Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում, լիագումար նիստերին զուգահեռ, ընթացավ քննարկում Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմայով՝ «Հետամուտ լինելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցին․ Շտրասսերի զեկույցի մերժումից տասը տարի անց» խորագրով։ Այս քննարկմանը ներկա էր նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեծամասնությունը, մինչդեռ ներկա չէր Ադրբեջանից ոչ մի պատվիրակ։



Կարդացեք նաև
Եվրոպական կայունության նախաձեռնության ղեկավար Ջերալդ Կնաուսը կարևորեց, որ հետաքննությունը տարվի մինչև վերջ, քանի որ մինչև հիմա էլ այս գործով շատ անձինք, որոնք կաշառք են վերցրել Ադրբեջանի կողմից, կամ մասնակցել են այդ գործարքներին, ազատության մեջ են։ Ադրբեջանի կողմից կաշառված ԵԽԽՎ պատգամավորների անուններ տալով՝ նա ասաց․ «Օրինակ՝ մի պահպանողական իսպանացի պատգամավոր կար, որը միշտ պատրաստ էր գնալ Ադրբեջան։ Կամ Պեդրո Ագրամունտը պատրաստել էր զեկույց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ, որն իրականում ծուղակ էր, որպեսզի Վեհաժողովը կողմ քվեարկեր այդ փաստաթղթին, այլ ոչ թե պարոն Շտրասսերի զեկույցին։ Նա ասել էր ինձ, որ իբր Ադրբեջանի կառավարությունն իրեն խոստացել է, որ բոլոր ազատազրկվածներն ազատ կարձակվեն։ Բայց մենք գիտեինք, որ Շտրասսերի զեկույցի ընդունումից հետո հրատապ կերպով պետք է ազատ արձակվեին բոլոր քաղբանտարկյալները, այդ թվում՝ Անար Մամմադլին։ Նրա ազատազրկումից անմիջապես հետո Ադրբեջան է այցելում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ու մի հայտարարություն տարածում՝ սա լավ սկիզբ է Ադրբեջանի նախագահության համար՝ ոչինչ չասելով այդ ազատազրկման մասին։ Այդ ժամանակներում ԵԽԽՎ-ն նույնիսկ ավելի կոռումպացված էր, քան ՖԻՖԱ-ն։ Իտալացի դատախազները պարզել էին, որ եղել է կասկածելի գործարք՝ 2,4 միլիոն եվրոյի, բայց այդ անձն անգամ խոստովանել էր, որ իր հետ կնքվել է 10 միլիոն եվրոյի պայմանագիր»։
Ջերալդ Կնաուսը ցավով նշեց, որ այս հանցագործություններում ներգրավված շատ անձինք ջրի երես դուրս չեն եկել։ Նա վստահեցրեց՝ իրենց կատարած հետազոտությունները վեր են հանել հարյուրավոր անձանց, որոնք ներգրավված են այս հանցագործության մեջ, բայց նրանցից շատերը խուսափել են պատասխանատվությունից։
Քննարկմանը մասնակցում էին նաև Էլդար Մամեդովի ղեկավարած Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից։ Նրանից մեկը հայտարարեց․ «Ես քաղբանտարկյալներից շատերին անձամբ գիտեմ, իմ ընկերներն են: Շնորհակալություն պարոն Շտրասսերին, ես հիշում եմ՝ մեր հանձնաժողովը կողմ էր քննարկել այդ բանաձևին։ Այս հարցերը միշտ պետք է լինեն ԵԽԽՎ օրակարգում։ Դուք կարող եք միշտ վստահ լինել Ադրբեջանի ընդդիմադիր հատվածի, քաղհասարակության աջակցության վրա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































