Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային իրականության երևակայական արտացոլանքը․ ցուցադրություն «Երևան, իմ սեր» հիմնադրամում

Հոկտեմբեր 10,2022 15:08

Հայաստանի բնությունն ու հնագույն ճարտարապետությունն իրենց ինքնատիպ արտացոլումն են գտել «Երևակայական բնապատկերներ» (Imagined Landscapes) նախագծի շրջանակում։ Նախագծի հեղինակներն են բրիտանական արքայական ընտանիքի անդամ, երիտասարդ խեցեգործ նկարիչ Սեմ Չատտոն և հայազգի նկարիչ Էլեանոր Էսքերջյանը, որոնք շուրջ մեկ ամիս շրջել են Հայաստանի տարածքով, ծանոթացել հայկական պատմամշակութային ժառանգությանը և բացառիկ ճարտարապետական կոթողներին։

Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել «Երևան, իմ սեր» հիմնադրամի գործուն աջակցությամբ․հիմնադրամը նախագծի ստեղծման առաջին իսկ պահից և ամեն քայլափոխի սատարել է երիտասարդ նկարիչներին։ Վերջիններս շուրջ մեկ ամիս տևած աշխատանքներն ամփոփել են ցուցադրությամբ։

«Երևան, իմ սեր» հիմնադրամում կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել են Էլեանոր Էսքերջյանի աբստրակտ ոճի կտավները, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր առանձին հայկական ճարտարապետական կոթող, ինչպես նաև Սեմ Չատտոյի՝ հայկական կավից պատրաստված խեցեգործական ու կերամիկական իրերը։

Երկու արվեստագետներն էլ առաջին անգամ էին այցելել Հայաստան, սակայն Էլեանոր Էսքերջյանի համար այս այցը շատ ավելի խորը զգացական արմատներ ուներ. Էլեանորի ընտանիքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ ստիպված լքել էին Կոստանդնուպոլիսը և հաստատվել Մեծ Բրիտանիայում։ Հայաստան այցը լավագույն հնարավորությունն էր վերագտնելու կորսված հիշողությունն ու մշակույթը։

«Ես ցանկանում էի գալ Հայաստան ու տեսնել այն բնապատկերները, որոնց մասին այդքան լսել էի դեռ մանկուց, սակայն մինչ այս հնարավորություն չէի ունեցել։ Նախագծի միջոցով փորձել ենք ցույց տալ, թե ինչպիսին են հայերը, ինչպիսին է այս հիասքանչ երկիրը։ Մենք լիահույս ենք, որ կկարողանանք Մեծ Բրիտանիայում, որտեղ նույնպես նմանօրինակ ցուցահանդես կբացվի, ավելի ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայերին»,- նշել է Էսքերջյանը։

Արվեստի պատմության մասնագետ Սեմ Չատտոն Հայաստանում շրջագայությունների ժամանակ ուղղակի հիացած է մնացել, տեսնելով, թե ինչքան լավ են պահպանված հայկական հնագույն կոթողները։ «Հայկական ճարտարապետությունը պարզապես հիացնում է իր բարձր որակական հատկանիշներով։ Ցավոք, Մեծ Բրիտանիայում շատ բան չգիտեն հայկական ճարտարապետության մասին։ Այստեղ բավական բարձր մակարդակի վրա է նաև հին ճարտարապետական հուշարձանների պահպանումը։ Հրաշալի է նաև տեսնել, թե ինչքան ներդաշնակ են այդ կոթողները, օրինակ՝ եկեղեցիների գմբեթներն ու դրանց հետևի սարերը։ Ամեն ինչ հիասքանչ է կառուցված»,- նշել է Չատտոն։

Նկարիչները Հայաստանում ստեղծված արվեստի գործերի մեծ մասը մտադիր են նվիրաբերել «Երևան, իմ սեր» հիմնադրամին, իսկ Լոնդոնում կազմակերպեն նոր` ընդլայնված ցուցադրություն, որը կբացահայտի շատերի համար անհայտ Հայաստանն ու հայկական մշակույթը։

«Ցավոք, Մեծ Բրիտանիայում Հայաստանի մասին քիչ բան գիտեն։ Հուսով ենք, որ կազմակերպելով այս ցուցահանդեսի ընդլայնված տարբերակը Լոնդոնում՝ մենք կարող ենք ավելի ճանաչելի դարձնել այս հիասքանչ երկիրն իր հարուստ պատմությամբ և հուսալի ապագայով։ Այդ ցուցահանդեսը կներկայացնի Հայաստանի իրական ու հնագույն պատմությունը»,- նշել է Չատտոն՝ նախագծի իրականացման համար հատուկ շնորհակալություն հայտնելով Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին և նրա տիկին Նունե Սարգսյանին։

Հիմնադրամում կազմակերպված միջոցառման ընթացքում Ալեքսանդր Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ»-ի ներքո ցուցադրվել է նկարիչների պատրաստած ֆիլմը հայկական բնապատկերների մասին։ Ցուցադրության ընթացքում Էլեանոր Էսքերջյանը կենդանի մատուցմամբ նոր կտավ է ստեղծել հենց էկրանի վրա։

ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31