Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի ընկալման համաթվի նվազմանը նպաստել են դատաիրավական համակարգի խնդիրները․ Հովհաննես Ավետիսյան

Փետրվար 06,2023 21:50
domino

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային  կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ ԿԸՀ-ն:

Ըստ այդ ցուցանիշի, Հայաստանի ԿԸՀ 2022 թվականի գնահատականը նախորդ տարվա համեմատ նվազել է, և հավասար է 46-ի, ինչը  3 միավորով պակաս է նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։  Հայաստանի համաթիվը  2017-ին եւ 2018-ին՝  35 էր, 2019-ին՝ 42:

Կազմակերպությունը 13 աղբյուրների տվյալների հիման վրա է վերլուծություն արել ու կազմել համաթիվը, օրինակ՝ «Ֆրիդոմ Հաուս»,  «Ժողովրդավարության բազմազանության ծրագիրը», Համաշխարհային բանկի «Երկրի հանրային քաղաքականության եւ ինստիտուցիոնալ համակարգի գնահատում», Համաշխարհային տնտեսական ֆորումի «Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցումը», Արդարության համաշխարհային ծրագրի «Օրենքի գերակայության համաթվի փորձագիտական հարցումը»։

Հովհաննես Ավետիսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Aravot.am-ի հետ զրույցում հանրային կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն առանձնացնում է, թե որ ոլորտների ցուցանիշներն են ազդել Հայաստանի համաթվի նվազման վրա։  Նա նշում է՝  իշխանության տարանջատումն ու հավասարակշռությունը, այս սկզբունքը, ըստ վերլուծության,  վատ վիճակում է, նույնը՝ իրավապահ մարմիններում բարեվարքության սկզբունքը, դատական համակարգի անկախությունը, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների հարթակները (ֆիզիկական եւ համացանցային), լրատվական դաշտի ազատությունն ու անաչառությունը։

Ավետիսյանն ասում է՝ 2018-ից հետո այս համաթիվը աճել էր, սակայն  դա պայմանավորված էր մարդկանց դրական սպասումներով, որ համակարգային խնդիրները կլուծվեն, սակայն կարճ ժամանակ հետո տեղի ունեցան այնպիսի երեւույթներ, ինչպիսք են դատական համակարգի նկատմամբ ոտնձգությունները, երբ վարչապետը հայտարարեց շրջափակել դատարանները, հետո ՍԴ -ի վրա «հարձակումներ» եղան․ «Հետո տեսանք սեփական կամակատար անձին (նկատի ունի Կարեն Անդրեասյանին, Ն․Բ․) ԲԴԽ-ի ղեկավար նշանակելը։  Սա նշում եմ, որովհետեւ այդ անձին, երբ հարցրել էին, թե ինչո՞ւ է Փաշինյանի լուսանկարը փակցրել իր գրասենյակում, ասում էր՝ դա ինձ զգաստացնում է։ Սրանից կարող ենք հետեւություն անել, որ այդ անձը իր գործողություններով կառավարվում է գործադիր մարմնի ղեկավարի կողմից»։

Ավետիսյանը նաեւ առանձնացնում է դատական համակարգում տեղի ունեցող երեւույթները, որոնք ցույց են տալիս, որ  այդ ոլորտը իշխանությունից  անկախ լինելու լուրջ խնդիր ունի։ Նշված խնդիրներն անդրադառնում են  կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմելու հաշվետվության վրա։

Նա հիշեցնում է՝ պետական  կառավարման բարեփոխումների ռազմավարությունն  ընդունվել է  մի քանի ամիս առաջ, մինչդեռ  վարչապետի որոշմամբ նախատեսվում էր նախագիծը ունենալ 2019-ի վերջին։ Ռազմավարության իրականացումը, ըստ փորձագետի, մեղմ ասած՝ բարվոք վիճակում չէ․ «Պետական կառավարման հատվածն ի սկզբանե մեծ բեռ է հանրութան վրա, եւ  մեծ միջոցներ է վատնում։ Այդ վատնվող միջոցներով հանդերձ՝ մարդկանց մոտ կոռուպցիայի  ընկալման ցուցիչը մեծանում է, երբ օրինակ՝ գնում են պետական մարմնից որեւէ լիցենզիա ստանալու,  դա տեւում է ամիսներ,  կամ որեւէ խնդրով դիմում են պետական մարմնին,  խնդիրը չի լուծվում, այլ ավելի է բարդանում։ Նման օրինակները շատ են, դրանք եւս ազդում են համաթվի նվազման վրա: Եվ պետական համակարգում էական վերափոխումների դանդաղումը կամ շարունակաբար հետաձգումը նույնպես կարող է հանգեցնել այս ցուցանիշի գնահատականի նվազման»։

Կոռուպցիայի ընկալման համաթվի նվազման վրա ազդել են նաեւ իրավապահ համակարգում առկա խնդիրները։ Ավետիսյանն ասում է՝ ընտրանքային արդարադատություն է մեր երկրում․«Երբ օրինակ այսպես ասած՝ նախկիններն ավելի շատ են թիրախավորվում»։

Փորձագետը համոզված է՝ մյուս տարի, եթե ճիշտ գնահատումներ լինեն, ապա   ցուցանիշն ավելի է նվազելու։

Ընդհանրապես, պետական պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ մեր  երկրում համակարգային կոռուպցիա չկա։ Եւ օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինությամբ ընկերությունը կամ մեկ այլ պաշտոնյայի հետ փոխկապակցած ընկերություն պետական գնումների մրցույթներ են շահում,  վարչապետն այստեղ խնդիր չի տեսնում։  Իսկ Ավետիսյանը նշում է, թե նման երեւույթներն ինչպիսի կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, եւ ինչպիսի շահեր կարող են պարունակել։

Նա նշում է. «Օրինակ երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ծանոթ մեծահարուստների հետ հանգստի են գնում, ապա այս եւ նման երեւույթները նույնպես պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, մասնավորապես հնարավոր հովանավորչության տեսքով»:

Հիշեցնենք՝  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Փաշինյանի աներոջ որդին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի  հետ  իրենց հանգիստն անցկացրել են   հունական Միկոնոս կղզում, որից հետո, ըստ լրատվամիջոցների հրապարակումների,  Բադալյանի եղբորորդին  ձեռք է բերել ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, որը որպես կասկածելի ծագման գույք անցնում էր քրեական գործով։

Փաշինյանն օրինակ այս երեւույթներում խնդիր չի տեսնում, իր ասուլիսում ասել է՝ հին ընկերներ են։

«Այդ երեւույթներում իշխանության հնարավոր չարաշահման դրվագներ կան, որոնք գուցե մենք չիմանաք, չնկատենք։ Օրինակ՝ ԱԺ-ն կարող է ընդունել օրենք, որով այդ խոշոր գործարարին տրվեն արտոնություններ, կամ կարող է տարածքներ գնելու ձեւով, որեւէ գործունեություն ծավալելու միջոցով հովանավորչությունն ու իշխանության չարաշահումն արտահայտվել։ Իհարկե, նշված դրվագներում կոռուպցիոն ռիսկեր կան։ Ասենք՝ ինչպես է լինում, որ ԱԺ նախագահի եղբոր կառավարչական հմտությունները, որի ղեկավարած ընկերությունը պետական մրցույթներ է շահում, ի հայտ են գալիս Սիմոնյանի բարձրաստիճան պաշտոնյա դառնալուց հետո։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձինք հանրային միջոցներ են կառավարում, բաշխում եւ վերաբաշխում դրանք, եւ հետեւաբար, նրանք շարունակաբար պետք է լինեն լրատվամիջոցների խոշորացույցի տակ: Հանրությունը պետք է տեղեկացված լինի այս պաշտոնյաների ցանկացած բնույթի գործունեության վերաբերյալ եւ սրանում լրատվամիջոցների դերը անգնահատելի կարեւոր է»,-ասում է Հովհաննես Ավետիսյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728