«Այս իշխանությանը իշխանության են բերել այն ուժերը, որոնք արեցին Հոկտեմբերի 27-ը. սա ասել է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի իրական եղբայրը՝ Արմեն Սարգսյանը». Աղվան Վարդանյան
Այսօր Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի եւ ՔՊ պատգամավորների հետ ծաղիկ խոնարհեցին ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերիհուշարձանի մոտ:
Մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էին հարգանքի տուրք մատուցում: Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիշողությունների գիրկը չի ուզում ընկնել, բայց 1999-ի հոկտեմբերի 27-ին առաջին վայրկյանից մինչեւ վերջ եղել է դահլիճում. «Մինչեւ առավոտյան 11-ի մոտ ոճրագործներին ավտոբուսով տեղափոխեցին մինչեւ ԱԱԾ-ի նկուղներ, հանձնեցինք ԱԱԾ-ին, նոր միայն բաժանվեցինք: Որ դա ոճրագործություն էր մեր պետականության հանդեպ, ասել եմ նույն այդ օրը: Իմ խորին համոզմամբ, այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին Հայաստանում եւ Արցախում, դրա սկիզբը դրվել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ: Վերջերս անսպասելի մի արտահայտություն եղավ, որ այս իշխանությանը իշխանության են բերել այն ուժերը, որոնք արեցին Հոկտեմբերի 27-ը եւ դա ասել է ոչ թե պատահական մեկը, ասել է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի իրական եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում եւ Արցախում, Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը խանգարելու փորձերից մեկն է»:
Հարցին՝ նախկին դաշնակցական լրագրող Նաիրի Հունանյանին ինչպե՞ս էր հաջողվել զենքեր մտցնել ԱԺ-ի շենք՝ Աղվան Վարդանյանը հորդորեց ծանոթանալ դատավարության նյութերին. «Շուրջ երեք տարի ընթացել է դատավարությունը եւ այնտեղ մանրամասն նկարագրված են այդ բոլոր իրադարձությունները՝ ով է անցաթուղթ իջեցրել եւ այլն»:
Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը դիմել է դատախազությանը, որ բացահայտեն Հոկտեմբերի 27-ը, այդ գործի հետ կապված հետաքրքիր մանրամասներ կան 5 պաշտոնների հետ կապված, ասում են՝ երբ քաղաքական գործիչների մարմինները դեռ խորհրդարանում են եղել, ներկայացվել է պահանջ պաշտոնների՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Անդրանիկ Քոչարյանը ո՞վ է, այդ 5 անձանցից մեկն է, որը կարծեմ նպատակ ուներ դառնալու ՆԳ նախարար կամ նման մի բան: Այս իշխանությունները 2018-ին վերաբացել են գործը՝ իրենց ճոռոմ եւ ամպագորգոռ խոստումներով, ինչպես միշտ, 3 տարի անցել է, որեւէ բան չեն բացահայտել, հիմա Անդրանիկ Քոչարյան ասվածը թող նորից դիմի: Կարծեմ մի կին էլ կա, նա էլ է պարբերաբար դիմում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: