Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյան. «Խորհրդարան վերադառնալը եւ մեծամասնության հետ աշխատելը ոչ թե հաճույք կամ առավելություն է, այլ պատիժ ու մեծ պատասխանատվություն»

Հոկտեմբեր 31,2022 15:38 Share

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կայացած արցախահայության բազմահազարանոց հանրահավաքի մասին «Հայելի» ակումբում ասաց, որ դա հանրահավաք էր հույսի մասին, հայրենիքում ապրելու, մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամության մասին: «Այն, ինչ արեց երեկ արցախահայությունը, իրականում հպարտանալու առիթ է տալիս յուրաքանչյուր հայի աշխարհի ցանկացած ծայրում: Բայց այդ ոգեւորության նոտան, ինձ թվում է, պետք է հիմնված լինի բացառապես ինչ-որ բազային պայմանների վրա, որոնցից մեկը, ես կարծում եմ, չկար ի դեմս Արցախի իշխանության պատրաստակամության եւ կամքի բացակայության: Ես երեկ տեսել եմ արցախահայության կամքը: Ես ուղիղ եթերում տեսել եմ նաեւ այն ոչ կոմֆորտ վիճակը, որում գտնվում է ր Արայիկ Հարությունյանը»:

Անդրադառնալով այսօր Սոչիում կայանալիք Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպմանը՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ սա նույն կազմն է, որտեղ Հայաստանը ներկայացնողը նոյեմբերի 9-ին ստորագրեց Արցախի կապիտուլյացիան եւ հիմա էլ գնում է Հայաստանի կապիտուլյացիան ստորագրելու: Պատգամավորը օրինաչափ է համարում, որ Պուտինն առաջնորդվելու է իր երկրի շահերով, Ալիեւը չի փոխել Հայաստանը վերացնելու ցանկությունը եւ ցավ է հայտնում, որ մենք չունենք մեր օրինաչափությունը: «Հնարավոր չէ, որ հայանպաստ որեւէ հարց լուծվի, եթե բանակցողները ներկայիս իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն են: Նիկոլը մի խնդրանք ունի թե Պուտինից, թե Ալիեւից, թե Էրդողանից: Դա իր աթոռը եւ անվտանգությունը պահպանելու խնդրանքն է»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Նա խոսեց նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ խորհրդարան վերադառնալու մասին: «Ես խորհրդարանում մեկ տարի եղել եմ մի բանի համար. որպեսզի դրանք չունենան իրենց կոմֆորտի խորհրդարանը: Որպեսզի դրանք լինեն դիսկոմֆորտի մեջ: Որպեսզի, ինչպես 7-րդ գումարման ԱԺ-ում էր՝ ջան ասել ջան լսելը չլինի: Որպեսզի ամենօրյա ռեժիմով հիշեն, որ դավաճան են, կապիտուլյանտ են, որ մենք բոլորս գիտենք, թե իրենք ինչի համար են եկել, ինչի համար են մնում եւ ինչով են զբաղվում: Ու եթե հիշում եք, երբ նոր էինք գնացել խորհրդարան, նրանք ամեն ինչ փորձում էին անել, որ իրենց առաջնորդին դավաճան, կապիտուլյանտ չասենք: Բայց հիմա նա հաշտվել է դրա հետ, հասկանում է, որ հայ հանրությանն այլեւս անհնար է համոզել, որ ինքը դավաճան չէ: Հիմա խոսում է երկակի կապիտուլյացիայի անհնարինության մասին: Ես իրեն շատ կարճ պատասխանել եմ. քեզ տվել էին երկու հայկական պետականություն, դրա համար դու երկու կապիտուլյացիա ես կնքելու: Երեքը տային՝ երեքը կստորագրեիր:

Խորհրդարան վերադառնալու մասին: Ես դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանում կգտնվի մի գիտակից քաղաքացի, որը կմտածի, թե խորհրդարան գնալը հաճույք է, մեծամասնության հետ աշխատելը հաճույք կամ առավելություն է: Պատիժ ու անսահման պատասխանատվություն է: ԱԺ գնալը իրենց հետ աշխատելու մասին չէ: ԱԺ գնալը ԱԺ ղեկավարությանն ու Նիկոլին զրկելն է հնարավորությունից, որ իրենք կարողանան հունվարին զրկել եւ ստանալ իրենց երազածը՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը: Մենք այնտեղ ենք մանդատը որպես իրենց դեմ պայքարելու գործիք ունենալու համար, ինչպես եղել է մեկ տարի առաջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31