Մեր հայրենիքի սահմանների վրա հարձակման լուրը լսելուն պես մի խումբ երիտասարդներ համախմբվեցին, որպեսզի առաջնագծում կանգնած զինվորին ապահովեն անհրաժեշտ պարագաներով։
ԵՊԲՀ-ի ուսանող Արման Հարությունյանը դեռ 2020թ էր սկիզբ դրել կամավորական շարժման, որը կրկին վերսկսել է իր աշխատանքները: 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկը օգնելով Արմանին, համախմբել է ընկերներին ու համակուրսեցիներին, եւ սեպտեմբերի 13-ից մինչ օրս Թումանյան 42 հասցեում՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանում փորձում են հավաքագրել հագուստ, ուտելիք և այլ անհրաժեշտ պարագաներ ։ 
«Ես պատերազմի մասնակից լինելով հանդերձ` չէի կարող անտարբեր անցնել ու չաջակցել սահմանում կանգնած զինվորին: 2020թ.-ին 44-օրյա պատերազմին քաղաքացիական ընկերներս են այս ամենը արել, իսկ հիմա ես եմ միացել ընկերներիս»,- մեզ հետ զրույցում նշեց Նարեկը: Նաեւ հավելեց. «Երբ կարիքս զգացվի սահմանում, միանշանակ առանց երկմտելու առաջնագիծ եմ գնալու»:
Նարեկը ծանր մարտերի ժամանակ եղել է Մատաղիսում, իսկ պատերազմի 41-րդ օրը Շուշիում. պատմում է, որ առանց նահանջի կռվել են, ապրել ծանր զգացողություններ. «Շուշիի մատույցները ծանր վիրավորում եմ ստացել ու տեղափոխվել Երևան։ Այդ ընթացքում կորցրել եմ զինակից ընկերների, որոնք հավերժ կմնան ընկեր: Ոչ պատերազմն է կանխատեսված, ոչ էլ մահը: Ամեն վայրկյան հնարավոր է ամենաանսպասելին, որին պատրաստ է հայ զինվորը»։
Կարդացեք նաև

Անժելիկա ՈՍԿԱՆՅԱՆ


















































