Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում խոսքը սկսեց վերջին տարիներին Հայաստանում ահագնացող բացասական երեւույթներին՝ սպանություններ, թմրամոլություն, բռնություններ եւ այլն, անդրադառնալով: «Այդ ամենը, ցավոք, իրականությանը համապատասխանում է: Բայց դրանք ունեն տարբեր պատճառներ եւ տարբեր աղբյուրներից են սկիզբ առնում:
Երեւի ամենակարճ սկիզբը թմրամոլությունն է: 2018 թվականից ի վեր նարկոթրաֆիկի ճանապարհը ուղիղ Հայաստանի միջով է անցնում եւ, ցավոք սրտի, դա այնպիսի բան է, որի դեմն առնել հնարավոր չէ, դա կարելի է ընդամենը սանձահարել: Այնուամենայնիվ, թմրանյութը Հայաստան ոնց մտնում, այնպես էլ դուրս էր գալիս: Իսկ հիմա թմրանյութի զգալի տոկոսը մնում է Հայաստանում եւ տարածվում է հայ բնակչության մեջ:
Ո՞վ է դրա մեջ փող աշխատում, թող ԱԱԾ-ն զբաղվի, թեեւ վստահ եմ, որ այնտեղ գիտեն, թե ով է թմրանյութի պատասխանատուն: Իհարկե, այդ ցանկի մեջ ներգրավված են աշխարհի մեծահարուստները, եւ դա այն բանն է, որի դեմն առնել հասարակ ոստիկանական ձեւերով, հնարավոր չէ: Դա ԱԱԾ-ի աշխատանքն է եւ ԱԱԾ-ն պետք է բացահայտի, թե ով է այն «հայրենասեր եւ խիզախ» մարդը, որը թունավորում է մեր երիտասարդներին:
Ինչ վերաբերում է ընդհանուր ագրեսիայի աճին: Հոգեբանության մեջ կա մի տեսություն, ըստ որի պատերազմներից հետո բռնության քանակությունը հիմնականում աճում է: Կապ չունի՝ դու հաղթա՞ծ ես վերադարձել, թե՞ պարտված: Առհասարակ, ռազմական գործողությունների ժամանակ ադրենալինի տոկոսն արյան մեջ բարձրանում է եւ դրա ավարտից հետո օրգանիզմը սկսում է պահանջել այդ ադրենալինը, որը նույնպես մի թմրանյութ է: Ու մարդիկ դիմում են ագրեսիվ գործողությունների դիմացինի կամ իրենք իրենց հանդեպ: Եթե նկատել եք, Ադրբեջանի բանակում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Մեր 44-օրյայի մասնակիցների մեջ նույնպես ինքնասպանությունների կամ հանցագործություններին մասնակցության թիվը բավականին մեծ է:
Կարդացեք նաև
Ես Պեմզաշենի սարսափելի դեպքը կդասեի այս շարքին: Ես չգիտեմ՝ ծածկադմփոց ուզում են անել, թե ոչ, բայց երկու հոգի մտնում են տուն ու բռնություն կիրառում կնոջ ու անչափահաս աղջկա նկատմամբ: Դժվար թե նրանցից մեկը կանգնած մոմ բռներ ու սպասեր, թե մյուսը երբ կավարտի բռնություն կիրառելը: Այնպես որ, ինչ-որ մեկի վրա մեղք փաթաթելը՝ փորձելով մյուսին պատասխանատվությունից ազատել, չի կարելի: Այս պարագայում հանցագործներն առնվազն երկու հոգի են: Թե ինչի են հանցագործությունը բարդում մեկի վրա, այն էլ այն դեպքում, որ հոգեկան հիվանդ է եւ չի դատվի, իսկ մյուսին փորձում պատասխանատվությունից ազատել, չեմ կարող ասել: Սա ոստիկանության թերությունն է կամ չար կամք»,- ասաց տիկին Ադիբեկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ