Այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամները ԱԺ խմբակցություններին փոխանցեցին նախապես ընդունված Արցախյան ազգային ազատագրական պայքարի 35-ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» համահավաքի բանաձեւը:


Մեր դիտարկմանը, որ 1992-ի Գերագույն խորհրդի որոշում կա, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետեւաբար նոր որոշման կարիք ինչո՞ւ է առաջացել, մենք առոչինչ չենք ճանաչել այդ որոշումը՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ այստեղ խնդիրը միջազգային հանրությանն է: Մենք ունե՞նք այնպիսի փաստաթուղթ, որն արգելում է որեւէ պաշտոնյայի ճանաչել Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում: Բայց մենք հիմա գիտենք, որ այսօրվա իշխանավորը, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, հստակ հայտարարել է, որ ինքը ճանաչում է, ինքը գտնում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է: Երկու ելք կա՝ իրեն պատասխանատվության կանչել իրավական տեսանկյունից, որովհետեւ դա խախտում է պետական որոշման, եւ երկրորդը՝ իրեն հեռացնել իշխանությունից, կգան նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք այս հարցը լուծել: Չի կարելի ընդհանրապես լինել պարտվողի դերում»:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս կարող ԱԺ-ն որոշել պատժել Փաշինյանին, ինչպե՞ս են հույս կապում մի խորհրդարանի հետ, որտեղ մեծամասնությունը իշխող ուժն է՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք, հասկանալով, որ նրանք այդ քայլը չեն անելու առանց այդ անձի որոշման, ամեն դեպքում պարտավոր ենք իրենց ներկայացնել այդ պահանջը, ստանալ իրենցից համապատասխան մերժումը եւ շարունակել ժողովրդական շարժման այն գործողությունը, որը մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է: Այդ դեպքում մենք ավելի հստակ հնարավորություն ենք ստանում պահանջելու այս իշխանությունների հեռացումը: Մեր ժողովուրդը պետք է սա հասկանա եւ համախմբվի, դրա համար մեր շարժման անունը դրել ենք «Միասին»,- ասաց Արամ Սարգսյանը:
Շարժման անդամներին հանդիպեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նա մի քանի րոպե առանձնազրույց ունեցավ Արամ Սարգսյանի հետ, վերցրեց շարժման գրավոր պահանջը եւ խոստացավ խմբակցությունում այն քննարկել: Արամ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց խմբակցությունում քննարկմանը մասնակցել իրենց մասնագետներով: Հայկ Մամիջանյանն ասաց, որ շարժման առաջարկը՝ բացառել Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչումը, բխում է մեր Սահմանադրությունից:
Շարժման անդամները 2 շաբաթ ժամանակ են տալիս ԱԺ պատգամավորներին՝ որոշում կայացնելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ





















































