Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Ամանորը նշվել Հայաստանում

Դեկտեմբեր 26,2022 15:30

Նոր տարվա առաջին օրը, որ հայերն անվանել են Ամանոր (ամ՝ «տարի» և «նոր» բառերից) կամ Նավասարդ (հնդիրանական նավա՝ «նոր» և «սարդ»՝ տարի), վաղնջական ժամանակներից ձևավորված մի տոն է՝ կապված գալիքի բարեբեր ակնկալության հետ: Այն երբեմն անվանվում է նաև կաղանդ, տարեգլուխ, նորաբեր, ամանորաբեր և այլն:

Հայոց աշխարհում Ամանորը սկզբնապես տոնվել է մարտի 21-ին, որը հին տոմարով համապատասխանել է գարնան առաջին օրվան, հետևապես բնության զարթոնքին, երբ ցերեկը վերջապես հաղթում է գիշերին, լույսը՝ խավարին, որը մեր նախնիների պատկերացմամբ ընդունվում էր որպես բարության հաղթանակը չարի նկատմամբ: Այդ օրը հայոց դիցարանում վիշապաքաղ Վահագնի (ռազմի և հզորության աստված) ծննդյան օրն էր:

Հնում Ամանորը տոնվել է հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսող մի շարք երկրներում: Իրանում զրադաշտականության հետևորդները հավատում էին, որ յուրաքանչյուր ամիս և օր ունի իր հովանավորը: Ընդ որում, տարին սկսվում էր գարնանային օրահավասարով, որը գտնվում էր բարության և արդարության աստծո՝ Ահուրա Մազդայի հովանու ներքո: Հարկ է նշել, որ այդ հնագույն ամանորյա տոնակատարությունը հետագայում մուսուլմանական Նովրուզի հիմք դարձավ:

Բնական է, որ Հայոց նոր տարին նշվել է արիական մյուս ժողովուրդների հետ միաժամանակ, քանի որ նույնական էր աշխարհընկալումը: Հայոց նախահոր՝ Հայկի հետնորդները ընդունել են բնության պարբերականությունը՝ գարուն, ամառ, աշուն ու ձմեռ, որոնք նույնացվել են ծնունդի, հասունության, ծերության և մահվան հետ: Բնությունը ծնվում էր, ապրում և մեռնում աստվածների ու մարդկանց նման: Այնպես որ, բոլորովին էլ պատահական չէ մեռնող և հառնող աստվածների՝ իրանական Ահուրա–Մազդայի, հունական Ադոնիսի, սլավոնական Յարիլայի և հայկական Արայի մասին առասպելների նմանությունը: Այդ աստվածները ծնվում էին բնության զարթոնքի հետ, հասունանում և առնականանում՝ ամառային առատության, ծերանում աշնանային տերևաթափի և մահանում ձմեռային սառնամանիքների հետ, որպեսզի գարնանային ծաղկունքի հետ նորից հառնեն և ճառագեն մարդկությանը լուսեղեն ջերմություն: Հին արիացիները նոր տարվա սկիզբը համարում էին մարտի 21-ը՝ կենդանակերպ տարվա առաջին օրը: Նույնիսկ ուշ շրջանի գրչագրերն են հավաստում, որ միջնադարում էլ ժողովուրդը մշտապես գարնանամուտը համարել է տարեսկիզբ: Ազարիա Ջուղայեցին 1616թ. և Վարդան Կարբեցին 1707թ. տոմարներ կազմելիս նոր տարին համարել են մարտի 21-ը:

Ամանորը տոնվել է ամբողջ Հայաստանում: Գլխավոր տոնակատարությունները սկզբնապես կատարվել են Բագրևանդ գավառի Բագավան քաղաքում և ապա շարունակվել Աշտիշատում, Նպատ լեռան մոտ, Ձիրավի դաշտում և այլուր: Տոնակատարությունը սկսվել է վաղ առավոտից, երբ ծխացել են բոլոր տների ծխանները: Մարդիկ ծխանի ծխով շնորհակալ էին լինում աստվածներին, գլխավորապես Ամանորի աստծուն՝ Վանատուրին, այդ տարվա տան ծուխ ու կրակը կենդանի պահելու համար (այստեղից է խոսքը, թե՝ միշտ թող ծխա, անպակաս լինի տանդ կրակի ծուխը).

Ո՜ տայր ինձ զծուխն ծխանի

Եւ զառաւօտն նաւասարդի:

Ամանորի տոնակատարությունները միշտ ուղեկցվել են թմբուկների զարկերով, փանդիռների նվագակցությամբ և փողահարությամբ: Գլխավոր տոնակատարությունը թագավորի, արքունիքի և զորքի ներկայությամբ կատարվել է Բագավանի Վանատուր աստծո գլխավոր մեհյանի (բագին) մոտ, իսկ քրիստոնեական ժամանակներում նույն մեհյանի տեղում կառուցված Սբ Հովհաննես վանքում: Վանատուրը (բառացի նշանակում է հյուրընկալ, օթևան տվող, հյուրասիրող) նաև հին հայկական դիցարանի հյուրասիրության աստվածն էր: Ժողովուրդը իր գալիքի իղձերն ու երազանքները, հաջողությունների գրավականը կապում էր Վանատուրի բարերարության հետ: Հետագայում, շարժական տոմարի փոփոխմամբ, Ամանորը տեղափոխվել է ուշ ամառ՝ նավասարդի (օգոստոս) 11-ը: Ըստ տոմարագետների՝ նշվել է աշնանամուտին՝ օգոստոսի կեսերին: Մովսես Խորենացու վկայությամբ, այս տոնը սահմանել էր Հայոց Վաղարշ արքան: Նավասարդյան տոների մասին հիշատակություններ ունեն նաև Փավստոս Բուզանդը, Ագաթանգեղոսը և շատ ուրիշներ:

Ամանորի այդ տոնախմբությունը, որը տևել է մի քանի օր, ազգային միասնության մեծ խորհուրդ է պարունակել: Այդ օրերին տեղի են ունեցել նավասարդյան խաղեր, զանազան մրցություններ, խրախճանքի հանդեսներ, թատերական ներկայացումներ, կատարվել են ծիսական երգեր, պարեր և այլն: Այդ օրերից մեկը կոչվել է «գինարբուքի օր», երբ մարդիկ խմել են քաղցր հյութեր և թեթև խմիչքներ:

Ամանորյա ուտելիքը տարբեր գավառներում գրեթե նույնն է եղել, որը բնորոշել է տոնասեղանների միասնական ազգային բնույթը: Այդ սննդատեսակների մեջ առաջինը եղել է հայկական կլորհատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում: Եվ նոր տարվա սեղանին դրվել է հենց այդ ցորենից պատրաստված հացը, որպեսզի հայոց հեթանոս աստվածները բարեբեր դարձնեն նոր տարին: Այդ է պատճառը« որ մինչև այսօր էլ օգոստոսին հայկական շատ գյուղերում դեռևս տոնվում է «բերքի տոնը»:

Հայոց Կիլիկիայում ամանորյա գլխավոր տոնախմբությունները կատարվել են Ամանոսյան լեռների ստորոտում ( Մարաշ քաղաքի մոտ ): Հարկ է նշել, որ ամանորյա ողջ ծիսակարգը համընդհանուր է եղել ամբողջ պատմական Հայաստանի համար.

Հանճարդ Հայկյան, Նավասարդյան սա տոներուն

Արևափառ,

Ալ վերածնե փլատակներեն, և փառագոշ

Քնարդ առ:

Հետագայում, երբ 1582թ. Հռոմի Գրիգոր 13-րդ պապը տոմարական նոր բարեփոխումներ է կատարել, համաշխարհային օրացույցում հունվարը ընդունվել է որպես տարվա առաջին ամիս, իսկ տարվա առաջին օրը՝ նոր տարի, նվիրված հռոմեական Յանուս աստծուն: Հունվար ամսվա մասին պահպանվել է հետևյալ ավանդությունը. վեճ է եղել, թե տարվա առաջին ամիսը սկսել Յանուսից, թե Մարսից: Յանուսը համարվել է խաղաղության, իսկ Մարսը՝ պատերազմի աստված: Վիճաբանությունը ավարտվել է նրանով, որ մեծամասնությամբ որոշվել է նոր տարվա առաջին ամիսը սկսել Յանուսից (հունվար), այն ակնկալությամբ, որ ամբողջ տարին խաղաղ լինի: Հայաստանում պետականության բացակայության պայմաններում, Հայոց եկեղեցին պաշտոնապես 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հրահանգով հունվարի 1-ը ընդունել է որպես նոր տարվա առաջին օր:

Ամանորը նոր ակնկալիքների, հույզերի, խոհերի և բարեմաղթությունների խորհրդանիշն է՝ մեր համազգային գեղեցիկ տոներից մեկը: Եվ այժմ, երբ մոտենում է հերթական Ամանորը, մեր ժողովրդին մաղթում ենք խաղաղ գոյակցություն, ստեղծագործ միտք և բերքառատություն: Թող հայ ժողովրդի համար Ամանորը սկսվի որպես «Առավոտ լուսո, Արեգակն արդար…»:

Արմեն ԱՍՏԱՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

Լուսանկարում՝ Գորիսի 2022–ի տոնածառը։ Լուսանկարը Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031