Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ քաղաքական հայացքներից՝ ես կլինեմ բոլոր մեղրեցիների համայնքի ղեկավարը»․ Սերգո Գալստյան (ֆոտոշարք)

Նոյեմբեր 13,2026 20:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Մեղրի համայնքի նորընտիր ավագանու օրենքի ուժով հրավիրված նիստի օրակարգում համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի երդման արարողակարգն էր։ Նիստը վարելու պատիվը տրվեց ավագանու տարիքով անդամին՝ 58-ամյա Ալեքսան Օհանջանյանին։

Ավագանու 15 անդամից նիստին մասնակցում էին 12-ը։ Քվորումն ապահովված է, և մեղրեցիների առաջ երդվելու համար ամբիոնի մոտ է հրավիրվում Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանը։ Երդման տեքստը ստորագրելուց հետո այն ի պահ հանձնվեց համայնքապետարանի աշխատակազմին։ «Հոկտեմբերի 25-ի ընտրություններում Մեղրիի բնակչության կողմից «Քաղաքացիական պայմանագրին» տրված քվեների 71,83%-ը ոչ թե պարզապես վստահության արձանագրում է, այլ նաև՝ անհապաղ և արդյունավետ աշխատանքի անցնելու հրամայական:

Քարոզարշավի օրերին մեր թիմն ընտրել էր «տնից տուն» անցնելու ձևաչափը՝ մտանք ձեր օջախները, սեղմեցինք ձեր ձեռքերը, լսեցինք ձեր մտահոգություններն ու հույսերը, մենք հավատացինք ձեզ, դուք մեզ»,-մասնավորապես ասաց Սերգո Գալստյանը։

Վերջինիս խոսքով՝ ինքը «համայնքային կառավարում՝ գործարար աշխարհից է մտնում, ուստի Մեղրիի զարգացման տեսլականը համոզված է, որ պիտի հիմնված լինի համայնք-բիզնես գործընկերության վրա։ «Նախատեսում ենք այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ տեղական փոքր ու միջին ձեռնարկատիրությունները, գյուղատնտեսությունն ու խոշոր արդյունաբերությունը կզգան համայնքի աջակցությունը, համայնքն էլ՝ իրենց աջակցությունը։ Իսկ բիզնեսի հաջողությունը՝ նոր աշխատատեղերի, ուժեղ տնտեսության հիմնումը ավելի մեծ հնարավորություններ են համայնքային մեր ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասաց նա։

Ըստ Մեղրի համայնքի նորընտիր ղեկավարի՝ ընտրական գործընթացներն ավարտված են, ու անկախ քաղաքական հայացքներից՝ ինքը բոլոր մեղրեցիների համայնքի ղեկավարն է։ «Մենք, մեր թիմը, համայնքապետարանի աշխատակազմը բաց են՝ առողջ քննարկումների և կառուցողական առաջարկների համար»,-իր խոսքը եզրափակեց համայնքի ղեկավարը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, շնորհավորելով մեղրեցիներին համայնքի նոր ղեկավար ունենալու կապակցությամբ, կարևորեց ներքին համերաշխության ու միասնական թիմային աշխատանքի շնորհիվ համայնքի արագ զարգացումը։

«Համայնքի առկա ներուժն արդյունավետ օգտագործելու և հանուն մեր երեխաների ապագայի առաջ շարժվելու համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ներդրում ունենալ Մեղրիի զարգացման գործում, միասին շենացնել համայնքը։ Յուրաքանչյուր ծրագիր, գաղափար ու առաջարկ, որը կբխի ժողովրդի շահից, կստանա մեր աջակցությունը։ Բոլոր խնդիրները լուծելի են, եթե կա միասնական թիմ»,-մասնավորապես ասաց մարզպետը։

Համայնքի նոր ղեկավարին ու ավագանու անդամներին ողջունելով՝ Մեղրու տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանն էլ նշեց, որ վստահության ձայնն ավելի պարտավորեցնող է։

«Աստված խաղաղ ընթացքով թող առաջնորդի ամենքիս։ Սիրո ու համերաշխության մթնոլորտում կարողանանք մեր Մեղրին ավելի շենացնենք, զարգացնենք՝ դարձնելով օրինակելի համայնք»,-ասաց հոգևոր առաջնորդը։ Տեր Ռաֆայելը նաև օրհնության կարգ կատարեց։

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի ավագանու 15 մանդատից 11-ը տրվեց «Քաղաքացիական պայմանագրին», 3-ը՝ «Ապրելու երկրին», 1-ը՝ Հայաստանի եվրոպական կուսակցությանը։ Ինչպես առաջին նիստին, այս անգամ էլ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները չմասնակցեցին նիստին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30