Գյումրու քաղաքային մարզադաշտը, որն ավագանու որոշմամբ 30 տարով վարձակալության է տրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, լուսավորվել է գերմանական աշխարհահռչակ «Siteco» բրենդի լուսավորության համակարգով։
Վաղը մեծ հանդիսավորությամբ կվառվեն լույսերը․ տեղի կունենա համակարգի պաշտոնական բացման արարողությունը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իր հարկի տակ հյուրընկալելու է «Փյունիկին»։ Միջոցառմանը, ըստ մեր տեղեկությունների, կմասնակցի նաև ծնունդով գյումրեցի, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։


Կարդացեք նաև
«Ֆեդերացիայի ղեկավարության փոփոխության շրջանում կային քննարկումներ, որ նոր ղեկավարությունն իր ռազմավարական ծրագրերում կներառի այս հարցը, որպեսզի «Շիրակ» ակումբն ունենա երեկոյան լուսավորություն։ Գաղտնիք չեմ ասի, եթե տեղեկացնեմ՝ ֆեդերացիայի փոփոխությունների ընթացքում «Շիրակ» ակումբն իր աջակցությունն է ցուցաբերել ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց ռազմավարական ծրագրում կար «Շիրակ» ակումբի հետ ընդլայնված համագործակցության, նաև լուսային համակարգի տեղադրման հարցը։
Ես գոհունակությամբ պիտի հայտնեմ, որ ֆեդերացիան հետևողականորեն իրագործեց այս նախագիծը, որը շատ կարևոր էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի համար։ Կարծում ենք՝ մենք համագործակցության լավ փուլում ենք և հետագայում ևս Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից այս ուշադրությունը կպահպանվի ակումբի և քաղաքի հանդեպ։ Եվ բազմապիսի ծրագրերի միջով, որոնք իրականացնում է ֆուտբոլի ֆեդերացիան, կարմիր թելով կանցնի Գյումրի քաղաքը, Շիրակի մարզը և «Շիրակ» ֆուտբոլային ակումբը»։
Տիգրան Վիրաբյանը շեշտեց, որ կատարող ընկերությունը ևս ամեն ինչ արել է բարձր որակով ու ճիշտ ժամկետում աշխատանքները հասցնելու համար։
«Ֆեդերացիայի հետ քննարկում ենք որոշ միջազգային հանդիպումներ անցկացնել Գյումրիում, սա ևս կնպաստի, որ սպորտով ապրող մարդկանց հետաքրքրությունը կմեծանա, ու մարդիկ տարբեր քաղաքներից կգան Գյումրի։ Գիտեք, արդեն պլանավորում են համահայկական խաղերի բացման արարողությունն անցկացնել Գյումրիում։ Մի խոսքով, ամեն ինչ անում ենք, որպեսզի ֆեդերացիայի ու այն գերատեսչությունների գործը, որոնց կողմից ուշադրություն կա Գյումրիի հանդեպ, շոշափելի դարձնենք քաղաքի ու մարզի ազգաբնակչության համար»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































