Հանրությունն արդարացնում էր ԼԳԲՏ երկու երիտասարդների ինքնասպանությունը, ասում էին՝ այդպես էլ պետք է լիներ, դա է ճիշտ ճանապարհը ԼԳԲՏ անձանց համար, այդպիսի մարդիկ չպետք է Հայաստանում ապրեն։ Դատելով հրապարակումների տակ արված մեկնաբանություններից, այս եզրահանգման է եկել «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Լուիզա Վարդանյանը։
Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ Լուիզա Վարդանյանն ասաց, որ վերջին շրջանում մեկ տրանսկին է նետվել կամրջից՝ կյանքին վերջ տալով, գործի հանգամանքներն այդպես չբացահայտվեցին։ Ըստ նրա, նախկինում տեղի ունեցած նման դեպքերն այսպիսի լայն արձագանք չէին ստացել, քանի որ նրանց սեռականությունը բացահայտորեն ներկայացված չէր։ «Այս դեպքում, երբ տղաները լուսանկար էին հրապարակել, որտեղ երեւում է, որ նրանք անձական հարաբերությունների մեջ են, դա մեդիայի համար դարձավ մանիպուլյացիայի աղբյուր, ինչի պատճառով այդ տեղեկատվությունը շատ տարածվեց։ ԼԳԲՏ անձինք շատ հաճախ հենց ընտանիքում են բռնության ենթարկվում, երբ կողմնորոշման մասին իմանում են ընտանիքի անդամները։ Երբեմն այս անձինք ելք չգտնելով՝ իրենց մոտ առաջանում է միտք՝ ընդունված չեն հասարակության շրջանում, ընդունված չեն ընտանիքում, որը պաշտպանող օղակը պետք է լինի, փորձում են այլ ելք գտնել»,-ասաց փաստաբանը։

Լուիզա Վարդանյանի խոսքով՝ միջազգային մարմիններն իրենց պրակտիկ փաստաթղթերում նշում են, որ իրավապահները պետք է ավելի զգայուն քննեն նման գործերը, հատկապես սեռական կողմնորոշման արտահայտման հիմքով խտրականության հետ կապված գործերը կամ սեռական բռնությունների դեպքերը, այդուհանդերձ, մեր իրավապահները զգայուն չեն, պատշաճ քննություն չեն իրականացնում։ Նա ասաց, որ չնայած քրեական պատասխանատվություն է սահմանված խտրականության հիմքով նման դեպքերի համար, սակայն այդ հոդվածը երբեք չի կիրառվել ԼԳԲՏ անձանց դեպքում, չնայած, ըստ փաստերի հանցագործությունները կատարվել են այդ հիմքով։
Կարդացեք նաև
«Ինքնասպանության դիմած երկու երիտասարդների դեպքում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հակելու հոդվածով։ Այսինքն, իրավապահների վարկածն այն է, որ այլ անձինք առաջացրել են ինքնասպան լինելու մտքեր, սակայն չի քննարկվում ինքնասպանության հասցնելու կամ խտրականության հոդվածը, սպառնալիքների կամ արժանապատվությունը նվաստացնելու միջոցով այդ անձանց ինքնասպանության հասցնելը»,-ասաց փաստաբանը։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ երիտասարդների՝ նման քայլին դիմելու պատճառներին՝ ե՞լք, թե՞ բոյկոտ կարծրատիպերի դեմ, ասաց՝ նախ՝ հնարավոր է դա նրանց շոկային արձագանքն էր նրան, որ ընտանիքը մերժեց․ «Սա բոլոր երիտասարդների մոտ լինում է, որովհետեւ առաջինը հենց ընտանիքում անձը ամենաապահովը պետք է զգա, երբ բացահայտում են իրենց սեռական կողմնորոշումը կամ ցանկացած տիպի մի բան, ու ընտանիքը մերժում է։ Տեղեկություններ եղան, որ մեկ աղջկա մերկ տեսարանների լուսանկարներն էին տարածել ուսումնական հաստատությունում, եւ նա ոչ միայն բուլինգի է ենթարկվում, այլեւ ծնողները դարձյալ չէին աջակցել, ասել՝ ավելի լավ է մեռնեիր, քան այսպիսի տեսանյութեր քո մասին հրապարակվեին։ Սա նշանակում է, որ մենք այնպիսի հասարակություն չենք, որտեղ ընտանիքները լինեն այն տարածքը, որտեղ երեխան ամենապաշտպանվածը կլինի, ազնիվ կխոսի ընտանիքում։ Սա շատ տարածված է, որ ընտանիքն առաջինն է մերժում՝ ամոթի, խայտառակվելու, վախի, հասարակության կողմից խարանվելու այդ ամբողջ բարդույթից դրդված»։
Իրավապաշտպանը հիշեցրեց՝ ՀՀ-ում սեռական ազատությունը 16 տարեկանից է, եւ եթե երիտասարդներն իմանային այդ մասին, գուցե այդ քայլին չդիմեին։
Մամիկոն Հովսեփյանն էլ հավելեց՝ դիտարկումները ցույց են տալիս, որ երբ ԼԳԲՏ անձն անհատապես դիմում է ոստիկանություն, նրա նկատմամբ խտրական են վերաբերվում․ «Իսկ եթե նրան ուղեկցում են մեր փաստաբաններն, ավելի մեղմ կարող են լինել ոստիկանները։ Այսինքն, իրենց մոտեցումները՝ հեգնանքը, քամահրանքը, ցույց է տալիս, որ իրենք շարժվում են ոչ թե իրենց աշխատանքի բնույթով, այլ անձնական կարծրատիպերով։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որ հակված են մերժել գործ հարուցելուն, եթե չի ստացվում չհարուցել, գործը հասնում է դատարան, ապա դատարաններն են հակված մերժելուն։ ՀՀ-ում դժվար է հասնել արդարադատության, մենք ստիպված ենք լինում դիմել միջազգային ատյաններին։ Բազմաթիվ մեր շահառուներ խուսափում են մեր իրավապահների միջոցով խնդիրները լուծել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին երկու երիտասարդներ ինքնասպան են եղել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից։ Ինքնասպանությունից առաջ տղաներն ինստագրամում լուսանկարներ են հրապարակել՝ գրառմամբ․ «Happy End․ լուսանկարներով կիսվելու եւ մեր հետագա գործողությունների վերաբերյալ որոշումները կայացրել ենք համատեղ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի


















































