Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէ զարգացում ապահովել ներփակվածությամբ»

Նոյեմբեր 25,2022 13:30

Հարցազրույց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ

– Պարոն Մկրտչյան, դուք եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր Արմեն Էլբակյանը օրերս վերադարձել եք Սանկտ Պետերբուրգից, որտեղ Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովի եւ գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի հետ քննարկվել են երկու թատրոնների համագործակցությանն առնչվող հարցերը։ Խնդրում ենք մանրամասնել։ Իսկ լայն ընթերցողին տեղեկացնենք, որ Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը, որը հայտնի է «Ալեքսանդրինյան» անվամբ, հիմնադրվել է 1756թ. օգոստոսի 30-ին եւ այս ամսաթիվը Ռուսաստանում նշվում է որպես պրոֆեսիոնալ թատրոնի ծննդյան օր։

– Ինչպես նշեցիք, մեր այցի նպատակը երկու թատրոնների միջեւ համագործակցության ընդլայնումը, ավելի ճիշտ՝ հիմնելը եւ փոխգործակցության միջոցով զարգացնելն է։ Ի դեպ, կլոր սեղանի խորագիրն էր «Ազգային թատրոնը համաշխարհային մշակույթի համատեքստում. մարտահրավերներ եւ հնարավորություններ»։ Երկու թատրոններն էլ, փաստորեն, ազգային են եւ կարծում եմ՝ միմյանց լրացնելու, արվեստի միջոցով նոր հորիզոններ բացահայտելու մեծ հնարավորություններ ունեն։ Մենք բավական նմանություններ ունենք. իրենց բեմն էլ, դահլիճն էլ, ինչպես մերն է, պատմական է, դասական ձեւաչափով։ Նրանք էլ՝ ինչպես մենք, չեն սահմանափակվում եղածով, կառուցում, վերակառուցում, ստեղծում են նոր բեմահարթակներ (տարիներ շարունակ գործում է Սունդուկյան թատրոնի երկրորդ դահլիճը- Ս. Դ.)։ Մենք էլ, ինչպես մեր ռուս գործընկերները, անընդհատ որոնումների մեջ ենք։ Վերջիններիս շնորհիվ թատրոնը ստանում է նոր կարգավիճակ, դառնում է բազմաբեւեռ, ավելի հարուստ ու շերտավոր։ Երկու թատրոններն էլ իրականացնում են կրթական ծրագրեր, միջազգային նախագծեր, փոխայցելություններ եւ այլն։ Այս այցելությունը շատ կարեւոր էր տեսնելու եւ հասկանալու համար, թե նույն կարգավիճակն ունեցող թատրոնների մեր կոլեգաները ինչպես են տեսնում մերօրյա թատրոնի զարգացման տենդենցները, կարճ ասած՝ թատրոնը ուր է գնալու։ Նման փոխգործակցությունների արդյունքում պարզ է դառնում, որ հնարավոր չէ զարգացում ապահովել ներփակվածությամբ։ Նման պայմաններում պարզապես չենք կարող գիտակցել ոչ մեր ուժը, ոչ մեր բացթողումները եւ այլն։ Ընդհանրապես կարծում եմ, որ առհասարակ մշակույթի գործիչները միջազգային շփումներում պետք է մաքսիմալ բաց եւ ազատ լինեն եւ կարողանան իրենց ճաշակի, կրթության չափով այդ ազատությունը ծառայեցնեն մասնագիտության զարգացմանը։

Ես չեմ ուզում դեռ շատ փակագծեր բացել, բայց կարծում եմ՝ եթե ամեն ինչ ընթանա ըստ մեր ծրագրերի ու պատկերացումների, ապա իսկապես ամբողջ լարված աշխատանքի պտուղները կզգանք շատ մոտ ապագայում։ Նշեմ, որ մեր այցի ընթացքում կայացած բանակցությունները զուտ խոսք ու զրույցի, թեորիայի մակարդակում չէին, այլ ակնկալվում են գործնական քայլեր եւ, իհարկե, շոշափելի արդյունքներ։

– Թույլ տվեք նկատել, որ նախկինում էլ են եղել նման փոխայցելություններ…

– Այո, եղել են, բայց ես չէի բարձրաձայնի այս ամենը, եթե համոզված չլինեի կամ չտեսնեի դրանց իրագործման ճանապարհները։

– Այդ ամենն իրագործելու համար հավանաբար դարձյալ անհրաժեշտ են պետական աջակցություն, մեծահարուստների հովանավորություն…

– Այս ողջ գործընթացը ուղղակի շարունակությունն է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի վարած բանակցությունների, «Ալեքսանդրինյան» թատրոնի հայաստանյան հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Հետեւաբար մենք տեսնում ենք Արա Խզմալյանի տեսքով պետության մասնակցությունը։ Ընդ որում, արվեստի մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ինչ է նշանակում թատերական համագործակցությունը։ Թող ինձ ներեն այլ ժանրում ստեղծագործող գործընկերներս, բայց արվեստի ոլորտում թատերականը ամենաբարդը համարվող համագործակցությունն է։ Չափազանց պարտավորեցնող է եւ հասկանում ենք, որ նման հանդիպումների ընթացքում մենք ներկայացնում ենք Հայաստանի թատերական պատկերն ընդհանրապես։ Պետք է բարձրաձայնեմ, որ տարիների տքնաջան աշխատանքից հետո այսօր մենք կարողանում ենք եւ, թույլ տվեք ասել, որ կարողանալու ենք ինքնուրույն լուծել ֆինանսական մի շարք հարցեր։ Բայց քանի որ «Ալեքսանդրինյան» թատրոնի հետ համագործակցության ձեւաչափը ավելին է պահանջում, քան մեր հնարավորություններն են, հետեւաբար մենք պետք է ակնկալենք եւ պետական, եւ մասնավոր հատվածի աջակցությունը։ Մի բան էլ. ինչպես մեր թատրոնն է իրականացնում իր «Դասարան + դասական» հայաստանյան կրթական ծրագիրը, այնպես էլ «Ալեքսանդրինյանն» ունի իր կրթական ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակում նույնպես ունենք համագործակցության նպատակ։ Շեշտեմ, որ այս ամենը դեռ ամբողջը չէ, այլ մի փոքր հատվածը։

– Պարոն Մկրտչյան, տարիներ շարունակ, իսկ ավելի կոնկրետ՝ երեք տասնամյակից ավելի մեր հանրության, թատերասերների զգալի մասը, նաեւ ձեր ոլորտի որոշ մասնագետներ համոզված են, որ ազգային թատրոնը պետք է բեմադրի հիմնականում հայ դասականների եւ ժամանակակիցների գործեր…

– Ասեմ, որ շատ սխալ են կարծում։ Մեր խաղացանկային քաղաքականության հարցում պարտավոր ենք լինել բազմաբեւեռ։ Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է՝ կոնկրետ մեր քաղաքը չունի այնպիսի քանակի բնակչություն, որպեսզի մենք թույլ տանք նման շռայլություն, ինչպիսին կարող են թույլ տալ մեծ քաղաքներում։ Ի դեպ, նրանք նույնպես իրենց խաղացանկում ունեն շատ տարբեր ազգերի հեղինակների գործեր։ Այստեղ նույնպես պետք է օգտագործել համագործակցություն բառը, ինչը մենք հասկանում ենք տարբեր շերտերում եւ երկարաժամկետ։ Իհարկե, թատրոնում մենք տեսնում ենք մեր հեղինակների ներկայությունը նույնպես։ Ավելին՝ ոչ միայն հայ հեղինակների ներկայությունը, այլեւ հայկական թեմաների առկայությունը։ Տեսեք՝ Վերֆելը հայ չէր, բայց աշխարհում հայկական թեմային անդրադարձ կատարած լավագույն հեղինակն է։ Եվ եթե մենք մեր գործով մեր գործընկերներին կարողանանք ոգեշնչել դեպի հայկական թեման, վստահ եմ՝ սա էլ կլինի ձեռքբերում։ Ընդ որում, մշտապես հայտարարել ենք, որ մեր թատրոնի «ակադեմիական» տիտղոսը ամենեւին մեզ չի կաղապարում, մենք պատրաստ ու բաց ենք համագործակցության համար։

– Սեպտեմբերից սկսվել է ձեր թատրոնի 101-րդ թատերաշրջանը եւ առաջին մեկ-երկու ներկայացումներից հետո ականատեսը եղանք Հայաստանում առաջին անգամ թատերական ոլորտում անցկացվող երեւույթի…

– Հավանաբար նկատի ունեք թատերական պաստառների հայաստանյան առաջին միջազգային փառատոնը, որը գործելու է մինչեւ տարեվերջ։ Ոչ շատ վաղ անցյալում մեզ մոտ, այո, թատերական պաստառի կուլտուրա չկար կամ մեր պատկերացումը չէր անցնում ազդագրի գործառույթից։ Այսօր արդեն հյուրընկալում ենք արտասահմանյան ճանաչված շատ դիզայներների եւ սա հնարավորություն է նաեւ աշխարհին ցույց տալ մեր հարյուրամյա թատրոնի առաջին ներկայացման՝ «Պեպո»-ի պաստառից մինչեւ 2022թ. իրականացրած «Արթուրո Ուիի կարիերան» ներկայացման պաստառը։ Փառատոնի առաջին փուլին դիմել էին բոլոր մայրցամաքներից, 29 երկրի 97 արվեստագետ, ներկայացնելով 405 պաստառ։ Ի վերջո, նայելով պաստառին, պատկերացում ես կազում ոչ միայն տվյալ ներկայացման, այլեւ տվյալ երկրի թատերական կյանքի մասին ընդհանրապես։ Այսպիսով հարստանում ենք բոլորս։ Այս գործը նախաձեռնել եմ թատրոնի դիզայներ Էդիկ Պետրոսյանի հետ։ Ցանկություն ունենք այս փառատոնը անցկացվի երկու տարին մեկ՝ բիենալեի ձեւաչափով։

– Յուրաքանչյուր աշխատանք ունի իր դժվարությունները կամ՝ խանգարող հանգամանքները։

– Միակ խանգարող բանը արտաքին վտանգներն են։ (Նկատի ունի համավարակ, պատերազմ- Ս. Դ.)։ Ու թեեւ փորձում ենք մեր գործը բարձրարվեստ իրականացնել, բայց նման իրավիճակներում հանդիսատեսն էլ է ներփակվում, բայց չէ՞ որ մեր գործը ուղղակի կապված է նրա հետ։ Կասկած չունեմ, որ տեւական խաղաղության դեպքում շարժվելու ենք առաջ եւ էլ ավելի բարձրացնելու մեր թատրոնի բարի համբավը ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսում։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930