Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Տաթեւ-Աղվանի ավտոճանապարհին․ ո՞վ է պատասխանատու (ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2022 13:38

Երեւան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի Հալիձոր-Տաթեւ-Աղվանի հատվածում՝ դեկտեմբերի 8-ին երեկոյան անելանելի վիճակ էր ստեղծվել։ Հարյուրավոր մեքենաներ կանգնել էին ճանապարհի աջ ու ձախ կողմերին, իսկ ճանապարհը փակ էր։

Նկատում եմ՝ մեկը փորձում է «լեզու գտնել» ժամերով ճանապարհին կանգնած ավտովարորդների եւ ուղեւորների հետ։ «Ի՞նչ անեմ, մեր գործը ճանապարհը մաքրելն է, սառույց չկա, ձյուն չկա, ասֆալտը բաց է։ Հիմա փորձեմ կարգավորել»,-ասում է նա։ Ճանապարհը կարգավորողը պարզվում է, միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը սպասարկող «Ոսմար» ճանշինընկերության սպասարկման պատասխանատու Սարգիս Սարգսյանն է, որը համաձայնվում է ինձ էլ մասնակից դարձնել կարգավորման աշխատանքին։

Ճանապարհը միակողմանի բաց է, Սարգիս Սարգսյանը իր ավտոմեքենայով երթեւեկելով այդ հատվածով՝ հորդորում է վարորդներին աջ կամ ձախ կանգնել, հետո հերթի մեջ կանգնած մի քանի մեքենաների շարասյունով ուղեկցում է։ «Վարորդներն էլ են մեղավոր, որ նման վիճակ է ստեղծվում, չեն ուզում մեկը մյուսին զիջել»,-պարզաբանում է զրուցակիցս։ Նա զգուշացնում է մի բեռնատարի վարորդի, որ տեղից չշարժվի, բայց վերջինս չի ենթարկվում։ Ճաշինի պատասխանատուի եւ վարորդի նյարդերը տեղի են տալիս, մի քանի րոպե վիճաբանություն ու կարծես երկուստեք ելք են գտնում։

Տաթեւ ենք հասնում․ ծանրաքարշ մեքենաները չկարողանալով հատել ոլորանը՝ մնացել են ճանապարհի մեջտեղում՝ հնարավորություն չունենալով երթեւեկել։ Այստեղ է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը ճանապարհային ոստիկանների ու փրկարար ծառայության աշխատակիցների հետ փորձում է ելք գտնել։ Փրկարար ծառայության «Ուրալ»-ն են օգտագործում որպես քարշակ, որոշ մեքենաների օգնում է «Ոսմար» ընկերության տրակտորը։

Մի քանի ժամից հետո ճանապարհը դառնում է երթեւեկելի։ Ճանապարհը փակ լինելու պատճառը, ըստ պատասխանատուների միջպետական ավտոճանապարհի Տաթեւի 23-ից 24-րդ կմ հատվածն է, որն գրունտային է․ ավտոմեքենաների անվադողերը այդ հատվածով անցնելիս ցեխոտվում են, իսկ արդեն ասֆալտապատ ճանապարհի փորձում մաքրել ցեխը, ինչն էլ սառչում ու խոչընդոտում է երթեւեկությունը։ «Ոսմար» ընկերությունը հավաստիացնում է՝ օրը մի քանի անգամ այդ հատվածը մաքրվում է ցեխից։

Այսօր արդեն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել է, որ Մ-2-Աղվանի-Տաթեւ-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին եւ 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթեւեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով եւ որոշակի սահմանափակումներով։ Ըստ հաղորդագրության՝ թեթեւ մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթեւ նորակառույց ճանապարհով։

Ի դեպ, երեկ եւս, մի քանի մեքենա փորձեցին անցնել այդ նորակառույց ճանապարհով, որը շահագործման կհանձնվի առաջիկայում։

Ինչ վերաբերում է Մ-2-Աղվանի-Տաթեւ-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածի նորոգման աշխատանքներին, ապա դա պետք էր իրականացներ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը։ Ընկերությունը պատկանում է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսնուն՝ Դավիթ Բեգլարյանին։ Aravot.am-ը հարցում է ուղարկել տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն․ պատասխանը ստանալուց հետո կանդրադառնանք այս թեմային։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031