Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանից բացի Եգիպտոս էլ են մեկնել, գնալը ներքին տուրիզմի հաշվին չէ»․ Մեխակ Ապրեսյանը՝ հայերի ամանորյա հանգստի մասին

Հունվար 04,2024 18:46

Այս տարի եւս Ամանորը Վրաստանում անցկացնող հայերի թիվը մեծ է։ Դեկտեմբերի վերջին օրերին հայ-վրացական սահմանին մեծ խցանումներ էին, մարդիկ սոցիալական ցանցերում հարցադրումներ էին անում՝ ինչո՞ւ են հայերը նախընտրում մեկնել Վրաստան։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Առավոտի» հետ զրուցում, անդրադառնալով այս հարցին, ասում է՝ Վրաստանից բացի հայերը Եգիպտոս էլ, այլ երկրներ էլ են մեկնել՝ դիմավորելու Ամանորը։ «Ինչպես նաեւ, Ջերմուկ էլ գնացին, Ծաղկաձոր էլ գնացին, Հայաստանում էլ հանգստացան։ Ես կարծում եմ, որ այդ գնալը ներքին տուրիզմի հաշվին չէր, գնում են նրանք, որոնք նախընտրում են ճամփորդել, ոչ թե մտածում են, որ այստեղ թանկ է։ Միեւնույն ծառայությունն ու ապրանքը, եթե համեմատում ենք Վրաստանի հետ, մենք բավական մրցունակ ենք, այնպես չէ, որ մեզ մոտ գները մրցունակ չեն, դրա համար գնում են Վրաստան»,- ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Հայաստանի հանգստավայրերում տեղ չլինելու պատճառով են հայաստանցիները մեկնել արտերկիր։ «Մեր հանգստավայրերը զբաղված են եղել։ Իհարկե, վիճակագրությունը հետագայում ավելի հստակ ցույց կտա պատկերը, բայց Ամանորին մեր տարբեր հանգստավայրերում զբաղվածություն ունեցել ենք»,- հավելեց նա։ Անդրադառնալով գներին՝ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանում գնաճ կա, ոչ միայն տուրիզմի, այլ ընդհանրապես ծառայությունների ոլորտում։ «Տուրիզմի ոլորտում գրանցված գնաճին նպաստել է նաեւ դոլարի եւ եվրոյի նկատմամբ դրամի արժեւորումը։ Գների 10 եւ ավելի տոկոս աճ ունենք հանրային սննդի ոլորտում»,- նշեց մասնագետը։

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ 2023 թվականի 11 ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպի Հայաստան այցելությունների թիվը զգալի աճել է։ «11 ամսվա տվյալով՝ մենք մոտավորապես 2․2 մլն ներգնա զբոսաշրջային այցելություն ենք արձանագրել, ինչը նույնիսկ 2019 թվականի ցուցանիշն է զգալիորեն գերազանցել․ 2019 թվականին մենք ունեցել ենք 1 մլն 894 հազար այցելություն։ Հարցն այն է, որ այս ցուցանիշի մեջ կազմակերպված տուրիզմը դեռեւս շատ չնչին տոկոս է կազմում, հիմնականը անհատական այցելություններն են։ Իսկ մենք մեր առջեւ պետք է դնենք կարեւոր խնդիր՝ վերականգնել, զարգացնել կազմակերպված տուրիզմը, որովհետեւ կազմակերպված տուրիզմն է, որ առավել պատասխանատու եւ կայուն տուրիզմ է, եւ դա է առավելապես նպաստելու մեր քաղաքականության նպատակների իրականացմանը»,- հավելեց մեր զրուցակիցը։

2023 թվականի 11 ամիսներին Հայաստան ժամանածների ավելի քան 50 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունից են, հաջորդում են Իրանը, Վրաստանը, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031