Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչել Արցախի Հանրապետությունը, արգելել այն մտցնել Ադրբեջանի կազմ. «Միասին» շարժման անդամները ԱԺ-ին փոխանցեցին իրենց պահանջները

Փետրվար 24,2023 18:12

Այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամները ԱԺ խմբակցություններին փոխանցեցին նախապես ընդունված Արցախյան ազգային ազատագրական պայքարի 35-ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» համահավաքի բանաձեւը:

Շարժման նախաձեռնող, ՀԴԿ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դրանով ԱԺ-ից պահանջում են ճանաչել Արցախը, բայց ոչ թե ճանաչել՝ որպես անկախ պետություն, այլ ճանաչել Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակը՝ Ադրբեջանից. «Առաջին քայլը պետք է լինի այն, որ մենք հստակ նշենք՝ Արցախը Ադրբեջանի կազմից օրինական ճանապարհով դուրս է եկել եւ այստեղ շատ կարեւոր երկու ճշգրտում կա՝ նա կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում եւ դրա հետ միասին, դուրս գալով Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից՝ չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը, որովհետեւ դուրս է եկել իր տարածքով, իր սահմաններով, իր ժողովրդով եւ իր իշխանությունով, սա պետականության 4 տարրերն են»:

Մեր դիտարկմանը, որ 1992-ի Գերագույն խորհրդի որոշում կա, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետեւաբար նոր որոշման կարիք ինչո՞ւ է առաջացել, մենք առոչինչ չենք ճանաչել այդ որոշումը՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ այստեղ խնդիրը միջազգային հանրությանն է: Մենք ունե՞նք այնպիսի փաստաթուղթ, որն արգելում է որեւէ պաշտոնյայի ճանաչել Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում: Բայց մենք հիմա գիտենք, որ այսօրվա իշխանավորը, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, հստակ հայտարարել է, որ ինքը ճանաչում է, ինքը գտնում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է: Երկու ելք կա՝ իրեն պատասխանատվության կանչել իրավական տեսանկյունից, որովհետեւ դա խախտում է պետական որոշման, եւ երկրորդը՝ իրեն հեռացնել իշխանությունից, կգան նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք այս հարցը լուծել: Չի կարելի ընդհանրապես լինել պարտվողի դերում»:

Ինչպե՞ս կարող ԱԺ-ն որոշել պատժել Փաշինյանին, ինչպե՞ս են հույս կապում մի խորհրդարանի հետ, որտեղ մեծամասնությունը իշխող ուժն է՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք, հասկանալով, որ նրանք այդ քայլը չեն անելու առանց այդ անձի որոշման, ամեն դեպքում պարտավոր ենք իրենց ներկայացնել այդ պահանջը, ստանալ իրենցից համապատասխան մերժումը եւ շարունակել ժողովրդական շարժման այն գործողությունը, որը մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է: Այդ դեպքում մենք ավելի հստակ հնարավորություն ենք ստանում պահանջելու այս իշխանությունների հեռացումը: Մեր ժողովուրդը պետք է սա հասկանա եւ համախմբվի, դրա համար մեր շարժման անունը դրել ենք «Միասին»,- ասաց Արամ Սարգսյանը:

https://www.youtube.com/watch?v=Tj3gXmqsSdE&ab_channel=AravotDaily

Շարժման անդամներին հանդիպեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նա մի քանի րոպե առանձնազրույց ունեցավ Արամ Սարգսյանի հետ, վերցրեց շարժման գրավոր պահանջը եւ խոստացավ խմբակցությունում այն քննարկել: Արամ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց խմբակցությունում քննարկմանը մասնակցել իրենց մասնագետներով: Հայկ Մամիջանյանն ասաց, որ շարժման առաջարկը՝ բացառել Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչումը, բխում է մեր Սահմանադրությունից:

Շարժման անդամները 2 շաբաթ ժամանակ են տալիս ԱԺ պատգամավորներին՝ որոշում կայացնելու համար:

https://www.youtube.com/watch?v=LZLTE9gQ2R0&ab_channel=AravotDaily

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728