Սեպտեմբերի 10-11-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի ունեցավ «Հաւք 2022» ԱԹՍ մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթին մասնակցեցին 41 թիմ, որոնցից 23-ը՝ դպրոցական, 5-ը՝ մասնագիտական, 13-ը՝ սիրողական։ Թիմերն ընտրվել էին օգոստոսի վերջին տեղի ունեցած նախամրցութային փուլերի արդյունքում։ Մրցույթի հիմնական անվանակարգերը երեքն էին՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու մասնագիտացած ընկերություններ։

«Տարածքում կողմնորոշում և իրերի հայտնաբերում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորի GoSky թիմը։ «Բեռների առաքում» և «Հեղուկ նյութերի սփռում» խնդիրները լավագույնս լուծեց ՌՄՎ թիմը՝ Դիլիջանից։
Սիրողական թիմերից «Տարածքում կողմնորոշում և իրերի հայտնաբերում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հայդեքս» թիմը, «Բեռների առաքում» անվանակարգում՝ «Առաջնեկ» թիմը, իսկ «Հեղուկ նյութերի սփռում» անվանակարգում՝ HighFive թիմը։
Կարդացեք նաև
Մասնագիտական թիմերից «ՄԻՏ կենտրոն» թիմը հաջողությամբ լուծեց «Բեռների առաքում» և «Տարածքում կողմնորոշում և իրերի հայտնաբերում» խնդիրները՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Արմինե Հայրապետյանը (ԱԻՆ), Տիգրան Զաքարյանը (ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ), Սաթենիկ Մնացականյանը և Արման Պողոսյանը (Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ), Արտակ Չոփուրյանը (Instigate Mobile ընկերություն), Աշոտ Ղուկասյանը (BooTech ընկերություն), Հրանտ Խաչատրյանը և Հրաչյա Խաչատրյանը (Symotec ընկերություն), Վահագն Պողոսյանը («Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ), Սեդրակ Վարդանյանը և Ավագ Սայանը («Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ), Վահան Վարդանյանը (Promac ընկերություն), Արմեն Գյոկչյանը (Festo ընկերություն)։
Հիշեցնենք, որ ԱԹՍ մրցույթի կազմակերպման գլխավոր նպատակն է արտակարգ իրավիճակների համար անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ, որոնք կօգտագործվեն փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաև բարձրացնել երկակի նշանակության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը:
Մրցույթը կազմակերպվել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից։ Համակազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։ Գլխավոր հովանավոր՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ։ Հովանավորներ՝ Instigate, BooTech, Instigate Semiconductor, Instigate Design ընկերություններ: Գործընկերներ՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն, Լոռու մարզպետարան։
Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ


















































