Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ չնայած խորհրդարանական նիստերին չեն մասնակցում, բայց մյուս ճակատներում 24/7 ռեժիմով աշխատում են, հանդիպումներ են ունենում միջազգային գործընկերների հետ:
Անդրադառնալով Արցախի հարցին՝ նա ասաց. «Միանշանակ է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի եւ պատկերացնելով Արցախը Ադրբեջանի կազմում՝ նշանակում է, որ մենք մեր հայրենակիցներին ուղղակի տանում ենք նոր ցեղասպանության: Որեւէ արցախցի չի կարող ադրբեջանցիների ներկայությամբ ապրել ապահով, իր իրավունքները պաշտպանել ու ուղղակի կարողանալ ապրել, դա անհնար է, դա մոլորություն է: Որեւէ կերպ չպիտի թույլ տանք, որ նման բան տեղի ունենա: Լավ է, որ արցախցիները սկսել են իրենց ըմբոստությունները: Ցանկացած ձեւով մենք պիտի կարողանանք ամբողջ աշխարհին լսելի դարձնել, որ եթե Կոսովոյի դեպքում ինքնորոշումը աշխարհի համար ընկալելի է, ինչո՞ւ պիտի Արցախի ինքնորոշումը ընկալելի չլինել: Արցախցիների ինքնորոշումը պետք է հարգվի բոլորի կողմից»:
Թագուհի Թովմասյանը խոսեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի ստացած բողոքների մասին, մասնավորապես, զորակոչի հետ կապված խախտումների. «Ծանուցումներն ուղարկում են ու ծանուցման հաջորդ օրը պահանջում են քաղաքացուց ներկայանալ: Հնարավորություն չի լինում, որ քաղաքացին կարողանա մինչ այդ անգամ բուժզննում անցնել, կարողանա իրենց կենցաղային հարցերը կարգավորել, նոր գնալ՝ հայրենիքի առաջ իր պարտքն իրականացնելու»:
Կարդացեք նաև
Թովմասյանն ասաց, որ մոտ 2 տարի առաջ ՀՀ սահմանների մասին հարց էր ուղղել Փաշինյանին ու պատասխան չէր ստացել: Այսօր էլ նույն խնդիրը կա. «Մենք ունենք կահավորանքի խնդիր: Չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց չհասկանալ, որ ՀՀ իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր՝ Հայաստանում կահավորված առաջնագիծ ունենալու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ