«Իրենք էլ են նկարել, թող մի հատ կադր ցույց տան, որ մենք իրենց կյանքին սպառնացել ենք, կամ իրենց կյանքը վտանգի տակ է եղել։ Էդ իրենք են մեր կյանքին վտանգ ներկայացրել, եկան ներխուժեցին, անչափահաս երեխաներ կային, վախեցել էին»,-Aravot.am –ի հետ զրույցում ասում է հանրային գերակա շահ ճանաչված Երեւանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը։


Կարդացեք նաև
ԴԱՀԿ-ն հունվարի 13-ին հայտարարություն էր տարածել՝ ըստ որի, ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունները եղել են դատարանի որոշմամբ։

Իսկ ԴԱՀԿ հայտարարության մեջ նաեւ նշվում է՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-49-րդ հոդվածների համաձայն՝ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք։

Այս թաղամասը գերակա շահ ճանաչվել է 2006 թվականին, նախատեսված էր նոր թաղամաս կառուցել։ Սակայն ներդրումային ծրագիրը ձախողվեց։ Հետո 2018-ին ամբողջ տարածքը կրկին հանրային գերակա շահ է ճանաչվել։ Եվ կրկին, նախատեսվում է այստեղ բնակելի թաղամաս, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ կառուցել։ Իսկ ծրագիրը կյանքի կոչելու համար՝ նախ տարածքի բնակիչներից իշխանությունները պետք է «ազատվի»։ Ֆիրդուսի բնակիչներն ասում են՝ այսօրվա իշխանությունների գործելաոճը ոչնչով չի տարբերվում նախկիններից՝ կրկին չնչին փոխհատուցումներ են առաջարկում հանրապետության գլխավոր հրապարակին կից տարածքի համար։ Կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոմփենթ»-ն, ըստ բնակիչների, առաջարկել է 750 դոլար 1 քմ-ի դիմաց, մինչդեռ այդ տարածքում բնակելի համալիրում բնակարանի 1քմ-ի գինը սկսվում է 3000 դոլարից։
Տարածքի սեփականատերերից շատերը 750 դոլարով գործարքին համաձայնել են, պայմանագիր կնքել են։

Ռաֆայել Սաֆարյանը պայմանագիր չի կնքել, վիճելի հարցեր կան։ Կառուցապատողը հաշվի չի առնում Սաֆարյանին պատկանող ամբողջ տարածքը, ընդ որում՝ եղածն էլ գնահատում է շուկայականից շատ ցածր։
«815 քմ հողամասի վրա կառուցված է 450 քմ բնակելի տուն՝ պետական գրանցումով, 360քմ-ն ոչ օրինական է, որի համար գույքահարկ եմ վճարում երկար տարիներ, բոլոր փաստաթղթերն ունեմ։ 185քմ-ն էլ վիճելի է տարածք է՝ կառավարության, կադաստրի, քաղաքապետարանի հետ վեճերի մեջ եմ։ Քանի տարի է՝ ձգում են, որոշում չեն կայացնում։ Ասում եմ՝ եթե քաղաքին է պատկանում, թող փաստաթղթերն ու հիմքերը ցույց տան, ասեմ՝ բարով վայելեք։ Իսկ ես փաստաթուղթը ցույց եմ տալիս, որ 30 տարուց ավելի է՝ իմ տարածքն է։ Դատական հայց ենք ներկայացրել 185քմ-ի համար, իրենք անընդհատ դատին չեն ներկայանում։ Միտումնավոր են գործում, բայց ես բոլոր թղթերն ունեմ, ինչո՞ւ չեն օրինականացնում»,-ասում է Ռաֆայել Սաֆարյանը։ Իսկ թե ինչու չեն օրինականացնում, իրականում նրա համար պարզ է՝ որպեսզի փոխհատուցում չտան։
«Մենակ հողի արժեքն են տալիս, շենքը չեն հաշվում»,-ասում է Ռաֆայել Սաֆարյանը։ Նա վստահեցնում է՝ չի նահանջելու, անպայման դիմելու է ՄԻԵԴ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































