Սեպտեմբերի 25-ին հանրապետության 17 համայնքում կայանալիք ավագանու համամասնական ընտրություններին թվով ամենաշատ ուժերն առաջադրվել են Սիսիան համայնքում։ Այստեղ ուժերը կչափեն 5 կուսակցություն եւ 2 դաշինք։
Սիսիանին ապագա խոստացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 63 հոգանոց ցուցակը գլխավորում է Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 37-ամյա Արմեն Հակոբջանյանը։ Նրան հաջորդում են ոչ մի տեղ չաշխատող, Սիսիանի ավագանու անդամ Արմենակ Միրզախանյանն ու Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանը։ Առաջին եռյակից անկուսակցական է Արմենակ Միրզախանյանը։ Կառավարող ուժի ընտրացուցակում են նաեւ Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Հովհաննիսյանը, որը 4-րդ հորիզոնականում է եւ Գարիկ Հակոբյանը, որը 32-րդն է։ Ցուցակի 13-րդ համարն Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է՝ «Հայանտառի» Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Համբարձումյանը։ Նրանք բոլորը անդամակցում են կառավարող ուժին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի թեկնածուներից անկուսակցական են 16-ը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցում է 43 թեկնածուով։ Ցուցակը գլխավորում է 38-ամյա գործարար Արա Զաքարյանը։ «Տեղյակ ենք, կարող ենք, կանենք»․կարգախոսով ընտրողին ներկայացած Արա Զաքարյանը իր թիմի հետ Սիսիանը ապրեցնելու նպատակ ունի։ Ընտրացուցակի առաջին եռյակում են՝ կենտրոնական բանկի Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Իվանյանն ու ոչ մի տեղ չաշխատող Իսկուհի Բաղդասարյանը։ Թեկնածուներից միայն երկուսն են անկուսակցական՝ Արա Զաքարյանն ու 12-րդ հորիզոնականում գտնվող Հայ օգնության ֆոնդի աշխատակցուհի Լուսինե Հարությունյանը։
Կարդացեք նաև
«Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ցուցակում 63 թեկնածուներ են, որից 18-ն անկուսակցական են, 25-ը՝ « Վերածնվող Հայաստան», 20-ը՝ «Համերաշխություն» կուսակցությունների անդամներ։ Ցուցակը գլխավորում է անկուսակցական 38-ամյա Հայկ Առաքելյանը։ Վերջինիս հաջորդում է Սիսիանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի (ԶԱԳՍ) պետ Նվեր Մարտիրոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականում Գալյա Հովհաննիսյանն է։ Վերջիններս անկուսակցական են։ Ցուցակի 4-րդ հորիզոնականում Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ, անկուսակցական Սիմոն Հովհաննիսյանն է։
Ի դեպ, նկատենք, որ դաշինքի ընտրացուցակում շատ են համայնքապետարանի ենթակայությամբ հաստատություններում աշխատող թեկնածուները՝ երաժշտական դպրոցների, նախակրթարանների աշխատակիցներ, դպրոցների մանկավարժներ։ Ցուցակի 17-րդ համարը Սպանդարյանի վարչական ղեկավար Դավիթ Ենոքյանն է։ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ չնայած թեկնածուների վրա ճնշումների փորձերին՝ դրանք որեւէ արդյունք չունեցան նախընտրական պայքարի վրա։

Ի դեպ, սիսիանցիների դիտարկմամբ հիմնականում պայքարը ծավալվելու է «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» , Հանուն Հանրապետության» կուսակցությունների ու «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի միջեւ։



Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները թեկնածուների ֆեյսբուքյան էջերից





















































