«Ապագա հայկականը» եւ «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապով ողջունելով «Ապագա հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովին՝ ասաց. «Ուզում եմ բոլորիդ ողջունել Ստեփանակերտից եւ ասել, որ չնայած բոլոր դժվարություններին, կյանքը շարունակվում է, մարդիկ ապրում են կյանքով, պահպանում ոգին եւ արժանապատվությունը, զգացողությունը, որ մենք չենք հանձնվել եւ չենք հանձնվելու: Կողքի դպրոցից լսվում է երեխաների ձայնը: Արցախցիները շատ դիմացկուն են: 90-ական թվականներին, երբ արցախյան առաջին պատերազմն էր ու արցախցիները կրկին չունեին ոչ լույս, ոչ գազ եւ ավելի վատ վիճակում էին, երեխաները էլի դպրոց գալիս էին, նստում վերարկուներով եւ այդ ցրտին սովորում էին: Իրենց պահանջը, որ դպրոցները չպետք է փակվեն, ու չնայած ծանր պայմաններին դասերը պետք է շարունակվեն, շատ կարեւոր է մեր բոլորի համար: Չնայած երեկվանից էլի գազամատակարարման խնդիրներ կան, բայց դասերը շարունակվում են: Հիմա մի փոքր ավելի հեշտ է, որովհետեւ եղանակները լավ են եւ այնքան էլ ցուրտ չէ դասասենյակներում»:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե պետնախարարի պաշտոնը թողնելուց hետո ինքը հայտարարել է, որ մնալու է Արցախում եւ խոստումը կատարում է, եթե կառավարման համակարգում ինքը անհամեմատ շատ բան կարող էր անել, ապա հիմա ինչպե՞ս է կարողանալու Արցախի համար արդյունավետ քայլեր իրականացնել՝ Ռուբեն Վարդանյանն ասաց. «Առաջին հերթին ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ մենք մեր ծրագրերը սկսել էինք ավելի շուտ, քան Արցախ իմ տեղափոխվելը: Տարածքային զարգացման «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը զարգացման եւ անվտանգության շուրջ ծրագրեր էր մշակել: Այդ առումով, սեպտեմբերին Արցախ գալու իմ նպատակն էր, որպեսզի պետական-մասնավոր համագործակցության մոդելն իրականացնենք, որովհետեւ ես վստահ եմ, որ խնդիրների այն քանակը, որ կանգնած է մեր առջեւ տարբեր ոլորտներում, չի կարող լուծվել միայն պետության կողմից: «Մենք ենք, մեր սարերը» շատ կարեւոր դեր էր խաղալու: Եվ վերջին վեց ամսվա մեջ շատ ծրագրեր է իրականացրել:
Ես վստահ եմ նաեւ, որ երբ խոսում ենք հայրենական պատերազմի մասին, ամբողջ հասարակությունը պետք է մասնակցի պայքարին եւ ամեն մեկը պետք է իր լուման դնի այդ գործում: Մենք միշտ պատրաստ ենք, միշտ արել եւ անում ենք ու աշխատում ենք եւ կառավարության, եւ Ազգային ժողովի եւ ուրիշ ինստիտուտների հետ: Այլ ճանապարհ մենք չենք տեսնում: Ամբողջ ժողովուրդը պետք է միախմբվի եւ հասկանա, որ այս դժվարությունները հաղթահարելու միակ ճանապարհը մեկ ամուր բռունցք դառնալն է»:

Կարդացեք նաև

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































