Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փաշինյանը բարկացավ Թագուհի Թովմասյանի հարցից. «Միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք, այստեղ մի քիչ ուժեղ ենք, այստեղով չարժե հարձակվել»

Մայիս 03,2021 13:42

Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բարկացավ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցից:

Նա մասնավորապես հարցրեց. «Պատերազմից մոտ կես տարի է անցել, բայց մեր մարզում եւ Սյունիքում մասնավորապես մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ: Մեր անվտանգությունը ըստ էության գտնվում է մեղմ ասած մտահոգիչ վիճակում: Եվ որպես Գեղարքունիքի մարզի բնակիչ եւ ներկայացուցիչ, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ՝ մինչեւ սահմանային վերջնական ճշգրտումներ, ինչո՞ւ չունենք մենք կահավորում»:

Փաշինյանը պատասխանեց. «Ես մեր հանրային դիսկուրսը լսում եմ եւ հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի: Մեկը կար, չէ՞, պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիեւի տեղը՝ հիմա կհարձակվեմ: Հիմա մենք ճշգրտում ենք՝ որտեղ ինչ, ուղղությունները: Խնդրում եմ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք, օրինակ՝ կոորդինատ այսինչից այս տեղը չունենք խրամատներ, այստեղ մի քիչ ուժեղ ենք, այստեղով չարժե հարձակվել, բայց այս կողքը փոքր միջանցք կա, կարելի է այստեղից մտնել: Ժողովուրդ, մենք հասկանո՞ւմ ենք ինչ ենք անում ընդհանրապես»:

Թագուհի Թովմասյանը արձագանքեց, որ տարակուսած է. «Մեր առաջնագիծը գտնվում է ադրբեջանցիների ուղիղ տեսադաշտում եւ այստեղ որեւէ կոորդինատի հարց չկա: Ես որեւէ ռազմական գաղտնիք չբացահայտեցի: Ես ընդամենը հարցրեցի՝ ինչո՞ւ է մեր պաշտպանական մակարդակը գտնվում այդ վիճակում, իմ մտահոգությունը բարձրաձայնեցի»:

Փաշինյանը պատասխանեց. «Ես հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաեւ դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետեւ արվողի հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի: Այն առաջնագիծը, որը տեսանելի է, մատչելի է, ուրեմն վատ առաջնագիծ է: Փառք Աստծո, որ ոչ դուք, ոչ ադրբեջանցիները չեք կարող դա տեսնել: Ես ուրախ եմ դրա համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31