Դատապարտում ենք բարեկամ Իրանի և բարեկամ ժողովրդի, այդ թվում՝ Իրանում բնակվող բոլոր հայերի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված այս պատերազմը։ Ամբողջությամբ զորակցություն ենք հայտնում Իրանին, միշտ ձեր կողքին ենք բոլոր առումներով։ Անհրաժեշտության դեպքում ձեզ հետ միասին կռվելու ենք մեր բարեկամ Իրանի ու Իրանի բարեկամ բոլոր թշնամիների դեմ,- այսօր Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց «Դեմ ենք Թրամփի արյունոտ քաղաքականությանը» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ Իրանի դեսպանատան ներկայացուցչին խոստացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, «Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը։
Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլև հայ ժողովրդի բարեկամ, բնական դաշնակից պետություն է։ Ինչու է ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին պատերազմական գործողություններ սկսել բարեկամ Իրանի դեմ, պետք է հենց ԱՄՆ նախագահին հարցնել։ Եկել ենք այսօր դատապարտելու այդ պատերազմական գործողությունները,- լրագրողներին ասաց Ասրյանը՝ ընդգծելով, որ պատրաստ է իր ջոկատով մեկնել Իրան, իրանահայերից կազմավորել 5000-հոգանոց ջոկատ և Իրանի «Հեղափոխության պահապաններ» կորպուսի հետ ոչ միայն պաշտպանել Իրանի ողջ ժողովրդին՝ այդ թվում այնտեղ բնակվող հայերին, այլև նրանց հետ միասին կռվել Իրանի արտաքին թշնամու դեմ։
Այս պատերազմը շատ վատ ազդեցություն կունենա ՀՀ-ի համար՝ մեր տարածքային ամբողջականության, տնտեսության ու բոլոր առումներով,- հավելեց Ասրյանը։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































