Պետության կողմից մասնակցություն, թե ֆինանսական, թե մասնակցային գործընթացներում չկա, նույն քաղաքային իշխանությունները շատ ավելի ակտիվ են եղել դպրոցականներին բնապահպանական ակտիվ գործընթացներին մասնակից դարձնելու հարցում, քան հենց Բնապահպանության նախարարությունը, ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե փառատոնում ներկայացվող ֆիլմերը ի՞նչ արձագանք են ունենում պետական կառույցների մոտ, ասաց Վայր բնության և մշակութային արժեքներ պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը՝ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնին նվիրված ասուլիսում:

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Նա ընդգծեց, որ այս տարի մեծացել է մրցանակային ֆոնդը, լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված է 3500 դոլարին համարժեք դրամ, կարճամետրաժ ֆիլմերին՝ 1500 դոլարին համարժեք դրամ և երիտասարդական ֆիլմերին՝ 500 դոլարին համարժեք դրամ: Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։
Փառատոնի առաքելության մասին խոսելիս «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ տնօրեն Եվա Մարտիրոսյանը նշեց, որ ի սկզբանե նպատակ են ունեցել հասարակության մոտ բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև նպաստել բնապահպանական կրթության կազմակերպմանը: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում, նոյեմբերի 11-14-ը նախատեսված է «Կանաչ թղթակիցների դպրոցը»՝ ինտենսիվ ուսումնառության նորաստեղծ հարթակը, որի թիրախում մեդիա ոլորտում ներգրավված երիտասարդների շրջանում Հայաստանում էկո-լրագրության զարգացումն է և բնապահպանական ու կլիմայական խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման որակի բարելավումը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ


















































