Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունգարիան չի սխալվել». Ո՞վ է, ո՞ր կառավարությունն է բարոյապես սնանկ… ո՞վ է  որոշողը՝ հայ կաթոլիկնե՞րը, հայ առաքելական եկեղեցի՞ն… հայ ժողովու՞րդը. «Ազգ»

Դեկտեմբեր 09,2022 11:33

Հայաստանի եւ Հունգարիայի արտգործնախարարները «ավետեցին», թե լիարժեք վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները:

Նախ դրա մասին իրազեկ դարձանք դեկտեմբերի 2-ին «Հունգարիան այսօր» տեղական գերմանալեզու լրատուն ընթերցելով: ԵԱՀԿ համաժողովի ժամանակ Պետեր Սիյարտոն եւ Արարատ Միրզոյանը միակամ են եղել Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները լիակատար վերահաստատելու վերաբերյալ, գրել էր վերոհիշյալ աղբյուրը: Լրատուն մանրամասնել էր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառը՝  2012 թվականի օգոստոսի 31-ին, երբ Բուդապեշտը Բաքվին արտահանձնեց Սաֆարովին, Հայաստանը նույն օրը կասեցրեց հարաբերությունները:

Այնուհետ շարադրել էր, թե 2004-ի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնով սպանել էր նույն դասընթացին մասնակցող, նույն կեցավայրի իր սենյակում քնած հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին:

Դեպքի ահասարսուռ դրվագների մասին միայն հայկական մամուլը չէ, որ գրեց: Հիշողությանս մեջ է գերմանալեզու մամուլի, հունգարական թերթերի փաստական հարուստ նյութը: 2006 թվականի ապրիլին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման, հիշատակում է «Հունգարիան այսօր»-ը եւ շարունակում՝ «2020 թվականին ՄԻԵԴ-ը քննադատեց Ադրբեջանի վարքագիծը, որ Հունգարիայում դատապարտված Ռամիլ Սաֆարովին չի բանտարկել, սակայն չպարտավորեցրեց այդ երկրին դա կատարել: Դատարանը մեծամասնությամբ վճռեց, որ Հունգարիան Սաֆարովին արտահանձնելու հարցում չի սխալվել, քանզի  կառավարությունը Սաֆարովին արտահանձնել է Բաքվին 2012 թվականին՝ միջազգային գործող կանոնակարգերի համաձայն»:

Նկատելի՞ է քրիստոնյային վայել զղջման՝ թեկուզ ուշացած որեւէ խոստովանություն: Սա՞ է «լրացուցիչ քայլը»՝ «Հունգարիան չի սխալվել» ձեւակերպու՞մը:

Շարունակենք հունգարական թերթում առկա մեկնաբանությունը ներկայացնել: «Ավելի քան 10 տարի է, որ Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են: Մի շարք նախապատրաստական բանակցություններից եւ փոխադարձ ժեստերից հետո այսօր Հայաստանի արտգործնախարար գործընկերոջս հետ պայմանավորվել ենք վերսկսել դիվանագիտական հարաբերությունները», Հունգարիայի արտգործնախարարի սոցցանցային գրառումն է ներկայացնում «Հունգարիան այսօր»-ը եւ հավելում, թե երկու քրիստոնյա երկրների համար սա ճիշտ ճանապարհն է:

Պետեր Սիյարտոյի մի ուշագրավ արտահայտություն՝ «փոխադարձ ժեստերից հետո»-ն դեռ որոնում ենք դեկտեմբերի 7-ին ԱԺ- ում հարցուպատասխանի ժամանակ Ռուստամ Բաքոյանի՝ «արդյոք Հայաստանը փոխե՞լ է դիրքորոշումը» հարցին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծավալուն պատասխանի բառերի հարահոսում, որը ներկայացնում ենք առանց խմբագրման:

«Մեր գնահատականը չի փոխվել. Հունգարիան չպետք է հանձներ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին եւ հունգարական դատարանով  դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին, մեր ընկալումները նույնն են: Բայց միեւնույն ժամանակ այդ իրադարձությունները հիշելով  նաեւ հիշում ենք անցյալ տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունները անձամբ հասան Բաքու եւ 5 ազատ արձակվող գերիների հետ միասին Երեւան եկան, կարելի է ասել՝ անձամբ բերեցին Երեւան ազատ արձակված գերիներին: Մենք նաեւ չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը Քովիդի դեմ պայքարի շրջանակներում. 100 000 դեղաչափ տրամադրեցին, եւ սա եւս կյանքեր փրկեց, կհամաձայնեք: Կան բազմաթիվ այլ օրինակներ, օրինակ ֆինանսական աջակցությունը, որ հունգարարական իշխանությունը ցույց է տալիս հայ առաքելական եկեղեցուն, բավական շոշափելի ֆինանսական աջակցություն: Նաեւ կա դպրոցների մակարդակում համագործակցություն: Եւ այդ թվում Գուրգեն Մարգարյանի հետ կապված եւ նրա սպանության հետ կապված իրազեկման բարձրացման ուղղությամբ: Ահա այս բոլորը, երբ կշեռքի նժարի վրա ենք դնում, ապա ընտրություն պիտի կատարել ավելի շատ դրականի եւ ապագայի համար, ինչը եւ արվել է: Առաջիկայում կլսեք, պարոն Բաքոյան, մեր երկու երկրների կողմից  համապատասխանաբար դեսպաններ նշանակելու մասին»:

Այն, որ հայ կաթոլիկների եկեղեցին նորոգվել է Բուդապեշտում եւ Օրբանին գովաբանելով շքանշան են հանձնել, գիտեինք, բայց որ հայ առաքելական եկեղեցին էլ ահռելի ֆինանսական օգնության դիմաց լուռ է, ծանոթ չէր: Մեղա…

Ո՞ւմ խոսքն ու գործը դնենք կշեռքի նժարին՝ Հունգարիայի՞, Օրբանի՞, թե՞ Արարատ Միրզոյանի: Նախ ճշտենք՝ ո՞ր կշեռքի: Արդարադատությա՞ն, բարոյականությա՞ն: Ինձ համար ընկալելի չէ, թե ինչպես են «Գուրգեն Մարգարյանի սպանության իրազեկումը բարձրացնում», մանավանդ, որ կեղծ արդարացումն արդեն սոսնձել են ՄԻԵԴ-ի վճռին, բայց որ հունգարական մամուլը բացահայտ իր համակրանքն է հայտնում 2020 թվականին Ադրբեջանի՝ ԼՂ-ին, Շուշիին վերատիրանալու հարցում, ինձ մտահոգում է:  Քրիստոնեական ո՛ր սկզբունքին է այդպես հավատարիմ Հունգարիան, դեռ որոնում եմ: Իսկ ՀՀ պատմաբան արտգործնախարարն ինչո՞ւ չի հուշում, թե քրիստոնեական ո՛ր մատյանն է արտոնում այսպիսի վարքը տեղավորել «դրականի եւ ապագայի» տեսլականի ծիրում:

Ո՞վ է, ո՞ր կառավարությունն է բարոյապես սնանկ… ո՞վ է  որոշողը՝ հայ կաթոլիկնե՞րը, հայ առաքելական եկեղեցի՞ն… հայ ժողովու՞րդը, որ հիշողությունը կորցրած՝

Հիսուսին ամեն օր է խաչում…

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031