Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու շաբաթ ՀՀ ԱԺ-ին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար. «Միասինի» պահանջը (տեսանյութ)

Փետրվար 20,2023 20:52

«Ամենամեծ երեւակայությամբ անգամ չէինք կարող պատկերացնել, որ շեփորից կսկսենք, հետո կվերադառնանք դուդուկին, բայց այդպես եղավ»,- այսօր՝ Արցախի ազգային-ազատագրական պայքարի 35-ամյակի օրը, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհրդի կազմակերպած համահավաքի ժամանակ իր բացման խոսքում նկատեց խորհրդի անդամ Սերժ Սրապիոնյանը: Համահավաքի մեկնարկին հնչեցին ՀՀ-ի եւ Արցախի օրհներգերը, ապա՝ հայտնի շեփորի երաժշտությունը, որի ժամանակ հավաքվածները բռունցքները վեր բարձրացրեցին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր խոսքը սկսեց 35-ամյա վաղեմության իրադարձություններից, երբ Իգոր Մուրադյանն Ազատության հրապարակում ներկայացնում էր ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, ու դա սկիզբն էր Ղարաբաղյան շարժման: Ստեղծված այս նոր իրավիճակում Արամ Սարգսյանն արձանագրում է. ԱՀ-ն ձեւավորվել է օրինական ճանապարհով, ու մեր մեղքն է, որ չենք ճանաչել Արցախի անկախությունը, բայց դա պետք է անենք ու պետք է անենք ազգովին:

Իր բնութագրմամբ՝ իրենց խաղաղության աղավնի հորջորջող ՀՀ իշխանությունը դարձել է «խաղաղության ղուշ՝ այս ու այն կողմ թռչկոտելով ու մեզ դնելով նման իրավիճակի մեջ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Միջոցառման ավարտին ընդունվեց բանաձեւ, որին միացել են 21 կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ: Բանաձեւում երեք պահանջ կա ձեւակերպված.

Ա․ ՀՀ Ազգային ժողովից երկշաբաթյա ժամկետում՝ ի պատասխան Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը, ճանաչել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակը՝ առաջնային համարելով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման անհրաժեշտությունը։

Բ․ Դիմում ենք ՀՀ և Սփյուռքի քաղաքական-հասարակական կազմակերպություններին՝ նախաձեռնել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համընդհանուր գործընթացը։

Գ. Հանրային անվստահություն ենք հայտնում ՀՀ կառավարության և վարչապետի մինչ այս պահը վարվող պետականակործան արտաքին քաղաքական գծին։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Իր ամփոփիչ ելույթում էլ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի է, ինչ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեն դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին, որ ինքն ու Հայ առաքելական եկեղեցին առաջնորդեն հանրությանը: Արամ Սարգսյանը կարծում է, որ եթե այս շարժումն այնպիսին լինի, որն իրապես ներկայացնի ժողովրդի լայն հատվածը, Կաթողիկոսը պետք է առաջնորդի այն:

Իսկ համահավաքը վարող Սերժ Սրապիոնյանը տեղեկացրեց, որ մի քանի օր հետո հանրությանը կներկայացվի ճանապարհային քարտեզ, որով, իրենց կարծիքով, հնարավոր կլինի հեռացնել այս իշխանությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728