Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հաթաթայի տոնով է խոսել. հա, բա հո չէ՜ր տալու ինձ սպաներ». «դիզվառելիքի գործով» վկա Սեւան Քոչարյանը պատմում է իրեն շուկայից դուրս մղելու մասին

Հունվար 26,2023 20:44

Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ գյուղնախարարությանը մատակարարվելիք դիզվառելիքի այդ տարվա մրցույթում հանցագործություն է տեղի ունեցել եւ ինչպե՞ս են ձեզ շուկայից դուրս մղել. հարցը «դիզվառելիքի գործով» նիստի ժամանակ այսօր հիմնական վկա Սեւան Քոչարյանին հարցրեց մեղադրողը:

Հիշեցնենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր «դիզվառելիքի գործով» նիստը: Գործը գտնվում է վկաների հարցաքննության փուլում: Այսօր շարունակվեց առանցքային վկա Սեւան Քոչարյանի հարցաքննությունը: Այդ գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Վկան պատասխանեց, որ գյուղնախարարության կարիքների համար պահանջվող դիզվառելիքը մշտապես մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը՝ առանց մրցույթի, ու ինքը մինչ օրս էլ զարմացած է ու չի հասկանում, թե 2013-ին ինչո՞ւ են իրեն զանգահարել եւ առաջարկել մասնակցել մրցույթին կամ գնային առաջարկ են արել: «Նախարար մարդ եմ, կարող է ես ձեւական բան եմ ասում»,- վկան հիշեցրեց Եղիշե Վարդանյանի հարցին՝ հնարավո՞ր է մրցույթը ձեւական է, Սերգո Կարապետյանի տված պատասխանը ու շարունակեց, որ ներկայացված առաջարկներից շահում է ամենաթանկ գնային առաջարկ ներկայացնող ընկերությունը՝ տվյալ պարագայում է «Ֆլեշ» ընկերությունը, ինչի արդյունքում մոտ 300 միլիոն դրամ գումար ավել է վատնվում, ինքը համարում է, որ պետությանը վնաս է պատճառվել, քանի որ այդ ծրագրում պետությունը սուբսիդավորում էր: Հանցագործության մասին նրա հայտարարությունը այս հաշվարկի հիման վրա է: Վկան նաեւ հավելեց, որ պնդել չի կարող, բայց ավելի ուշ իմացել է, որ «Ֆլեշ» ընկերության ներկայացրած 440 դրամը հետագայում, ինքը լսել է, որ դարձել է 153 դրամ ու ասաց, որ ըստ այդմ, պետությանը պատճառված վնասի չափն էլ է ավելանում: Նա պնդում է, որ թյուր է կարծիքը, թե չեն շահել մրցույթը, քանի որ իբրեւ չէին կարող սպասարկել պահանջվող ծավալը եւ հակադարձում, որ եթե շահեին ու չկարողանային սպասարկել՝ ավելի շատ վնասներ կկրեին, քան ծրագրից ակնկալվող օգուտն էր:

Մեղադրողի հարցին՝ ինչո՞ւ է իր կարծեցյալ հանցագործության մասին լռել եւ ավելի վաղ հաղորդում չի ներկայացրել, վկան պատասխանեց, որ մի քանի տարի առաջ դրա իմաստը չի տեսել, թե ինչո՞ւ՝ ասաց՝ «ես այդպես էի մտածում» ու հավելեց, որ հիմա էլ կասկածում է, թե ինչո՞ւ է հայտարարություն տվել, ուր մնաց այն ժամանակ: «Ամեն ինչին տեղյակ լինելով…մտածում էի, որ արդյունք չի լինի»: Թե ո՞րն է «ամեն ինչը», վկան կրկին սկսեց պատմել, թե ինչպես են մի քանի անգամ իր ընկերություններին պատկանող մեքենաները մնացել մաքսակետում: Քննիչի հուշումին ընդառաջ գնալով էլ ասաց, որ խնդիրը իրավապահ եւ մաքսային մարմինների վստահությանն էր վերաբերվում:

Իսկ իրեն շուկայից դուրս մղելու մասով էլ վկան ասաց, որ ինչպես ինքն է ընկալել, «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը իր հետ «հաթաթայի տոնով է խոսել. հա, բա հո չէ՜ր տալու ինձ սպաներ»: Ավելի ուշ, դատավորի հարցին ի պատասխան, ասաց, որ նրա ահաբեկումները որեւէ անգամ իրականություն չեն դարձել: Նա՝ ի պատասխան մեղադրողի պնդման հայտարարեց, որ դիզվառելիք ներկրող այլ ընկերությունների հետ ինքը որեւէ խնդիր չի ունեցել, բացի «Ֆլեշ» ընկերությունից: Ամրամ Մակինյանը միտում տեսավ, որ մեղադրողը  մի քանի անգամ նման հարց տվեց՝ վկայից ստանալով «Ֆլեշ» ընկերության անունը՝ «վերջում էլ ասաց՝ շնորհակալություն»:

Պաշտպանական խմբի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հետաքրքրվեց, թե մոտ 12-13 տարի շուկայում միաժամանակ տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում, ինչպե՞ս պատահեց, որ խիստ որոշակի ժամանակաշրջանում «Ֆլեշ» ընկերության ներկայացուցիչը սկսեց իր հետ «հաթաթայով խոսել ու դեմը փակել»: «Ես հո օդից չեմ խոսում: Ինչ-որ դուք հարցնում եք, էդ հարցը լավ կլինի տաք «Ֆլեշ» ընկերությանը: Պատասխանը ստացեք՝ ինչի՞ չեն փակել»,-ասաց Սեւան Քոչարյանը:

Ամրամ Մակինյանը նաեւ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է վկան քննիչին ոչ ճիշտ, ոչ լիարժեք տեղեկատվություն փոխանցել՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ դիզվառելիք ներկրող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ տեղի ունեցած զրույցի մասին: Իր երկու ցուցմունքներում վկան պնդել է, որ ներկա է եղել վարչապետի հետ հանդիպմանը, այդ հանդիպման ժամանակ, վարչապետը խոսել Հայաստան ներկրվող դիզվառելիքի սահմանափակումների մասին, որոնք վերաբերվել են որոշ ընկերությունների: Հետո, քննիչը պարզել է, որ խոսակցության ժամանակ վարչապետը ներկորղներին ասել է, որ այսուհետ ստուգումներն ավելի խստացված են լինելու, վկան էլ պատասխանել է, որ հանդիպմանն անձամբ ներկա չի եղել, խոսակցություններից իր լսած տեղեկությունների հիման վրա է ցուցմունքներ տվել: Մեղադրողը՝ նկատի ունենալով, որ գործի որոշ հատվածներ առանձնացվել են այս քրեական վարույթից, վկայի ցուցմունքներում կան բաներ, որոնք այս գործին չեն վերաբերվում, հայտարարեց, որ առարկում է հարցին ու հորդորեց հստակեցնել, թե հարցով պաշտպանը կոնկրետ ո՞ր հանգամանքն է ցանկանում պարզել, քանի որ կարող են լինել հանգամանքներ, որոնց ինքը չի տիրապետում: Ամրամ Մակինյանը համաձայնեց, որ դրվագը սույն գործին չի վերաբերվում, բայց ամբողջական պատկերի համար, հարցը կարեւոր է: Հարցը հանվեց:

Վկային բարկացրեց պատասխանողի ներկայացուցչի հարցը, թե ինչո՞ւ է 2019 թվականին բողոք ներկայացրել՝ ենթադրյալ հանցագործության մասին: Նա ասաց, որ հարցին արդեն պատասխանել է:

«Դուք շատ լավ գիտեք՝ այդ հարցի պատասխանը»,- զայրացած պատասխանեց վկան, ապա արժանանալով դատավորի դիտողությանը, ասաց՝ այդ ժամանակ է նպատակահարմար գտել, այդ ժամանակ է հայտարարություն տվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031