«Ինչո՞ւ պետք է Կովկասը լինի ռազմական գործողությունների տարածք, եթե ոչ բարգավաճող տարածք»,- Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի ընթացքում հրավիրված «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով հրատապ բանավեճ-քննարկման ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոշտ ելույթներ ունեցան Ադրբեջանի դեմ՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։ Նրանցից որոշները հայտարարեցին, որ այսպես կոչված «բնապահպանական ակտիվիստներին» Ադրբեջանի իշխանություններն են ֆինանսավորում։ Նրանցից շատերը քննադատեցին նաև ՌԴ-ին։ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը հայտարարեց․ «Ռուսաստանը քաոս է ստեղծում դրանից շահ ստանալու համար։ Մինչդեռ ԵՄ-ն ինքը պետք է երկու երկրներին բերի կայուն խաղաղություն, որովհետև մեր եվրոպական արժեքներից է բխում տեսնել խաղաղ և բարգավաճող Կովկաս»։
Նատալի Լուազոն քննադատեց Ռուսաստանին․ «Ասում են՝ իբր ռուս խաղաղապահները ապահովում են Լաչինի միջանցքի անխափանությունը։ Իրականում նրանք ոչինչ չեն անում։ Իրականում ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ այս թունավոր հակամարտությունը մնա չլուծված։ Այն, ինչ անում է Ալիևը, ավելին է, քան շրջափակումը։ Իսկ ի՞նչ ենք մենք՝ եվրոպացիներս, անում։ Ոչինչ»։
Կարդացեք նաև
Պատգամավոր Բերտ-Յան Ռաուսենը ևս քննադատեց Ռուսաստանին․ «Հասկանալի է, որ Ադրբեջանն է կանգնած այս ամենի հետևում։ Վերջերս այդ երկիրը նաև հարձակվեց ՀՀ տարածքների վրա։ Սա պետք է դադարեցնել։ Հասկանալի է, որ ՌԴ-ն չի հարգում 2020-ի պարտավորությունները, և մենք պետք է մեր պարտավորությունները կատարենք։ Պետք է ավելի մեծ թվով եվրոպացի դիտորդներ ուղարկենք և ավելի մեծ ճնշում գործադրենք Բաքվի վրա»։
Պատգամավոր Միխելսն էլ ահազանգեց․ «Մարդիկ սառչում ու քաղցում են Լեռնային Ղարաբաղում։ Նրանց պետք է օդային կամուրջ։ ԵՄ-ն պետք է դադարեցնի երկակի ստանդարտները, որովհետև մենք գիտենք, որ Ադրբեջանի գազին տիրապետում է Ռուսաստանը։ Եթե ԵՄ հանձնաժողովը և նախագահն ուզում են իրենց հայելու մեջ նայել կարողանալ, պետք է կանխեն այս անմարդկային աղետը Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջոցով»։
Նա նշեց, որ ամոթալի կլինի ԵՄ-ի համար կիրառել երկակի ստանդարտներ ադրբեջանական գազի պատճառով։
Պատգամավոր Էմանուիլ Ֆրակոսը հայտարարեց․ «Հայ բնակչությանը օդային կամրջի միջոցով փրկելը նվազագույնն է, որ պետք է անենք մինչև այս շաբաթվա վերջ»։
Պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն էլ կարևորեց, որ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը կարողանա հասանելիություն ունենալ Լաչինի միջանցքին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































