Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործը փրկվելու որևէ շանս չունի». Սերժ Սարգսյանի պաշտպան

Փետրվար 02,2023 19:44

«Դիզվառելիքի գործով» այսօրվա նիստում դատարանը հետազոտեց պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը: Նախորդ նիստում պատասխանողի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն էր նաեւ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացրել, որոնք մանրամասներ էին պարունակում վկայի՝ տվյալ շրջանի ֆինանսական վիճակի եւ կարողությունների մասին:

Պաշտպանի պնդմամբ՝ վկա Սևան Քոչարյանի ընկերության ֆինանսական կարողությունների փոփոխությունը սերտորեն կապված է երրորդ նախագահի դեմ գործ հարուցվելու հետ, ինչը, նրա պնդմամբ, պատահական չէ. «Հարգելի դատարան, բոլոր փաստաթղթերը, դատական ակտերը Ձեր ձեռքի տակ են, ինքներդ կարող եք համոզվել: Սևան Քոչարյանի ընկերության սնանկության գործը հինգ տարի տեղից չի շարժվել, բայց հենց նա երրորդ նախագահի դեմ հաղորդում է ներկայացրել, գործն արագորեն լուծվել է : Քավ լիցի, ես չեմ մեղադրում ոչ մի դատավորի, պարզապես այսքան համընկնումները պատահական չեն» :

Դատախազը հակադարձեց՝ ասելով, որ սույն գործով Սևան Քոչարյանի ֆինանսական խնդիրները չեն վիճարկվում, վկան ինքն է հարցաքննության ժամանակ հայտնել, որ ունեցել է ֆինանսական դժվարություններ :

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց վկայի ֆինանսական կարողությունները բացահայտող դատական ակտերը և այլ դատավարական փաստաթղթերը թողնել գործում՝ գործին կցված այլ փաստաթղթերի կարգավիճակով՝ դեռևս դրանց չտալով ապացույցի կարգավիճակ :

Ավարտելով հաջորդ դատական նիստը՝ հաջորդը նշանակվեց փետրվարի 23-ին ժամը 14 :00-ին :

Նիստի ավարտից հետո դատարանի բակում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զրույց ունեցավ նիստին ներկայացած քաղաքացիների հետ, իսկ վերջինիս փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց. «Անկախ նրանից՝ դատարանը իմ ներկայացրած փաստաթղթերին կտրամադրի ապացույցի կարգավիճակ թե ոչ, դրանք օրինական ուժի մեջ մտած ակտեր են, ապացուցում են փաստեր, որոնց մասին մենք խոսել ենք: Դատարանն իրավամբ նշեց, որ մենք կարող ենք այդ փաստաթղթերի վրա հղումներ կատարել: Այս պահին ես չեմ անդրադառնա դրանք ապացույց ճանաչելու հարցին, որովհետև դրանք անքննելի են: Այսինքն, այս գործով դատավորը չի քննելու այդ փաստերը, նա պարզապես դիտարկելու է դրանք այս գործի համատեքստում»:

Ի պատասխան լրագրողների այն պնդմանը, որ դատախազը շարունակ փորձում է հասնել պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերի՝ գործից հանվելուն, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ տեսնում է, թե ինչպես է դատախազը փորձում փրկել այս գործը, սակայն հավաստիացրեց, որ այս գործն ի սկզբանե մեռելածին էր և փրկվելու որևէ շանս չունի:

Հիշեցնենք, այս գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728