Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայ պետական գործչի վարքականոնի նախագիծ է մշակվում

Փետրվար 22,2023 12:30

Հարցազրույց Էթիկայի դպրոցի տնօրեն Գեւորգ Մկրտչյանի հետ

– Հարգարժան Գեւորգ, 17-րդ դ., Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի գահակալության ժամանակ է կիրառվել էթիկետ տերմինը, բնականաբար, էթիկետը փոփոխությունների է ենթարկվել եւ կարելի է ենթադրել նաեւ, որ դրանցում դերակատարում ունեն ազգային առանձնահատկությունները։ Օրինակ, այսօր էլ կանանց շրջանում քննարկման թեմա է դառնում՝ ո՞րն է ճիշտ՝ պայուսակը դնել գետնին, ծնկներին, սեղանին, թե՞…

– Էթիկետ բառը կիրառելի է դարձել 17-րդ դարում միայն: Ֆրանսիայում Լյուդովիկոս 14-րդի   գահակալման շրջանում, թագավորական ընդունելության ժամանակ, հյուրերին բաժանվել են հատուկ քարտեր, որոնց վրա գրված են եղել վարվեցողության  մի քանի ընդունելի կանոններ: Ֆրանսիական անվանումից էլ հենց ծագել է էթիկետ բառը եւ հետագայում տարածվելով դարձել է միջազգային: Ժամանակակից էթիկետը ժառանգել է բոլոր ժամանակների բոլոր ժողովուրդների վարքի լավագույն դրսեւորումները: Կարեւոր է, որ էթիկետը շարունակաբար զարգանում է, որը միտված է հասարակական պահանջմունքների կարգավորմանը, որոնք բխում են ոչ միայն ազգային, համաշխարհային ընդունված նորմերից, այլ նաեւ մարդկային հարաբերությունների առանձնահատկություններից։ Օրինակ, տեղեկատվական եւ տեխնոլոգիական փոփոխությունները թելադրում են մարդկային հարաբերությունների, հաղորդակցման նոր կանոններ…

– Վերադառնանք 21-րդ դար, մեր օրեր՝ որտեղ դնել պայուսակը։

– Էթիկետի կանոնների համաձայն՝ ընդունելի չէ պայուսակը դնել սեղանին՝ բացառությամբ «կլատչ» փոքր պայուսակների։ Ներկայումս կան նոր լուծումներ.  կանայք կարող են իրենց մոտ ունենալ համապատասխան պարագա՝ կախիչ, որը պարզ լուծում է այս հարցի։ Իսկ մեզ մոտ վաճառքում կան դրանք, կարելի է պատվիրել նույնիսկ յուրահատուկ դիզայնով։

– Էթիկան ուղղակիորեն նույնացվում է բարձր հասարակության հետ…

– Էթիկան իր ազդեցությունն ունի հասարակական բոլոր շերտերի վրա։ Կարեւոր է նաեւ հաշվի առնել ազգային առանձնահատկությունները։

– Կբերե՞ք մեր ազգին բնորոշ մեկ օրինակ։

– Մեր ազգային էթիկայի յուրահատկությունը գալիս է մեր պատմության խորքերից: Նշեմ մեկ օրինակ. դեռեւս 4-րդ դարում գործում էր Հայ զինվորականության պատվո վարքականոնը, որը հայ զինվորի գաղափարական եւ բարոյահոգեբանական արժեքների համակարգ էր։ Այդ վարքականոնը հասել է մեզ ոչ ամբողջական տեսքով։ Վարքականոնի հիմնական դրույթները հայտնի են տարբեր գրական աղբյուրների ամփոփման արդյունքում։ 5-րդ դարի հայ պատմիչ Փավստոս Բուզանդը իր «Հայոց պատմություն» աշխատությունում մեկ առ մեկ թվարկում է հայ զինվորականի՝ Հայաստան պետության եւ հայ ազգի առջեւ ստանձնած գլխավոր հանձնառությունները…

– Խոսեցինք այն մասին, որ 17-րդ դ. էթիկետը դարձավ այն «այցեքարտը», որն անհրաժեշտ էր բարձր հասարակություն մուտք գործելու համար։ Բայց էթիկետը վերաբերում է հասարակության բոլոր խավերին…

– Էթիկետի նորմերը տարածվում են  անկախ սոցիալական, քաղաքական, մշակութային եւ այլ շերտավորումներից։ Այլ հարց է, որ յուրաքանչյուր հասարակական հարաբերություն ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ՝ այսօր սոցիալական ցանցերում տեղ է գտել ատելության, անհանդուրժողականության խոսույթը, որը միանշանակ բացասական ազդեցություն է թողնում հասարակական գրեթե բոլոր հարաբերություններում, ինչը վտանգավոր է մեր պետության, հասարակական միասնության եւ նոր մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից։ Այստեղ բոլորս, անկախ զբաղեցրած դիրքից ու սոցիալական կարգավիճակից, հստակ անելիք ունենք։ Փաստացի տեսնում ենք տասնամյակներ շարունակ ինքնախաբեության, չկրթվելու, չզարգանալու դրսեւորումներ հասարակական բոլոր հարաբերություններում՝ անձնականից մինչեւ պետական։ Ժամանակն է սթափվենք եւ մեծ ուշադրություն դարձնենք կրթական բարեփոխումներին եւ միասնական օրակարգի ձեւավորմանը, որում կարեւոր տեղ ու դեր ունի  էթիկետը։

–  ԽՍՀՄ տարիներին կրթական համակարգում դասավանդվում էր գեղագիտություն առարկան…

– Այդ բացն այսօր կա մեր կրթական համակարգում, թեեւ որոշ բուհերում ոչ լիարժեք անդրադառնում են  նմանատիպ առարկաների, բայց խնդիրը առկա է։ Այո, բարեվարքության նորմերը պետք է դասավանդվեն ոչ միայն բուհերում, այլեւ ներգրավեն դպրոցական ծրագրում։ Ես կառանձնացնեի նաեւ մեր TV-ների դերը։ Հասարակական տարբեր քննարկումների ժամանակ առաջարկել եմ եւ շարունակում եմ պնդել, որ պետք է հեռարձակվեն հատուկ հաղորդաշարեր, որտեղ կներկայացվեն դրանք։  Վերը նշված խնդրից ելնելով՝ Էթիկայի դպրոցի նոր նախաձեռնություններից է 7-13 տարեկանների համար մշակված հատուկ ծրագիրը, որը միտված է նրանց բարեկրթության եւ հաղորդակցման հմտությունների զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում սպասարկման ոլորտին, շուտով կմեկնարկի հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների համար մատուցողներ, հյուրընկալներ, մենեջերներ վերապատրաստելու հատուկ ծրագիրը։ Նշեմ, որ վերջին շրջանում մեր դպրոց են դիմում պետական եւ մասնավոր կազմակերպություններ՝ աշխատակիցների հաղորդակցման հմտությունների վերապատրաստման հարցով։

– Մեր հասարակությունում խոսակցությունների անբաժան մաս են կազմում քաղաքական վերնախավի վարքագիծը հատկապես արտասահմանյան հանդիպումների ժամանակ։ Կբարձրաձայնե՞ք ձեր  կարծիքը այդ  մասին։

– Պատասխանս միանշանակ չի գոհացնի ձեզ, բայց տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք հայ պետական գործչի վարքականոնի նախագծի մշակման վրա, որտեղ արտացոլված կլինի ձեր կողմից արծարծված հարցը։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728