Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մենք ճնշվող տեսակ չենք, ճնշվողներն էլ հիմա քիչ են ու մեր ընտրողը չեն»․ Արա Զաքարյան

Սեպտեմբեր 08,2022 11:40

Սեպտեմբերի 25-ին կայանալիք համայնքի ավագանու համամասնական ընտրություններին Սիսիանում առաջադրվել են 2 դաշինքներ եւ 5 կուսակցություններ՝ «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Մեկ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր»։ Սիսիանում հայտ ներկայացրած դաշինքներն են՝ «Աշխատանք եւ Արդարություն»-ը՝ կազմված «Համերաշխություն» եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից, «Զարգացող համայնք» դաշինքն էլ ներկայացնում են «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցությունները։ Aravot.am-ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, գործարար Արա Զաքարյանի հետ։

ԱՅՑԵՔԱՐՏ Ծնվել է 1984 թվականին, Սիսիանում։ Ավարտելով Սիսիանի թիվ 3 դպրոցը՝ ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Փոխադրումների կազմակերպում եւ կառավարում ավտոմոբիլային տրանսպորտում» ֆակուլտետը: Ծառայել է ՀՀ զինված ուժերում, զբաղեցրել է պատասխանատու բարձր պաշտոններ մասնավոր ընկերություններում, մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների, ունի մաքսային ձեւակերպումների մասնագետի լրացուցիչ որակավորում։ 2014թ.-ից մինչ օրս «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերության ՍիսիանԳորիս սպասարկող բազայի տնօրենն է։ 2016թմեծամասնական ընտրակարգով առավելագույն ձայներով ընտրվել է Սիսիան համայնքի ավագանու անդամ: Անկուսակցական է, Ամուսնացած է, ունի մեկ որդի:

-Պարոն Զաքարյան, ինչո՞ւ որոշեցիք պայքարել Սիսիանի համայնքային իշխանության համար եւ ինչու հատկապես «Ապրելու երկիր» կուսակցությունով։

-44-օրյա պատերազմից հետո Սիսիանը փաստացի դարձել է սահմանապահ համայնք: Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, պահող սյունը, մարզի անունը հենց այդ է հուշում, իսկ Սիսիանը Սյունիքի դարպասն է, կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է: «Ապրելու երկիր» կուսակցությունը կիսում է այս ընկալումը, պատրաստ է ըստ ամենայնի աջակցել համայնքի զարգացմանը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ժամանակին ձեզ խոստացել էին Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել ու բոլորովին վերջերս էլ ցանկություն ունեիք գլխավորել « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, բայց չհաջողվեց։ Ի՞նչ կասեք այս մասին։

–Օդից կախված լուրերը չեմ մեկնաբանում, կառավարող կուսակցությունը ամիսներ առաջ է հայտարարել իր ցուցակը գլխավորող թեկնածուի անունը: 2021 թվականին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու առաջարկությամբ կամ խնդրանքով ինձ չեն դիմել:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի հետ ինչ փոխհարաբերություններ ունե՞ք, ասում են նա Ձեր մանկության ընկերն է ու մի բակում եք ապրում։

-Բոլոր թեկնածուների հետ ունեմ նորմալ հարաբերություններ անձնական հարթությունում, ինքս երբեք կոնֆլիկտներ չեմ ստեղծում:

-Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին, «Ապրելու երկիր» կուսակցությունից բացի, առաջադրվել են եւս 6 քաղաքական ուժեր, ինչպե՞ս եք գնահատում ձեր ու ձեր մրցակիցների շանսերը։

-Ես համայնքի ղեկավարի թեկնածու եմ առաջադրվել, իսկ այդ նշանակում է, որ ընտրություններում մենք ակնկալում եւ խնդիր ենք դնում ստանալ սիսիանցիների բացարձակ վստահության քվեն: Կարծում եմ, ընտրողներն էլ են հակված անձամբ ընտրել իրենց համայնքապետին, այլ ոչ ավագանու անդամների միջոցով:

-Ձեր կարգախոսն է՝ «Տեղյակ ենք, կարող ենք, կանենք» ինչի՞ց եք տեղյակ, ի՞նչ եք կարող եւ ի՞նչ կանեք։

Տեղյակ ենք խնդիրներից, կարող ենք՝ նշանակում է, որ Սիսիան համայնքում առկա են բավարար ռեսուրսներ այդ խնդիրները լուծելու համար, իսկ մեր թիմն ունի իրատեսական եւ արդյունավետ լուծումներ, կանենք՝ երբեք չեմ ստանձնում պատասխանատվություն, որ կրել չեմ կարող, եթե ասում եմ կանենք, ուրեմն արվելու է:

-Պարոն Զաքարյան, անդրադառնանք ընտրողների հետ հանդիպմանը հնչեցրած ձեր մի մի քանի ձեւակերպումներին։ Վերականգնելու ենք մարդկանց վստահությունն ու հավատը ինչպե՞ս, ինչո՞ւ մինչեւ հիմա չէիք անում։

-Մեր համայնքն այսօր լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած՝ գոյաբանական մակարդակում: Սիսիանցին եւ Սիսիանը ապրելու խնդիր ունեն, կարծում եմ, ճիշտ չէ համայնքային ընտրությունները վերածել Ազգային ժողովի նոր ընտրությունների, իսկ Սիսիանի ավագանին վերածել Ազգային ժողովի մանրակերտի: Հասարակ մարդկանց պետք է խնդիրներ լուծող տեղական իշխանություն, ոչ թե խնդիրներ ստեղծող:

Կոտրում ենք հուսահատության ու անտարբերության պատը ումի՞ց են հուսահատ ու ինչո՞ւ են անտարբեր։

-Ընտրություններից առաջ մեր թիմը ուսումնասիրություններ է կատարել Սիսիանի բոլոր բնակավայրերում, որի վերաբերյալ նկարահանումները մենք հիմա ներկայացնում ենք ֆեյսբուքի իմ պաշտոնական էջում: Մարդկանց բացարձակ մեծամասնությունը որեւէ ակնկալիք եւ սպասելիքներ չուներ համայնքային իշխանությունից՝ համոզված, որ հերթական անգամ խաբվելու են, որ տեղական իշխանությունից շատ քիչ բան է կախված: Հուսահատության ու անտարբերության պատը տարիներով կառուցվել էր այդ հիմքի վրա, այն պետք էր քանդել մարդկանց եւ տեղական իշխանության միջեւ վստահությունը վերականգնելու համար:

-Սիսիանը դարձնենք ապրելու համայնք մինչեւ հիմա ապրելու համա՞յնք չէր։

-Պետք է հասկանալ, որ բնակության վայրը յուրատեսակ ապրանք է: Արտագաղթը մեր համայնքից բավականին մեծ է, պատճառը կյանքի ցածր որակն է: Սիսիանն այսօր արդեն ունի բազմաթիվ ուրվական բնակավայրեր, մեռնող գյուղեր, որտեղ կյանքի որակի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ չկան տարրական կենսապայմաններ: Եթե ապրելու համայնք լիներ, այս վիճակում չէինք լինի:

-Եվ այսքանից հետո՝ ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը ընտրվելուց հետո։

-Հաստատելու ենք համայնքի ռազմավարական զարգացման 5-ամյա ծրագիրը, համայնքի տարեկան բյուջեն՝ սուբվենցիոն ծրագրերով, համայնքապետարանի նոր կառուցվածքը: Մեր նախագծերը՝ փաստաթղթերի ամբողջական փաթեթով, պատրաստ են: Պարզ ասեմ՝ առաջին քայլը ձեւավորել ծրագրային կառավարում իրականացնելու ունակ գործունակ, գործունյա եւ արդյունավետ իշխանություն մարմին ու աշխատել։ Իրավունք չունենք մեկ օր անգամ կորցնելու:

-Մոտ 7 օր է, ինչ մեկնարկել է քարոզարշավը ինչպե՞ս եք գնահատում այն։

-Հուսով եմ՝ հետեւում եք մեր քարոզարշավին ու, պիտի համաձայնեք, ամենաակտիվն է եւ ամենահարուստը՝ բովանդակության առումով: Տխրեցնող է, որ չկա ծրագրային բանավեճ՝ չնայած մենք պատրաստվել էինք այդպիսի մրցակցության: Կարծում եմ, սիսիանցիները մեր օգտին քվեարկությամբ ապագա ընտրությունների հնարավոր մասնակիցներին կհասկացնեն, որ ինքնագովազդի փոխարեն այսուհետ ընտրեն մարդկանց հետ երկխոսելու դաշտում մյուս թեկնածուների հետ ծրագրային մրցակցությունը:

-Եթե չեմ սխալվում, կառավարող ուժի թեկնածուն Ձեզ մեղադրեց ոչ հավաստի տեղեկատվություն տարածելու մեջ՝ կապված Սիսիանի պարի դպրոցի հետ ի վերջո ի՞նչ պարզվեց։

-Պարզելու ոչինչ չկար, պարարվեստի դպրոցը որպես մասնագիտական կրթական հաստատություն գոյություն չունի, ինչը հաստատեց եւ Սիսիանի համայնքապետարանը: Տեղին չեմ համարում լրացուցիչ մեկնաբանություն անել, կարծում եմ, մեր շտաբի մամլո հաղորդագրությունը պետք է որ բավարարեր Սիսիանի համայնքապետարանի ժամանակավոր անձնակազմին:

-Ճնշում կամ սպառնալիքներ կա՞ն ձեր համակիրների ու «Ապրելու երկիր»-ի ընտրացուցակում ընդգրկված ավագանու անդամ թեկնածուների վրա։

-Մենք ճնշվող տեսակ չենք, ճնշվողներն էլ հիմա քիչ են ու մեր ընտրողը չեն:

-Եթե չհաջողվի ստանալ ընտրողների քվեների 50+1 հարաբերակցությունը, որ ուժի հետ եք տեսնում համագործակցությունը, ինչու չէ նաեւ կոալիցիա կազմելը։

-Ժամանակավրեպ եմ համարում հարցը, քանի որ մեր թիմը քարոզարշավն իրականացվում է հստակ ընտրական ռազմավարության հիմքով, որտեղ մեր ձեւակերպած նպատակը սիսիանցիների բացարձակ վստահության քվեն ստանալն է: Որպես հնարավոր կոալիցիայի կողմ դիտարկում ենք նախ եւ առաջ հասարակ ընտրողին, կարծում եմ, մեր սիսիանցիները վճռական են տրամադրված անձամբ, այլ ոչ միջնորդավորված՝ ավագանիների միջոցով, ընտրելու իրենց համայնքապետին:

-Կա մի հարց, որ կցանկանայիք ինքներդ ձեզ տալ, ու իհարկե՝ պատասխանել։

-Ինչպիսի՞ն եմ տեսնում Սիսիանի վաղվա օրը:

Վաղվա օրը մերն է ու մեր երեխաներինը: Ժամանակն է մեր ձեռքը վերցնենք մեր խաչն ու դրոշը, որովհետեւ Սիսիանը մեր բոլորի սրտում է, մեր յուրաքանչյուրի խրամատում, պետք է պաշտպանենք, հաղթենք ու ապրեցնենք:

-Պարոն Զաքարյան, առաջարկում եմ անցնել բլից-հարցերին, եւ այսպես՝

-Ինչի՞ց եք վախենում

-Վախենալուց. կյանքում ցանկացած իրավիճակի համար հնարավոր է լուծում գտնել, անհաջողությունից պետք է դասեր քաղել ու շարունակել աշխատել:

-Ո՞ւմ խորհուրդն եք հաշվի առնում կյանքում։

-Կյանքում՝ ընտանիքիս, իհարկե, աշխատանքում՝ մասնագետի խորհուրդը:

-Սիսիանից բացի, ուրիշ որտե՞ղ կապրեիք։

-Սիսիանն իմ տունն է, պանդուխտ չեմ ուզի լինել ու կարոտով ապրել:

-Ձեր սիրած կենացը։

-Մայրերին նվիրված կենացը, կարծում եմ, բոլոր հայերը մայրապաշտ են:

-Անկեղծության ձեր բանաձևը։

-Եթե կեղծում ես ուրիշների հետ, ի վերջո դադարում ես անկեղծ լինել ինքդ քեզ հետ:

-Հանդուրժող եմ, մինչեւ․․․․

-Հանդուրժողությունը համբերություն է, որ երբեմն դառն է, բայց պտուղները միշտ քաղցր են:

-Եթե հանդիպեիք Աստծուն, առաջինը ի՞նչ կխնդրեիք

-Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս աստված մեր, պահիր եւ պահպանիր Հայաստան աշխարհը ու մեր Սիսիանը:

Զրուցեց Արմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Լուսանկարները Արա Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930