական համայնքում Անահիտ Խեչոյանի պաստառն են պոկել:

«Ես համայնքի բնակիչ եմ եւ ստիպված եմ մտել այս ընտրապայքարի մեջ, որպեսզի հետագայում ունենանք գրագետ, նորմալ քաղաքային իշխանություն եւ ես իմ կաբինետը հենց այդ սկզբունքով եմ ձեւավորելու հետագայում»,- ասաց Անահիտ Խեչոյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930