Ազգային Ժողովրդավարական Բեւեռի (ԱԺԲ) անդամներն ու համակիրները Հյուսիսային պողոտայում այսօր նստացույց եւ ստորագրահավաք էին կազմակերպել՝ խորհրդի անդամ, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող Վարուժան Ավետիսյանին քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով, ինչպես նաեւ դեկտեմբերի 3-ից հետո արդեն երկրորդ անգամ բեւեռի աջակիցների նկատմամբ ոստիկանական բռնություններ կիրառելու դեմ:
Այդ նույն ընթացքում ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը եւ փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Ես եկել եմ իմ խոսքն ուղղելու, հիմնականում ողջունելու մեր երիտասարդությանը, նրանց նախաձեռնությունը, ողջունելու Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք օժանդակողի դերում են, գալիս, միանում են այս նախաձեռնությանը»: Պարոն Սեֆիլյանը վստահություն հայտնեց, որ պայքարը շարունակվելու է:
Կարդացեք նաև
Հարց հնչեց, որ կա առաջարկ՝ բողոքի այս գործողություններն իրականացնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջեւ, որպեսզի դեսպաններին հասանելի լինի, թե ինչ երկրում ենք մենք ապրում, քանի որ այդ երկրների կառավարություններն այս իշխանության հետ են աշխատում: «Անշուշտ, ճիշտ եք ասում: Ավելին, ես տեղյակ եմ, որ մոտավորապես 10 օր առաջ երիտասարդները նամակներ են փոխանցել Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանատներին: Վստահ եմ, որ պետք է շարունակվեն այդ ցուցական արարքները, որպեսզի այդ պետությունները վերջապես վերանայեն իրենց անելիքները: Կարծում եմ, որ մեծ հաշվով իրենց ամեն ինչ պարզ է, բայց շատ բան կախված է մեր ժողովրդի ակտիվությունից: Մենք քաղաքական գործընթացի մեջ ենք, մենք ունենք հերթական հանրահավաք դեկտեմբերի 17-ին: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, գիտակցի, թե ինչքան կարեւոր է իր ներկայությունը, որովհետեւ երբ հավաքվում ենք մի քանի հազար մարդկանցով, մեր ձայնը տեղ չի հասնում: Արեւմուտքը, վստահաբար, հետեւում է այս ամեն ինչին: Եթե ժողովուրդն ուզում է օր առաջ ձերբազատվել այս ապիկար իշխանությունից, պարտավոր է ինքն իրեն ցույց տալ հրապարակներում»,-պատասխանեց Սեֆիլյանը:
Aravot.am-ի դիտարկմանը, որ եթե ժողովուրդն ինքն իրեն ցույց տա, Ամերիկայի կամ Եվրոպայի արձագանքն ինչի՞ է պետք, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Եթե Ուկրաինայի ժողովուրդը գետնի վրա իր մարտունակությունը ցույց չտար, վստահ եղեք, որ այսպիսի աջակցություն աշխարհից չէր ստանա: Մեր խնդիրն ավելի հեշտ է: Մենք ընդամենն ասում ենք, որ հրապարակները պետք է լցնել: Սա պետք է տեսնեն, որովհետեւ Արեւմուտքի համար լեգիտիմությունն անհրաժեշտ է եւ շատ կարեւոր: Ինչքան էլ մենք չենք ընդունում Փաշինյան երեւույթին, նրանք ասում են՝ տեղի է ունեցել ընտրություն, վիճակն այսպիսին է, եւ մենք պարտավոր ենք գործակցել այս իշխանության հետ: Իսկ եթե ժողովուրդը ձեւավորում է այլընտրանք, մենք անպայման կսկսենք գործակցել այդ այլընտրանքի հետ: Ցավոք, այդ այլընտրանքը գետնի վրա մեզ չի հաջողվել ձեւավորել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































