Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը կլուսավորվի գերմանական աշխարհահռչակ բրենդի համակարգով  

Հոկտեմբեր 20,2022 21:24

Գյումրու քաղաքային մարզադաշտը, որն ավագանու որոշմամբ 30 տարով վարձակալության է տրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, լուսավորվել է գերմանական աշխարհահռչակ «Siteco» բրենդի լուսավորության համակարգով։

Վաղը մեծ հանդիսավորությամբ կվառվեն լույսերը․ տեղի կունենա համակարգի պաշտոնական բացման արարողությունը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իր հարկի տակ հյուրընկալելու է «Փյունիկին»։ Միջոցառմանը, ըստ մեր տեղեկությունների, կմասնակցի նաև ծնունդով գյումրեցի, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «21-րդ դարում երեկոյան լուսավորությունը ցանկացած մարզադաշտի համար նվազագույն պայմաններից է։ Ցավոք սրտի, երկար տարիներ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը և Գյումրու քաղաքային մարզադաշտը զրկված էին այդ հնարավորությունից, և այսօր լավ առիթ է, որ մենք կարողանանք շնորհավորել մեր երկրպագուներին, մեր մարզի ազգաբնակչությանը և ընդհանրապես ֆուտբոլային հասարակությանը, որը վերջապես «Շիրակ»ֆուտբոլային ակուբին պատկանող քաղաքային մարզադաշտում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան ներդրեց լուսավորության ժամանակակից համակարգեր, որոնք աշխարահռչակ բրենդի են պատկանում։ Աշխարհի գրեթե բոլոր մարզադաշտերն օգտվում են այդ բրենդից։ Siteco ընկերության մասին է խոսքը, որն աշխարհում TOP-3 ընկերությունների համակարգին է պատկանում և որի տեխնիկական միջոցներից են լայնորեն օգտվում»։

Տիգրան Վիրաբյանը նշեց, որ լուսավորության համակարգի տեղադրման հարցը մի քանի տարի է՝ քննարկվում էր ֆեդերացիայի ղեկավարության հետ։

«Ֆեդերացիայի ղեկավարության փոփոխության շրջանում կային քննարկումներ, որ նոր ղեկավարությունն իր ռազմավարական ծրագրերում կներառի այս հարցը, որպեսզի «Շիրակ» ակումբն ունենա երեկոյան լուսավորություն։  Գաղտնիք չեմ ասի, եթե տեղեկացնեմ՝ ֆեդերացիայի փոփոխությունների ընթացքում «Շիրակ» ակումբն իր աջակցությունն է ցուցաբերել ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց ռազմավարական ծրագրում կար «Շիրակ» ակումբի հետ ընդլայնված համագործակցության, նաև լուսային համակարգի տեղադրման հարցը։

Ես գոհունակությամբ պիտի հայտնեմ, որ ֆեդերացիան հետևողականորեն իրագործեց այս նախագիծը, որը շատ կարևոր էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի համար։ Կարծում ենք՝ մենք համագործակցության լավ փուլում ենք և հետագայում ևս Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից այս ուշադրությունը կպահպանվի ակումբի և քաղաքի հանդեպ։ Եվ բազմապիսի ծրագրերի միջով, որոնք իրականացնում է ֆուտբոլի ֆեդերացիան, կարմիր թելով կանցնի Գյումրի քաղաքը, Շիրակի մարզը և «Շիրակ» ֆուտբոլային ակումբը»։

Տիգրան Վիրաբյանը շեշտեց, որ կատարող ընկերությունը ևս ամեն ինչ արել է բարձր որակով ու ճիշտ ժամկետում աշխատանքները հասցնելու համար։

«Ֆեդերացիայի հետ քննարկում ենք որոշ միջազգային հանդիպումներ անցկացնել Գյումրիում, սա ևս կնպաստի, որ սպորտով ապրող մարդկանց հետաքրքրությունը կմեծանա, ու մարդիկ տարբեր քաղաքներից կգան Գյումրի։ Գիտեք, արդեն պլանավորում են համահայկական խաղերի բացման արարողությունն անցկացնել Գյումրիում։ Մի խոսքով, ամեն ինչ անում ենք, որպեսզի ֆեդերացիայի ու այն գերատեսչությունների գործը, որոնց կողմից ուշադրություն կա Գյումրիի հանդեպ, շոշափելի դարձնենք քաղաքի ու մարզի ազգաբնակչության համար»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31